կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 17:50
Առանց Կատեգորիա

Հարկային և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները չեն նպաստելու աղքատության կրճատմանը

Հարկային և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները չեն նպաստելու աղքատության կրճատմանը

Օրերս հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ նախատեսվում է մեր երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Տարբեր հրապարակումներով առիթ ունեցել ենք ներկայացնելու կառավարության այս ծրագրի բովանդակության վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ՝ առարկայական հիմնավորումներով: Այս հրապարակմամբ էլ անդրադառնանք ցածր եկամուտներ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ ավելացման նպատակադրմանը, որն այս ծրագրում օբյեկտիվորեն դիտվում է որպես աղքատ բնակչության շրջանում աշխատանքի քաջալերման և աղքատության հաղթահարման հիմնական գործիք:

Բնականաբար, այս նպատակի իրագործման հիմնական գործոններ պետք է դիտվեն հարկային և աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման ոլորտում նախատեսված փոփոխությունները: Նախ՝ ծրագրում արձանագրում ենք, որ նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապվում է միայն մակրոտնտեսական ցուցանիշների հետ: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման և եկամուտների արդար բաշխման տեսանկյունից՝ դրա հիմքում պետք է հավասարապես լինեն նաև սոցիալական ոլորտի հիմնական բնութագրիչները, հատկապես՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքը: Այս պահանջն ամրագրված է Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայով, որը մեր երկիրը վավերացրել է: Անհրաժեշտ է, որ այս պահանջը լիարժեք իրացվի նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը չի բարձրացել արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ ինչպես կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից, այնպես էլ միջին աշխատավարձի 50 տոկոսից: Ի դեպ, այս իրավիճակը հակասում է մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Պետք է արձանագրել նաև, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման, գործատու-աշխատող իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման համար անհրաժեշտ պայման: Սա միակ օբյեկտիվ այն հարթակն է, որը պետք է ապահովի նաև աշխատողների վարձատրության և սոցիալական այլ երաշխիքների շարունակական ավելացումը: Այս բնագավառի իրավական հիմքերը ևս լիարժեք չեն, առկա են մի շարք օրենսդրական հակասություններ: Ասենք, օրինակ, օրենքներով նախատեսված գործադուլի իրավունքի սահմանափակումները շարունակում են հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին:

Մյուս կողմից՝ պետական վերահսկողության տիրույթից դուրս են մնացել աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ՝ վարձատրության իրավունքը, նվազագույն հանգստի իրավունքը, առավելագույն աշխատաժամանակի իրավունքը, աշխատավայրում դժբախտ դեպքերի արդյունքում աշխատողների վնասի հատուցման իրավունքը և այլն:

Աշխատանքային օրենսդրության հենց այս խնդիրների համակարգային լուծումները պետք է հանդիսանային կառավարության կողմից ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգը, որոնք, սակայն, բավարար արտացոլված չեն ծրագրում:

Կառավարության ծրագրով հարկային համակարգում նախատեսվող փոփոխություններն էլ ուղղակի հակադրվում են ցածր եկամուտների առաջանցիկ աճ ապահովելու հիմնական նպատակադրմանը: Մասնավորապես` նախատեսվում է գործող եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել, որի պարագայում աշխատող աղքատների հարկային բեռը մնալու է նույնը՝ 23 տոկոս: Նախատեսված չէ նաև եկամուտի չհարկվող շեմ, օրինակ` կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով: Փոխարենը էապես նվազելու է բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի դրույքաչափը՝ 36 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փաստորեն, գործատուների համար չի լինելու որևէ խթան ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունն առաջանցիկ ավելացնելու համար: Պետական բյուջեի մուտքերի կրճատումն էլ նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ: Սա էլ անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական գների բարձրացման՝ սոցիալական բոլոր բացասական հետևանքներով:

Այնինչ` օբյեկտիվորեն ենթադրվում էր, որ արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու ու աշխատանքը խթանելու, արդյունքում՝ աղքատությունը նվազեցնելու` կառավարության նպատակադրումների ներքո հարկային և աշխատանքային ոլորտների օրենսդրական փոփոխությունները պետք է լինեին միաժամանակյա, փոխլրացնող և միտված ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ