կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 18:30
Տնտեսական

Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն խթանի տնտեսական ակտիվությունը, նոր ներդրումներ չեն ներգրավվի. տնտեսագետ

Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն խթանի տնտեսական ակտիվությունը, նոր ներդրումներ չեն ներգրավվի. տնտեսագետ

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

- Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

- 2016-ին Հարկային օրենսգիրքն ընդունվեց երկար քննարկումներից և ուսումնասիրություններից հետո` այն ակնկալիքով, որ երկար ժամանակ` 4-5 տարի այդ օրենսգրքում որևէ արմատական փոփոխություն չի լինելու, իսկ հարկ վճարողների կողմից հարկային համակարգն ավելի կանխատեսելի և ավելի քիչ ռիսկային է լինելու: Սակայն հենց հաջորդ իսկ տարվա ընթացքում Հարկային օրենսգիրքը մի քանի անգամ փոխվեց, փոփոխություններ եղան նաև անցած տարիներին: Հիմա էլ զգալի փոփոխություններ են նախատեսված` կապված շրջանառության, եկամտային հարկի հետ: Հարկային օրենսգրքի` առաջարկվող փոփոխությունները մեր տնտեսության վրա զգալի ազդեցություն չեն կարող ունենալ` դրանք չեն խթանի տնտեսական ակտիվությունը, նոր ներդրումներ չեն ներգրավվի, փոքր և միջին բիզնեսի շրջանառությունը, մրցունակությունը չեն ավելացնի:

- Ի՞նչ է նախատեսվում այս փոփոխություններով, և արդյո՞ք հարկային բեռի թեթևացմանն է սա միտված:

- Նախատեսված է շրջանառության հարկը 58-ից 115 մլն դրամ դարձնել, այսինքն` մինչև 115 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են օգտվել շրջանառության հարկից, ասել է, թե` նրանք շրջանառության որոշակի տոկոսով հարկ են վճարում և որևիցե ուրիշ հարկ չեն վճարում: Բայց, միևնույն ժամանակ, առանձին ուղղություններով նախատեսված է շրջանառության հարկի տոկոսադրույքների աճ, մասնավորապես` հանրային սննդի օբյեկտների դեպքում, օրինակ` 2018-ին գործել է 6 տոկոս շրջանառության հարկ, որն այժմ դառնալու է 8 տոկոս, իսկ 2020-ին այն կդառնա 10 տոկոս: Սա զգալի բեռ է հանրային սննդի օբյեկտների համար, քանի որ այստեղ այնքան էլ բարձր չէ շահութաբերությունը, որ նրանք կարողանան իրենց շրջանառության 10 տոկոսը վճարել ու շարունակել իրենց գործունեությունը: Սա հարված է փոքր ու միջին բիզնեսին: Պետք է ամեն դեպքում գնահատել այդ ռիսկերը և վերլուծել, թե այս պահի դրությամբ որքանով է նպատակահարմար լրացուցիչ հարկային բեռ դնել հանրային սննդի օբյեկտների վրա:

Բացի այդ` բարեփոխումների փաթեթում որդեգրված է եկամտային հարկի համահարթեցման մոտեցումը. անկախ եկամտի չափից` բոլորը պետք է վճարեն 23 տոկոս եկամտահարկ, ինչը ո՛չ տնտեսապես, ո՛չ սոցիալապես արդարացված չէ:

Առանձին ապրանքների, օրինակ` ալկոհոլային ապրանքների դեպքում ակցիզային հարկի բարձրացում կլինի, որի նպատակն է համահարթեցման արդյունքում նվազեցված հարկերը փոխհատուցել: Քանի որ շատ հարկ վճարողները սկսել են քիչ վճարել, և արդյունքում` պետական բյուջեում դեֆիցիտ կառաջանա, այն ուզում են լրացնել ակցիզային հարկի շնորհիվ: Այսինքն` ալկոհոլային խմիչքների վրա հարկը կավելանա, և այդ հարկը կսկսեն վճարել բոլորը` անկախ նրանից, թե նրանց եկամուտը որքան կլինի: Ըստ էության` հարկումը տեղափոխում են դեպի սպառում, որն արդարացված չէ: Սա ռեգրեսիվ հարկային քաղաքականության մոտեցում է, երբ գործում է «Շատից քիչ, քչից շատ» անարդար մոտեցումը:

Շարունակվելու է նաև նախորդ տարիներին ներդրած` ընտանեկան ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը` նախկին 18 մլն-ի փոխարեն դառնալու է 20 մլն, սակայն այդ փոփոխությունը չի տարածվելու առևտրի իրականացման վայրերում, մասնավորապես` տոնավաճառներում, շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների վրա: Դա վերաբերելու է տոնավաճառից դուրս գործողներին, և այդ փոփոխությունից չեն կարող օգտվել նաև ծառայության ոլորտում աշխատող տնտեսվարողները: Համաձայն այդ ռեժիմի` մինչև 20 մլն շրջանառություն ունեցողներն ազատվում են գրեթե բոլոր հարկերից և շատ թեթև հարկային բեռի տակ են:

Հարկային օրենսգրքի բարեփոխումները պետք է դիտարկել ընդհանուր տնտեսական բարեփոխումների համատեքստում` հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի` տեղական տուրքերի և վճարների բարձրացումը: Հունվարի 1-ից շեշտակիորեն բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները, օրինակ` հանրային սննդի, առևտրի իրականացման վայրերի դեպքում, սեղմված գազի, կարաոկեների, բարերի և այլ գործունեությունների դեպքում: Այսինքն` նախատեսվում է տեղական տուրքերի աճ, իսկ այն հնարավոր իջեցումները, որ նախատեսված են Հարկային օրենսգրքով, չեզոքացնում են Երևան քաղաքի տուրքերի և վճարների բարձրացումը, այսինքն` մի տեղ նվազեցվում է, մյուս տեղում` մի քանի անգամ բարձրացվում:

Միաժամանակ, այս իշխանությունները առաջարկում են բարձրացնել գույքահարկը, մասնավորապես` 300 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաների դեպքում գույքահարկը կավելանա գրեթե 3 անգամ:

- Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը դառնում են 25 500 դրամ: Սա ի՞նչ խնդիր է լուծում:

-Բարեփոխումների փաթեթում նվազագույն պարենային ապահովման շեմ է առաջարկվում` 25 500 ՀՀ դրամ, այսինքն`  նպաստներն ու կենսաթոշակները դրանից ցածր չեն կարող լինել: Փոփոխությունը վերաբերում է շուրջ 18 000 թոշակառուների, ինչպես նաև մեծ թվով նպաստառուների, ընդհանուր առմամբ` 80 000 մարդ օգտվելու է այս ֆինանսական աջակցությունից: Անշուշտ, ողջունելի է այս աջակցությունը, սակայն մեր նպատակը ոչ թե պետք է լինի նվազագույն պարենային զամբյուղի ապահովումը, այլ նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը: Տեսեք` որպեսզի մարդն աղքատ չհամարվի, պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի եկամուտ ունենա , իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է մոտ 60 000 ՀՀ դրամ: Ստացվում է` վերոնշյալ փոփոխության դեպքում 25 500 դրամ ստացողները չեն համարվի ծայրահեղ աղքատ, բայց կհամարվեն աղքատ:

- Ավտոմեքենաների մաքսազերծման նոր համակարգն ի՞նչ է իրենից ենթադրում:

- Ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված իրավիճակը կախված է տարբեր գործոններից: Այն, որ 2020-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը շեշտակի աճելու են, հանգեցրել է նրան, որ հիմա շատ մեքենաներ են ներմուծվում ՀՀ, ինչի հետևանքով մաքսազերծման կետերում հերթեր են առաջանում: Նախորդ տարի ՊԵԿ-ը որդեգրեց աշխատաոճ, ըստ որի` ինվոյսով պետք է իրականացնի բոլոր մաքսազերծումները, այսինքն` ինչ գին նշված է հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) մեջ, դա էլ պետք է համարվի հիմք մաքսային արժեքը որոշելու և մաքսազերծելու համար: 2018 թվականի ընթացքում բազմաթիվ ավտոներմուծողներ ավտոմեքենաներ էին ներմուծում կեղծված կամ իրականությանը չհամապատասխանող ապրանքագրերով, որոնց միջոցով վճարում էին ավելի քիչ մաքսեր, հարկեր: Այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո ՊԵԿ-ը որոշում կայացրեց վերանայել իր քաղաքականությունը և երրորդ երկրներից ներմուծվող վթարված ավտոմեքենաների արժեքը ոչ թե որոշել հաշիվ- ապրանքագրերով, այլ փորձագետների խմբի կողմից. նրանք գնահատելու են կոնկրետ ավտոմեքենաների արժեքը և դրան համապատասխան մաքսատուրքերն են հաշվարկելու: Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որը պետք է նվազեցնել: Այդ ռիսկերի  նվազեցման առաջին քայլը կլինի այն, որ փորձագիտական հանձնաժողովը հրապարակի, թե ի՞նչ սկզբունքներով է գնահատելու ավտոմեքենայի մաքսային արժեքը, ավտոմեքենայի կոնկրետ առանձին դետալների անսարքությունն ի՞նչ մեթոդաբանությամբ է հաշվարկելու,  հակառակ դեպքում` այստեղ շատ չարաշահումներ կարող են լինել: Փորձագետների ներառման փոփոխությունով պայմանավորված էլ` մաքսազերծման կետերում իրարանցում սկսվեց, քանի որ մարդկանց համար դա նորություն էր: Հիմա խնդիր կա` գործընթացը ճիշտ բացատրելն ու գործադրելը և, ամենակարևորը, այս համակարգն արդար կիրառելը: Եթե արդար կիրառվի, գուցե ներմուծողների կողմից վստահություն կստանա և կսկսի գործել: Ամենամեծ խնդիրն այժմ հերթերն են. մաքսազերծման կետերի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար գուցե պետք է անցնել 24-ժամյա ռեժիմի կամ այդ կետերի թիվն ավելացնել, որ նման հերթեր չլինեն:

-Նոր սերնդի ՀԴՄ սարքերի վերաբերյալ ՊԵԿ նախագահն ասում էր, որ պարտադիր չէ գնեն իրենց կողմից ներմուծված ՀԴՄ սարքերը, այլ պարզապես պետք է գնել այն սարքերը, որոնք համապատասխանում են այսինչ չափանիշներին: ՊԵԿ նախագահի խոսքով` իրենք ազատականացրել են ոլորտը: Արդյո՞ք նրանց սահմանած չափանիշներով ՀԴՄ սարքեր կան շուկայում, բացի նրանց առաջարկածից:

-Հիմա բոլոր տնտեսվարողները պետք է ներդնեն նոր սերնդի ՀԴՄ-ներ: Մնացել են մինչև 10 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողները, որոնք փոքր, գերփոքր ձեռնարկություններն են: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, հատկապես` տոնավաճառների, շուկաների տնտեսվարողները դեռևս չեն դրել այդ սարքերը: Հարկայինն էլ, իր հերթին, ծանուցում է իրականացնում, որ տեղադրեն, քանի որ հակառակ պարագայում նրանք կարող են տուգանվել 150 000 ՀՀ դրամի չափով: Սա լուրջ վարչական տուգանք է փոքր կամ գերփոքր տնտեսվարող սուբյեկտների համար: Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջարկին, որ տնտեսվարողները կարող են գնել ոչ իրենց ներմուծած ՀԴՄ սարքերը, ապա նրանց սահմանած չափանիշներին համապատասխան սարքեր առաջարկողներ այս պահին  շուկայում չկան, այսինքն` այս պահին այլընտրանք չկա: Բացի այդ` հետաքրքիր համակարգ են ներդրել` տնտեսվարողները 10 000 ՀՀ դրամ կանխավճար են վճարում ու շարունակում հին ՀԴՄ սարքով աշխատել` մինչև նոր ՀԴՄ-ն ներմուծվի, և այն տրամադրեն տնտեսվարողին, այսինքն` նախօրոք դառնում ես նրանց ՀԴՄ-ի գնորդը, և եթե հետագայում ինչ-որ մեկն ավելի մատչելի գնով այդ սարքից բերի, դու այլևս չես կարող այն գնել:

Կ. Հ.