Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիսաքանդ շենքերի ու այրված մեքենաների ֆոնին քայլող զինվորներ` գրոհային հրացաններով. սա Վաշինգտոնի ժողովրդավարական կառավարման ներքո «բարգավաճող» Իրաքի պատկերներ չեն, այլ հենց ԱՄՆ-ի այսօրվա իրականությունը: Անկարգություններ, հրդեհումներ, դիակապտություն, վանդալիզմ, ազգային դրոշների այրում, հարձակումներ ոստիկանական բաժանմունքների վրա ամերիկյան մի քանի նահանգներում ու տասնյակ քաղաքներում, որտեղ պարետային ժամ է: ԱՄՆ-ում տեղի ունեցողը անմիջապես մի քանի հարցեր է ծնում, որոնցից ամենաօրախնդիրը մտորումներն են, թե իսկապե՞ս այսօր ռասիզմը ԱՄՆ-ի համար լուրջ խնդիր է, և ո՞ւմ շահերին է ամենաշատը պատասխանում ամերիկյան փողոցային բռնության պարոքսիզմը: Այս հարցերին, ըստ yerkir.am-ի, EADaily-ում հրապարակած հոդվածում պատասխանում է Կիրառական հետազոտությունների և ծրագրերի կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Արտյոմ Ֆիլիպովը:
Ջորջ Ֆլոյդի մահը հերթական անգամ ցուցադրեց ամերիկյան հասարակության խորը պառակտումը դեմոկրատական ճամբարի համախոհների և Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջև: Քաղաքական ընդդիմախոսների կարծիքները համընկնում են մի բանում, որ Ֆլոյդի սպանությունը ոստիկանների կողմից, անշուշտ, հանցագործություն է, սակայն արմատապես հակառակ հայացքներ ունեն կատարվող իրադարձությունների իրական պատճառների վերաբերյալ:
Ամերիկացի լիբերալները մատնանշում են ԱՄՆ իրավապահ մարմինների վերածվելը արտոնյալ դասի, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր չարաշահումների համար: Լիբերալ ԶԼՄ-ների մեծ մասը Ֆլոյդի սպանությունը բնութագրել է որպես համակարգված ռասիզմի դրսևորում ոստիկանության կողմից, որի նկատմամբ վստահություն հասարակությունը վաղուց չունի: Սակայն խնդիրը դուրս է գալիս, այսպես կոչված, «որակավորված իմունիտետի» շրջանակներից, որը կառավարական պաշտոնյաներին ու իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլ է տալիս խուսափել դատական հետապնդումներից ծառայողական պարտականության շրջանակներում դիսկրեցիոն գործողությունների համար: Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է նոր արգելքների ու կանոնների ի հայտ գալուն, որոնք ավելի են ընդլայնում ոստիկանության լիազորությունները, հետևաբար` ավելի հաճախ են սադրում նրան չարդարացված կոշտ գործողությունների:
Թրամփի կողմնակիցները համաձայն են, որ ԱՄՆ-ում սևամորթները նախկինի պես քիչ են կրթված, քան սպիտակամորթները, ապրում են ավելի վատ պայմաններում, անհավասարաչափ հաճախ հայտնվում են ճաղերի հետևում և մահանում Covid-19-ից, սակայն նաև նշում են, որ սևամորթ ամերիկացիների մեծ մասն այսօր ունի տուն և հիփոթեք, լավ աշխատատեղեր, այդ թվում` իշխանության մարմիններում, և, ընդհանուր առմամբ, նրանք ու նրանց երեխաները ներգրավված են ժամանակակից ամերիկյան կյանքում այնպիսի մակարդակով, որի մասին անհնար էր պատկերացնել Մարտին Լյութեր Քինգի ժամանակ: Ու թեև դեռևս պահպանվում են աֆրոամերիկյան աղքատության օջախներ, սև գետտոների համատարած աղքատություն, անիրավություն և անհուսություն այսօր գործնականում չկա:
Մինեապոլիսը ԱՄՆ-ի ամենաառաջադեմ քաղաքաներից է, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում են դեմոկրատ քաղաքագլուխներ, որոնք, ըստ քաղաքի կանոնակարգի, լիակատար իշխանություն ունեն ոստիկանական վարչությունների վրա: Քաղաքային խորհրդում նույնպես գերակշռում են դեմոկրատները: Մինեսոտա նահանգը ղեկավարվում է դեմոկրատ նահանգապետի կողմից և համարվում է Դեմոկրատական կուսակցության պատվարներից մեկը: Փաստը, որ ոստիկանական դաժանության զազրելի էպիզոդը տեղի է ունեցել հենց այդտեղ, խոսում է այն մասին որ Մինեապոլիսում և նման «կապույտ» քաղաքներում տեղի են ունենում շատ բաներ, որոնք չեն համապատասխանում լիբերալ դիսկուրսին:
Ամերիկյան ձախ իսթեբլիշմենթը` քաղաքական գործիչներից մինչև Հոլիվուդի աստղեր ու ԶԼՄ-ներ, վերջին երեք տարիներին ամերիկացիներին պատմում էր, որ Թրամփը հաղթել է անազնվորեն, որ նա ռասիստ է և ամերիկյան շահերի դավաճան: Այդ պատերազմում ռասայական հարցը հակառակորդ կողմին թուլացնելու գործիքներից է, սակայն դրանից օգտվել հարկավոր է չափազանց զգուշորեն: Ատլանտայում (նույնպես ղեկավարվում է դեմոկրատների կողմից) ձախ լիբերալ բարձրախոս CNN հեռուսաընկերությունը` Թրամփի ամենաանհաշտ թշնամիներից մեկը, հանկարծ հայտնաբերել է հին իմաստության անվիճարկելիությունը` ինչ ցանել ես, այն կհնձես, երբ ջարդարարները ներխուժել են հեռուստաընկերության գրասենյակը` կորպորատիվ արյան ծարավով առաջնորդվելով: Հավանորեն, ոչ պակաս կոգնիտիվ դիսոնանս է զգացել CNN-ի թղթակիցը, որը փողոցից ուղիղ ռեպորտաժ վարելու ժամանակ գլխին շշով հարված է ստացել հենց այն պահին, երբ հեռուստադիտողներին պատմելիս է եղել «հիմնականում խաղաղ ցույցերի» մասին:
Տպավորություն է, որ ԱՄՆ-ի ցույցերը չէին հասնի այդպիսի լարվածության, չնայած Ջորջ Ֆլյոդի սպանության կապակցությամբ հանրության ողջ վրդովմունքին ու ինքնամեկուսացման ընթացքում կուտակված էներգիային, եթե չլիներ լավ կազմակերպված ձախ ծայրահեղականների մասնակցությունը: Ամերիկյան ԶԼՄ-ները աջ ռասիզմի ու սպիտակ արմատականների մասին խոսակցությունների հետևում մոռացել էին փոքր-ինչ ուշադրություն դարձնել ձախ անարխիստական ընդհատակին, որը վաղուց կազմակերպել էր իր «մարտական» ջոկատները` գաղափարապես համախմբված ու մարզված: Այսօր ծայրահեղ ձախերն Ամերիկայում բանկերը, ոստիկանական բաժանմունքները և նույնիսկ թանկարժեք ավտոմեքենաները դիտարկում են որպես կոռումպացված ինստիտուտների խորհրդանիշեր, որոնք անհրաժեշտ է ոչնչացնել:
Ինչո՞ւ Մինեապոլիսի սովորական քաղաքացիները պիտի այրեն գրադարաններ ու գրասենյակներ: Շատ արագ փողոցային ապստամբությունների վերաճած ամերիկյան «խաղաղ» ցույցերի տեսանյութերում ու լուսանկարներում կարելի է, օրինակ, տեսնել սև դիմակներով ու ականջակալներով, զինվորական հակագազերով ու Մոլոտովի կոկտեյլներով լի ուսապարկերով մարդկանց: Սոցցանցերը լի են քողարկված ոստիկանների բացահայտման օրիանկներով, որոնք ձգտում են մարգինալացել ցույցերը, դարձնել դրանք իսկական փողոցային անկարգություններ: Ձախ արմատականները և կառավարական գործակալները, ըստ էության, գործում են տոտալ Մեծ եղբոր կողմից, և չափազանց ճիշտ են The New York Times-ի` վերջերս հրապարակված հոդվածում բերվում օրինակներ, թե ինչպես են փողոցային անկարգությունները պատմականորեն ծառայում ցանկացած բողոքի ակցիայի պետական ճնշման հնարավորությունների ընդլայնմանը:
Շաբաթ օրը Թրամփը մեղադրեց ամերիկյան «Անտիֆա»-ին բռնության և վանդալիզմի մեջ, իսկ կիրակի սպառնաց, որ կազմակերպությունը կճանաչվի ահաբեկչական` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հանրապետականամետ FOX News-ը կշտամբեց դեմոկրատ նահանգապետերին, որ կանխամտածված ձգձգում են փողոցային ապստամբությունների ճնշումը, իսկ Օբամայի նախկին խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարեց «ռուսական մեթոդական ձեռնարկի» մասին, որով կարող էին կազմակերպվել ամերիկյան անկարգությունները: Ռայսի խոսքով` այդպիսի համոզման ինքը եկել է` «սեփական» փորձից» ելնելով:
ԱՄՆ ընթացիկ օրակարգի գլխավոր խնդիրներից են նոյեմբերյան ընտրությունները և այն, թե ինչպես են հիմնական հակառակորդները` Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը, օգտագործելու փողոցային բռնության բռնկումներն ի շահ իրենց: Ընտրություններից մոտ վեց ամիս առաջ Թրամփը բախվում է իր քաղաքական կարիերայի, հավանորեն, ամենագլխավոր մարտահրավերներին` կորոնավիրուսի համավարակը, որն արդեն 100 հազար կյանք է խլել, մկանների ցուցադրությունը Չինաստանի հետ, ամերիկյան հասարակության շրջանում դարձյալ ռասիզմի հարցի ծագումը; Սրանք լրջորեն բարդացնում են նախագահի նախընտրական արշավը:
The Washington Post-ի և ABC News-ի վերջին հարցումների համաձայն` Բայդենն առաջ է անցել Թրամփից 10 կետով` 53 տոկոս` ընդդեմ 43-ի: Իսկ Quinnipiac Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ աֆրոամերիկացիների 81 տոկոսը նախընտրում է նախկին փոխնախագահին: Սակայն դեմոկրատների ֆավորիտի համար ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես թվում է: Նախ` Բայդենի անձնական վարկանիշը նվազել է անցյալ աշնանը յոթ կետով, երկրորդ` Հիլարի Քլինթոնի օգտին նախկին ընտրություններում պատրաստ էր քվեարկել սևամորթ քաղաքացիների 88 տոկոսը, սակայն դա նրան շատ չօգնեց, որովհետև աֆրոամերիկացիների մասնակցությունը 2016-ին զգալիորեն նվազել էր` Օբամայի ժամանակների համեմատ, և երրորդ` Թրամփի ընտրազանգվածի 84 տոկոսը լավ մոբիլիզացված է և պատրաստ մասնակցել ընտրություններին, մինչդեռ Բայդենի կողմնակիցների ընդամենը 68 տոկոսն է մտադիր գնալ ընտրատեղամասեր կամ քվեարկել փոստով:
Թրամփի նախընտրական հիմնադրամը 2 անգամ մեծ է, քան Բայդենինը: Արդեն հիմա ԱՄՆ նախագահն իր հակառակորդից առաջ է քաղաքական գովազդի տեղադրման հարցում 3 անգամ: Ընդհանրապես, 2020-ի նախագահական ընտրարշավը տարբերվում է լուրջ թվայնացմամբ, այսինքն`Թրամփի շտաբը էլեկտրոնային ընտրազանգվածային առաջատար տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդներից ավելի ակտիվ: Թրամփի ռազմավարությունն ուղղված է երկու գաղափարի տարածմանը. առաջին` որ համավարակի դեմ իր պայքարով փրկեց միլիոնավոր կյանքեր, և երկրորդ` խոստում, որ Թրամփի ղեկավարությամբ տեղի կունենա «ամերիկյան փոխակերպում» ազգային տնտեսության վստահ աճի տեսքով երրորդ և չորրորդ եռամսյակներում: Սպիտակ տան ղեկավարը կարիք ունի լավ նորությունների, այդ պատճառով Crew Dragon-ի հաջող արձակումը հիանալի դրական առիթ էր ներքին լսարանին բացասական օրակարգից շեղելու համար:
Բայդենի հիմնական նպատակը մինչ այս կենտրոնացած էր այն բանին, որ ընտրությունները վերածվեն Թրամփի հարցով հանրաքվեի: Փորձագետները նշում են, որ սոցցանցերի հետ Թրամփի բոլոր պատերազմների ֆոնին Բայդենի համար լավագույն ելքը կլիներ ամերիկյան հոգնած հասարակությանը հանդարտության և իմաստության ոգով տոգորված ուղերձով դիմելը: Սակայն «Քնկոտ Ջոն» շարունակում է սխալներ թույլ տալ, որոնք հանգեցնում են մտքին, որ դեմոկրատների թեկնածուի մոտ սովորական դեմենցիա է: Մասնավորապես` Բայդենը փորձել է «թամբել» հայփերի մոդայիկ ալիքը` բողոքի ակցիաների թեմայով, և հարցազրույց է տվել աֆրոամերիկյան հանրության շրջանում ժողովրդականություն վայելող The Breakfast Club ռադիոհաղորդմանը, որի ընթացքում հաջողեցրել է հայտարարել. «Եթե դու չեք կարող կողմնորոշվել, թե ում հետք եք` ի՞մ, թե՞ Թրամփի, ուրեմն դուք սևամորթ չեք»:
Բայդենի այսպիսի ամբարտավան պահվածքը, որով հասկացրել է, որ ինքն ավելի լավն է սևամորթներից, գիտի , թե ինչ է նրանց հարկավոր, խարխլել է կայուն նարատիվն այն մասին, թե սևամորթները Դեմոկրատական կուսակցությանն անփոփոխ նվիրված ընտրազանգված են:
Բայդենի փոխնախագահի թեկնածումերից մեկը` սենատոր Էմի Քլոբուշարը, ըստ The Washington Post-ի, Հանեփին շրջանի (Մինեապոլիսը մտնում է դրա մեջ) գլխավոր դատախազի պաշտոնում 1998-2006 թվականներին հրաժարվել է մեղադրանք առաջադրել ոստիկաններին ավելի քան 20 դեպքերում, երբ նրանց ձեռքով մարդ է մահացել:
Իսկ հանգստյան օրերին նոր ապացույցներ հրապարակվեցին, որ Բայդենը ոտնձգություններ է արել իրեն սպասարկող անձնակազմի, թիկնազորի կանանց և ընկերուհիների նկատմամբ: Այնպես որ` դեմոկրատ թեկնածուի պահարանում այնքան կմախքներ կան, որ նույնիսկ ամերիկյան փողոցներում ցույցերի` նրա համար բարենպաստ թեման ամենևին չի երաշխավորում նրա ընտրությունը:
ԱՄՆ-ում այսօր կատարվող իրադարձությունները հանգեցնում են մտքին, որ դեմոկրատների և հանրապետականների գերոնտոկրատական իսթեբլիշմենթը արտացոլում է ազգային հոգեբանական ճգնաժամ, որի պատճառն այն է, որ տասնյակ տարիներ առաջ երկու հիմնական քաղաքական կուսակցություններն անհաշտ հակամարտության են դուրս եկել և ոչ մի կերպ չեն ցանկանում կամ ի վիճակի չեն առաջ շարժվել: Այնպես որ` 2020-ի ամառը ԱՄՆ-ում թեժ կլինի բոլոր առումներով: