կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 13:30
Քաղաքական

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ փաստաթղթի արդիականությունը և կենսունակությունը: Արձանագրվեց, որ մենք ճշգրիտ ենք գնահատել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, և ընդհանրապես մեր անվտանգային միջավայրի ռազմավարական գնահատականը տեղի է ունեցել բարձր որակով:

Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից:

Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:

Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»:

ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: