|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Այսօր ԱԺ-ում «Մարդու իրավունքները` զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արդեն որերորդ անգամ հանդես է գալիս բանակ-հասարակություն-խորհրդարան եռամիասնության ամրապնդման նախաձեռնությամբ: Նրա խոսքով` այդ եռամիասնության բաղադրիչներից թեկուզ մեկի անջատ գործելու պարագայում ինստիտուտների միջև ստեղծվում է անջրպետ, ինչը լուրջ մարտահրավեր է : Նախարարի խոսքով` հաճախ հնչում են կարծիքներ՝ բանակը հասարակության հայելին է, հետևաբար, նորմալ է, որ հասարակության մեջ կուտակված բացասական էներգիան, բանակի նման փակ համակարգում խտացվելով, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:
«Սա մենք համարում ենք առնվազն անհեթեթ արդարացում, ավելին ասեմ՝ ես արգելել եմ ԶՈՒ-ում նման արտահայտությունն իբրև արդարացման միջոց գործածել: Ճիշտ է, մենք չենք ժխտում, որ զորակոչի հիման վրա ձևավորվող բանակն ամեն դեպքում կրում է իր վրա հասարակության ազդեցությունը՝ լինի դա լավ, թե` վատ, սակայն բանակի փակ ինստիտուտն այս դեպքում պետք է որպես հաղթաթուղթ օգտագործել հասարակությունից ներթափացող վատ երևույթների ներթափանցելու համար, ոչ թե ծառայեցնել որպես անպատասխանատու մարդկանց թերի աշխատանքի արդարացում»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ գալիք՝ 2014 թվականը պաշտպանության նախարարությունը հռչակել է որպես ԶՈՒ-ում փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Փորձ է արվելու բանակին բնորոշ խիստ կարգուկանոնն ու առօրյան զուգորդել փոխհարաբերությունների, շփման էթիկայի, մտածողության վրա համալիր ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ բանակը կարող է օգտագործվել որպես զտիչ, որով անցնելով երիտասարդները կվերաիմաստավորեն իրենց առօրեական աշխարհընկալումը և հասարակություն կվերադառնան քրեական ռոմանտիկայից, չակերտավոր, կեղծ տղամարդկային արժեհամակարգային մոլորություններից ձերբազատված: Նա նշեց, որ կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, օրինակ` 2012 թ., ընդունվել է ԶՈՒ կարգապահական կանոնագիրք ՀՀ օրենքը, վերացվել են կարգապահական մեկուսարանները՝ փոխարինվելով կարգապահական վաշտերով:
«Հաճախ տեղի-անտեղի բարձրաձայնվում է ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության ուսուցման և դրանց գործնական կիրառման մեջ իբրև թե թերացման մասին, ընդ որում` այդ մասին խոսում են անխտիր բոլորը` թե' նրանք, ովքեր շատ լավ տեղյակ են կատարվող աշխատանքներին, թե' նրանք, ովքեր փորձում են կայանալ քննադատության միջոցով և տեղեկատվության պակասի պատճառով ընտրում են այս ոլորտը ՝ հույս ունենալով հաճոյանալ ոչ իրազեկ հասարակական զանգվածներին»,- ասաց նախարարը: