կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 13:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունն ապացուցել է, որ իր գործունեությունը պայմանավորված չէ խորհրդարանում լինելով․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով Արամ Մանուկյանի և Գարեգին Նժդեհի հուշարձաններին ծաղիկներ խոնարհելուց հետո։

«Դաշնակցությունը իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության և ժողովրդի կողքին»,- նշեց նա։

Վերջին ընտրությունների արդյունքների և ՀՅԴ-ի՝ խորհրդարանում ներկայացված չլինելու մասին հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել այդ ընտրությունները, ինչպիսի էյֆորիկ իրավիճակ է եղել և ինչ մթնոլորտ է եղել։

«Ես կարծում եմ առաջիկա ընտրություններին, դա երբ տեղի կունենա՝ կյանքը և ժամանակը ցույց կտա, բոլորը կտեսնեն Դաշնակցության դերը և նշանակությունը»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև արձանագրեց, որ Դաշնակցությունը արդեն մեկ ու կես տարի է՝ արտախորհրդարանական ընդդիմություն է և իր գործունեությամբ մեկ անգամ ևս ապացուցել է, որ իր գոյությունը և գործունեությունը պայմանավորված չէ խորհրդարանում լինելով։

Լրագրողներին հետաքրքեց՝ որ հարցերում էր, որ ապացուցվեց Դաշնակցության՝ իրապես ճիշտ լինելը։ «Բոլոր»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց երկու տարվա մեջ Դաշնակցության գործունեությունը, նրա տված գնահատականները և այսօր առկա իրավիճակը։

Նա նաև նշեց վերջին՝ թարմ իրադարձությունները, երբ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին դեռ մեկուկես ամիս առաջ Դաշնակցությունը պաշտոնապես հանդես եկավ հսկայական փաթեթով։

«Պետք էր այդ հարցերին շատ ճիշտ ժամանակին արձագանքել և համապատասխան եզրակացություններ անել»,-եզրափակեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը խոսել էր նաև Առաջին Հանրապետության հիմնադրման խորհրդի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․