կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 21:22
Քաղաքական

«Փաշինյանի հետ մեր հակադրությունը առանցքային է, պայմանավորված՝ երկրի մշուշոտ ապագայով». Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանի հետ մեր հակադրությունը առանցքային է, պայմանավորված՝ երկրի մշուշոտ ապագայով». Իշխան Սաղաթելյան

168.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ․

– Պարոն Սաղաթելյան, վարչապետ Փաշինյանը Կապանում տված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ողջ Դաշնակցության և ՀՀ կառավարության միջև չկան հակասություններ, այլ իրենք խնդիր ունեն ՀՅԴ հայաստանյան կառույցի, մասնավորապես՝ նախորդ իշխանությունների հետ համագործակցություն ունեցած հատվածի հետ։

– Դաշնակցության հետ Փաշինյանի իշխանության հակադրությունը մասնակի կամ հատվածական չէ, Դաշնակցությունն արմատական ընդդիմություն է գործող իշխանությանը և ունի բազմաթիվ տարաձայնություններ, կապված իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության հետ։ Եվ այս մասին բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն ասվել է շատ հստակ, փաստարկված կերպով։ Հետևաբար՝ մեր հակադրությունը ծրագրային և գաղափարական հողի վրա է, այն առնչվում է համընդանուր հարցերին և պայմանավորված է մեր պետության ու ժողովրդի, Փաշինյանի բառերով ասված, մշուշոտ ապագայով։

– Վարչապետը նաև հայտարարեց՝ եթե ՀՅԴ Հայաստանի կառույցում փոփոխություններ չլինեն՝ կառույցի այդ հատվածին սպասվում է մշուշոտ ապագա։

– Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին և արդեն հումորով եմ վերաբերում։ Լավ կլինի, որ երկրի իշխանությունները մտածեն երկրի ու ժողովրդի՝ իրենց իսկ ձեռքով կերտվող մշուշոտ ապագայի մասին։ Վարչապետը, փաստորեն, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել, իր իսկ բնորոշմամբ, «զրո քաղաքական ազդեցություն ունեցող» քաղաքական ուժի ներկուսակցական հարցերը և շարունակաբար ցանկանում է ունենալ իր քիմքին և ճաշակին համապատասխան փոփոխություններ Դաշնակցության մեջ։ Պատկերացնում եք աբսուրդը ուր է հասել՝ իշխանության ղեկին կանգնած կուսակցության ղեկավարը ցանկանում է իր պատկերացումներին համապատասխան ռեֆորմներ տեսնել ընդդիմադիր կուսակցության ներսում:

Մեկ անգամ ևս կրկնեմ Դաշնակցությունը իր կազմակերպական- կառուցվածքային առանձնահատկություններով մշտապես զարգացման ընթացքի մեջ է, ապրում է բնականոն իր կյանքով, և պատմության մեջ ոչ մի գերտերության, հասարակարգի կամ վարչակարգի, այդ թվում՝ խորհրդային և ՀՀՇ-ական, չի հաջողվել ունենալ իր ճաշակին համապատասխան Դաշնակցություն որևէ մի երկրում, Հայրենիքում՝ առավելաբար։ Հետևաբար՝ իզուր են վարչապետի ջանքերը կամ փնտրտուքները, ունենալ իր ճաշակով՝ այսիքն կառավարելի Դաշնակցություն, դրանք ձախողված են ի սկզբանե։

– Վարչապետը նաև ակնարկ արեց համագործակցության պատրաստակամության, ինչպե՞ս եք արձագանքում մեկնած ձեռքին։

– Դաշնակցությունն իր համահայկական ողջ ներուժով մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, համայն հայությանը և շարունակելու է այդ ընթացքը՝ անկախ նրանից, թե ով է այդ իշխանության գլուխ կանգնած։ Այո՛, այսօր ևս Դաշնակցությունն իր համահայկական ներուժով և կարողականությամբ կանգնած է մեր պետականության կողքին և մեր այդ կեցվածքը չպետք է մեկնաբանել իբրև դրսի ներսի տարբերություն կամ հասկանալ ըստ ցանկության։ Հուսով եմ՝ ասածս պարզ էր և հասկանալի։

Արմինե Վարդանյան