կարևոր
5161 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-28 10:57
Քաղաքական

Ընդդիմության գործողությունները երբեք պայմանավորված չեն եղել ու չեն էլ կարող լինել եղանակով, դրանք պայմանավորված են հնարավորություններով․ Քրիստինե Վարդանյան

Ընդդիմության գործողությունները երբեք պայմանավորված չեն եղել ու չեն էլ կարող լինել եղանակով, դրանք պայմանավորված են հնարավորություններով․ Քրիստինե Վարդանյան

Շարունակում եմ պատասխանել #SOSArtsakh հանրահավքի հետ կապված հարցերին։

Այսօրվա հարցը․

Ո՞ւր էր ընդդիմությունը 9 ամիս, ի՞նչու է լուռ խորհրդարանական ընդդիմությունը, արդյո՞ք Արցախին աջակցելու համար պետք է սպասել շոգերը /արձակուրդներն անցնեն կամ որևէ կոնկրետ օրվա

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ընդդիմության՝ եղանակով պայմանավորված գործողություններ ծավալելու մասին հաճախ խոսում են մարդիկ, ովքեր տարբեր եղանակային պայմաններում մասնակցել են նույն ընդդիմության կազմակերպած գործողություններին։

Սա լավագույն օրինակներից է, ինչպես է իշխանական քարոզչությունը թափանցում մեր մտքեր, ինչպես են նրանց թեզերը դառնում նաև մեր խոսույթի մաս։

Ընդհանրապես, այժմ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը 3 տարիների ընթացքում նախաձեռնել է իշխանափոխության 3 գործընթաց ու դա արվել է անկախ եղանակային պայմաններից։

Այս քարոզչական թեզը կրկնող մեր շատ հայրենակիցներ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո՝ ձյան, անձրևի, բացասական ջերմաստիճանի պայմաններում մասնակցել են հանրահավաքների և երթերի, գիշերել են վրաններում, ավելին՝ նրանց մի մասն 2021 թ․ Ամանորն անցկացրել է Հանրապետության հրապարակում՝ վրանի տակ։

Նույնը նաև նախընտրական պայքարի և Դիմադրության շարժման ժամանակ էր։ Այս անգամ արդեն գարնանային անձրևների, ամառային շոգի պայմաններում։

Ընդամենը մեկ տարի առաջ դարձյալ այս մարդկանցից շատերը նույն ընդդիմության ներկայացուցիչների հետ ամռան անտանելի շոգին գիշերում էին վրաններում։

Սակայն երեք տարի շարունակ գործող իշխանությունները հետևողականորեն այս թեզը ներմուծեցին դաշտ և հիմա այն արդեն դարձել է քննարկվող թեմա։

Ընդդիմության գործողությունները երբեք պայմանավորված չեն եղել ու չեն էլ կարող լինել եղանակով, դրանք պայմանավորված են ընդդիմության հնարավորություններով։

Ընդհանրապես, կարծում եմ մեզ չի հաջողվել բացատրել մի կարևոր միտք․ Հայաստանի և Արցախի համար մղվող պայքարն ընդդիմադիր ուժերի և գործիչների անձնական հարցն է։

Անձնական հարց ասելով նկատի ունեմ հենց անձնականը, այդ թվում նաև ֆիզիկական գոյությունը։ Եվ այստեղ գեղարվեստական չափազանցություն չկա։

Հաճախ ենք լսում, Արցախի կորստից հետո անիմաստ է պայքարը, ընդդիմությունը սպասում է ինչ տալու է տա, հետո անի իշխանափոխություն․․․

Մինչդեռ ընդիմադիր (գոնե իրավիճակին տիրապետող) ուժերը և գործինչեը գիտեն, որ Արցախի կորստի դեպքում ոչինչ չի ավարտվելու, որ չկա գիծ, որտեղ Ադրբեջանը և Թուրքիան կանգ են առնելու։ Պարզ է նաև, որ ինչպես նոյեմբերի 9-ից հետո գործող իշխանությունը չհեռացավ, այնպես էլ չի հեռանալու նոր նոյեմբերի 9-ից հետո։

Այս իշխանությունը հեռանալու է, երբ իրեն հեռացնեն։ Այլապես մնալու է որքան կարողանա և անելու է այն, ինչ կարողանա։

Իսկ այդ ինչ կարողանալու մեջ առաջին հերթին մտնում է երկրի ներսում ցանկացած դիմադրության օջախի` բառի բուն իմաստով վերացումը, և այստեղ միջոցների մեջ խտրություն չի լինելու, ինչպես չկա հիմա։

Հենց այս պատճառով Հայաստանի ու Արցախի համար պայքարը մեզ բոլորիս համար բառի բուն իմաստով պայքար է կյանքի համար։

Ինքներդ փորձեք պատկերացնել, օրինակ, ՀՅԴ-ն ինչպես պետք է շարունակի գործել Հայաստանում, որը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, կամ Արցախում, որտեղ չկան հայեր։

Հետևապես՝ Հայաստանի և Արցախի համար պայքարը մեր անձնական հարցն է։ Հայաստանի և Արցախի փրկությունը մեր անձնական փրկությունն է։ Ուստի այստեղ չի կարող դերակատար լինել եղանակը, կամ որևէ այլ գործոն։

Ուրեմն՝ ո՞րն է ձգձգման պատճառը։

Հնարավորությունները։ Սա առանձին ծավալուն հարց է, ինչ հնարավորություններ են հարկավոր այսպիսի իշխանության հեռացման համար, դրանցից որքանն ունենք մենք այս պահին և ի՞նչ ենք անում, որ ունենանք մնացածը։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ նիկոլական իշխանությունը այսբերգի գագաթն է միայն։ Մեր պայքարը Հայաստանում ամրացած, օտար ֆինանսավորում և թշնամական ուղիղ աջակցություն ունեցող համակարգի դեմ է, ոչ թե ապաշնորհ ինչ-որ թիմի, որին չենք կարողանում հեռացնել։

Ես երկար կարող եմ թվարկել ինչ է անում, օրինակ ընդդիմադիր ուժերից միայն մեկը՝ ՀՅԴ-ն, այս 9 ամիսների ընթացքում (Արցախում քաղաքական պատասխանատվության ստանձնում, իրավիճակի կայության ապահովվման ուղղված գործողություններ, Արցախում գետնի վրա աշխատանք հանրության հետ, դիվանագիտական աշխատանք միջազգային դաշտում, օգտագործելով կուսակցական և ԱԺ լծակները, 24 ժամյա նստացույց դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց, ՀՀ-ում կազմակերպական աշխատանք մարզերում և Երևանում, աշխատանք Սփյուռքի համայնքներում․․․աջակցություն Արցախի թեմայով իրականացվող բոլոր նախաձեռնություններին), սակայն հասկանալի է, որ տարվող որևէ աշխատանք բավարար չի կարող համարվել մեր այս պայմաններում։

Հիմա կարևորը նաև այս զրույցների ընթացքում հասկանալն ու ընդունելն է, որ մենք միասին դեռ ճանապարհ ունենք անցնելու, որը հեշտերից չի լինելու։ Այդ ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից, որոնց թվում են նաև հավաքները և ցույցերը։

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է ներսում գետնի վրա ճիշտ աշխատելու, հուսալքություն թույլ չտալու, անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու, արտաքին դաշտում համապատասխան աշխատանքի և մի քանի այլ գործոնների համադրման շնորհիվ։

Այս 9 ամիսների ընթացքում, առանց բացակայելու հանրային դաշտից, բոլոր ուղղություններով անելով այն, ինչ այս պահին մեր կարողությունների սահմանում է, շատ լավ հասկանալով, որ փոփոխության համար կան բացեր, որոնք պետք է լրացվեն, առնվազն ուժը, որը ես եմ ներկայացնում, զբաղված էր նաև հենց այս հարցերով, որպեսզի հնարավոր լինի նորից մի օր փողոցում գեներացնել շարժում։

Սակայն մինչ դա մենք պետք է լուծենք Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հստակ անհամաձայնությունն ու բողոքն արտահայտելու խնդիրը, որը կարևոր է նաև հետագա գործընթացների համար։

Այս ճանապարհը մենք կարող ենք անցնել թեկուզ միմյանց հետ վիճելով, սակայն ելակետ ունենալով պարզ ճշմարտությունը․ Հայաստանի և Արցախի փրկությունը մեր անձնական փրկությունն է։

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր