կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 22:33
Քաղաքական

ԱԺ-ում ծեծկռտոցը կենսաբանական միջտեսակային հարաբերությունների խնդիր է․ Վահան Արծրունի

ԱԺ-ում ծեծկռտոցը կենսաբանական միջտեսակային հարաբերությունների խնդիր է․ Վահան Արծրունի

Ես ընդհանրապես չէի քննի ԱԺ-ում իրավիճակները, որովհետև մի օր իրար մռութ են ջարդում, մյուս օրն էլ անբովանդակ քննարկումներ են անում այն որոշումների մասին, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի օրակարգը ստվերած դիմակակռվին, որն առաջացել էր համավարակի հայտարարումից երկու ամիս հետո հայ պատգամավորների բացահայտումից, որ դիմակ կրելը կապահովի իրենց ու մյուսների անվտանգությունը։

«Պարետը այսօր համաճարակի դեմ պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ պատասխանատուն է և նրա բոլոր որոշումները պետք է խստորեն և ճշգրտորեն կիրառվեն՝ ուզում է Ազգային ժողովում լինի, ուզում է փողոցում լինի»,-նշեց նա։

ԱԺ-ում գործնականում «իրար մռութ ջարդելու» երևույթը Վահան Արծրունին վերլուծում է այսպես․ «Ես հրաժարվում եմ որևէ բարոյական և քաղաքական վերլուծության ենթարկել, որովհետև համարում եմ, որ ԱԺ-ում ծեծկռտոցը դա կենսաբանական խնդիր է։ Այսինքն, կենսաբանական միջտեսակային հարաբերությունների խնդիր է և սրա տակ փնտրել որևէ բարոյական կամ քաղաքական տարր ժամանակի կորուստ է»։

Մտավորականը ուղիղ պատճառահետևանքային կապ է տեսնում ԱԺ-ում ծեծկռտուքի ու Կապանի ոստիկանությունում բռնության կիրառման երևույթի միջև։

«Բնականաբար․ մենք տեսնում ենք պատճառահետևանքային ընդհանուր կոմպլեքս։ Եթե ԱԺ-ում կարող է կիրառվել բռնություն, ապա ինչո՞ւ Ոստիկանությունը չպիտի կիրառի բռնություն, եթե օրենսդիրը դա իրեն թույլ է տալիս ամբողջ ազգի և միջազգային հանրության առջև, ինչո՞ւ Ոստիկանությունը իրեն թույլ չտա»,-նկատեց նա։

Վահան Արծրունին միացել է Հռչակագրին, որը կոչ է անում «ճնշում գործադրել իշխանության վրա՝ հակաճգնաժամային անցումային կառավարություն ձևավորելու համար»։ Երգահանը, սակայն, իմացաբանական շեշտը դնում է ոչ թե «ճնշման» հանգամանքի վրա, այլ այն լուծումների, որ առաջարկում է Հռչակագիրը։

Լուծումները հստակ ձևակերպված են՝ սկսած անցումային կառավարության դրույթներից մինչև ռեֆորմներ, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգին, լյուստրացիային և  առողջապահական խնդիրներին։

Այս համակարգների աշխատանքում ի՞նչը նրան չի բավարարում՝ հարցը, Վահան Արծրունու դիտանկյունից նույնիսկ չպետք է ծագեր․ «Դուք լուրջ հարց եք տալիս՝ գոհացնո՞ւմ է ինձ առողջապահական համակարգը կամ դատաիրավական համակարգը, ես ճի՞շտ հասկացա․․․ այսինքն որևէ մեկին այս երկրում կարո՞ղ է գոհացնել առողջապահական համակարգի կամ դատաիրավական ատյանի աշխատանքը»։

Կոնկերտությունները թվարկելու համար, ասաց, 2-3 ժամ կծախսվի։

Նա համաձայն է պարետատան որոշման հետ, որ բոլորը պետք է կրեն դիմակ և ձեռնոց։ Նա կարանտինը արդյունավետ միջոց է համարում։ Ավելին, նա ավելի արդյունավետ միջոց կհամարեր ժամանակին կիրառված կարանտինը։

«Սկսենք նրանից, որ կարանտինը 2 շաբաթով ուշացավ և այդ բոլոր կարգադրանքները դիմակի և մնացած պաշտպանիչ միջոցների մասին, ինչպես նաև վերահսկումը ոստիկանության ու բժշկական ատյանների կողմից պետք է կայացվեր շատ ավելի շուտ․ իմ համոզմամբ՝ փետրվարի վերջերից մարտի սկզբներ։ Եվ հիմա տարանջատել այդ բոլոր իրողությունները իրարից որոշակի կոնկրետացումներով շատ դժվար է, որովհետև այստեղ հսկայական կոմպլեքս է աշխատում պատճառահետևանքային կապերի, այսինքն, մեկը մյուսի հետևանքն է։ Այն, որ այսօր ասում են՝ բնակչությունը անկարգապահ է, դա ուղիղ հետևանքն է նրա, որ ապակողմնորոշված կառավարությունը կարանտինի որոշումը ուշ է ընդունել և երբ պետք էր կարանտինով փակել երկիրը, մենք դեռևս փողոցներում մասնակցում էինք միտինգների»,-ասաց Վահան Արծրունին։

Մշակութային գործիչը հիշեցնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի բազմամարդ քարոզարշավներն ու մարտիմեկյան միտինգները։

«Կորոնավիրուսը հստակ ցույց տվեց, որ առողջապահական խնդիրները կառավարության կողմից ստորադասված են քաղաքական՝ հիշեք միտինգները և տնտեսական խնդիրներին՝ հիշեք սահմանների բացումը կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում, երբ դինամիկայի կորը բարձրանում էր»,-նշեց նա։

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու՝ կառավարության ծրագրերը Վահան Արծրունին գնահատեց արվեստագետի դիտանկյունից․ Գերմանիայի կառավարությունն, ասաց, մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել արվեստի ոլորտին հատկացնել 50 միլիարդ եվրո օժանդակություն, որից՝ անհատ առ անհատ, ազատ արվեստագետների հաշիվներին նստեցրել է 5 հազարական եվրո։

«Սա նշանակում է, որ Գերմանիայի կառավարությունը նախ և առաջ ճանաչում է իր երկրի ազատ արվեստագետին, երկրորդը՝ սոցիալական օժանդակություն է տրամադրում։ Ինչո՞ւ, որովհետև կարևորում է այդ խավը և որովհետև միջոցներ է գտնում այդ խավին օժանդակելու։ Այստեղ մենք խոսում ենք էֆեկտիվության մասին։ Էֆեկտիվության գործակիցը այս պարագայում ամենակարևորն է՝ ձեր հասցրած օգնությունը տեղ հասնո՞ւմ է և սոցիալական վիճակը իրապես փոխո՞ւմ է այն կատեգորիայի, որին ուղղում, եք, թե՞ ոչ»,-ասաց նա։

Մինչդեռ Հայաստանում «ազատ արվեստագետ» հասկացությունն անգամ նկարագրված չէ և կանոնակարգված չեն անկախ արվեստագետ-պետություն հարաբերությունները։

«Այսինքն, այդ հսկայական զանգվածը, որն իրականում արվեստ է կերտում և մշակույթ՝ բառիս բուն իմաստով, որտեղ հիմնական խմորումներն են և ստեղծագործական նորություններն են տեղի ունենում, ընդհանրապես անտեսված է և օրենքով նկարագրված չէ մեր երկրում։ Ոչ թե չեն ներգրավվում, այլ իրենք ընդհանրապես չեն նկատվում․ չեն նկատվում, որովհետև չկա նրանց նկատելու օրենսդրական հիմք»,-նշեց Վահան Արծրունին։

Այսօր ընդամենը կա մի ընդհանուր օրենք՝ 2004 թ-ին ստորագրված, «Մշակույթի ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների մասին», որն այդպես էլ մնացել է «թղթի վրա»՝ մտահոգություն հայտնեց մշակույթի գործիչը, այնինչ այդ օրենքից բխող մնացած բոլոր օրենքները չեն ընդունվել․ «Միտումնավոր։ Ես համարում եմ, որ դա եղել է հատուկ արված»։

Ի՞նչն է խանգարում, որ օրինագծերը հիմա բերվեն ԱԺ օրակարգ, նրա համար պարզ չէ․ «Այդ հարցը պետք է ուղղել օրենսդրին»։

Սիրո և հանդուրժողականության լոզունգներով եկած և «պատերին ծեփելով» ավարտած իշխանության մոտ Վահան Արծրունին բռնակալության ոչ մի տարր չի տեսնում, ամեն ինչը բացատրում է կառավարման կոլապսով։

«Այսինքն, համակարգի և կառավարման ունակության խնդիրն է այստեղ։ Դա համատարած է՝ սկսած մշակութային դաշտից մինչև գյուղատնտեսություն․ այդ ալգորիթմը, որը գործում է առհասարակ այս կառավարության պարագայում, այդ ալգորիթմի հիմքում համակարգման անունակությունն է»,-բացատրեց նա։

Նրա դիտարկմամբ, թիմերում ընդգրկված են մարդիկ, որոնք երբեք այդ թիմերում ընդգրկված չպետք է լինեին։ Այսինքն, մարդիկ, որ չունեն համապատասխան գիտելիքներ, չունեն համապատասխան փորձառություն և փորձը ցույց է տալիս՝ չունեն տարրական պատկերացում միջանձնային էթիկայի և միջազգային էթիկայի մասին։

Մշակույթի գործիչը բերեց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակը․ նրա կառավարման տարիներին ԱՄՆ-ում ամենանվազ հարկերն էին, ԱՄՆ-ը, փաստացի, հաղթեց սառը պատերազմում և սկսվեց նոր տեխնոլոգիաների դարաշրջանը, որը խրախուսվում էր կառավարության կողմից, տնտեսական հստակայական աճ տեղի ունեցավ։ Երբ ժամանակին նրան հարցրել են՝ ի՞նչն է իր կառավարման գաղտնիքը, պատասխանել է՝ իմ կառավարման գաղտնիքն այն է, որ կարողացա իմ շուրջը համախմբել 50 հոգի, որոնք միանշանակ ինձանից խելոք էին։

Իսկ եթե Հայաստանի վարչապետը չի վստահում իր շուրջը գտնվող խելոքներին, որոնք պաշտոնավարել են նաև նախկինների օրոք, Վահան Արծրունու դիրքորոշումը հետևյալն է․ «Եթե դուք ունակ չեք համախմբել ձեզանից խելոքներին ձեր շուրջ, ուրեմն պետք է հրաժարվեք որևէ կառավարման մեթոդոլոգիայից, որովհետև երկրի բարեկեցությունը ապահովելու համար կառավարման թիմ հավաքելը կարևորագույն և առաջնային խնդիրներից է»։

Մշակույթի ոլորտը լայն իմաստով, նրա համոզմամբ, անկում է ապրել։ Եվ այդ անկումը նա պայմանավորում է ոչ թե վերջին 2 տարով, այլ այն ամբողջ ապաշնորհ աշխատանքով, որն սկսվել է 30 տարի առաջ՝ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Նոր կառավարությունը, մինչև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ևս 2 նշանակում արեց Մշակույթի նախարարության գլխին՝ Լիլիթ Մակունց և Նազենի Ղարիբյան։

«Այսինքն, այստեղ էլ կա պատճառահետևանքային կապ․ երկու անգամ չստացվեց, երկու անգամ այդ ոլորտում դիլետանտներին նշանակելով՝ երրորդ քայլը, որ ձեռնարկեց վարչապետը՝ փլուզեց, վերացրեց Մշակույթի նախարարությունը և ստեղծեց մեգանախարարություն։ Եվ բնական է, որ մեկը չի կարող հինգ գործով համարժեք կերպով զբաղվել․ դրա համար դու կա՛մ պետք է գերմարդկային ունակություններ ունենաս, կա՛մ պետք է իրապես հզոր թիմ հավաքես»,-ասաց Վահան Արծրունին։

Մշակույթի ոլորտում 2 նշանակում նա արդարացված է համարում՝ Արա Խզմալյան և Նարինե Խաչատուրյան, բայց ընդգծում է, որ հիմնական թիմը, այսինքն, Մշակույթի նախարարության ամբողջ կորպուսը՝ մոտ 200 աշխատակից, ժամանակին նշանակվել են Հասմիկ Ստեպանովնայի կողմից և աշխատել են ռեժիմային կառավարությունների համար։

«Բնականաբար, նույն կառավարման ալգորիթմի թերությունն է այստեղ, աշխատանքը համակարգելու անունակությունը։ Նրանք փլուզման մասնագետ են, բայց մեզ պետք են արարման մասնագետներ։ Այն մշակութային ամայացումը, որ 30 տարիներին տեղի է ունեցել, երբ մշակութային դաշտից հեռացվել են Հասմիկ Պապյանից սկսած մինչև վերջին հեռացումը՝ Կարեն Դուրգարյան, երբ մենք կորուստներ ենք ունեցել՝ Արամ Ղարաբեկյանի սիրտը չդիմացավ՝ նա մահացավ 51 տարեկանում, դա փլուզում չէ՞»,-ասաց նա։

Մշակույթի ոլորտում արտագաղթը, Վահան Արծրունու համոզմամբ, նույնպես հետևողական ապաշնորհ քաղաքականության հետևանք է, որը 30 տարի շարունակվել է։

Աննա Բալյան