կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 18:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ փնտրել որևէ տրամաբանություն Փաշինյանի գործողությունների մեջ․ Վահան Արծրունի

Բնական է, որ պետք է շարժում սկսվեր Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու դեմ, և բնական է, որ ազնիվ մարդիկ շատ են մեր երկրում, իրատես մարդիկ, որոնք կարող են իրատեսորեն գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ «հեռանկարներ» են բացվում մեր հայրենիքի համար այս որոշման պատճառով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, որը ևս դեմ է արտահայտվել ՀԱՊԿ  զորամիավորման կազմում հայ զինվորին Ղազախստանի ներքին քաղաքական ընթացքներին մասնակից դարձնելուն։

«Ես ֆեյսբուքյան ստատուսով եմ անդրադարձել այս իրավիճակին՝ որևէ մեկի հետ կապի մեջ չմտնելով և չխորհրդակցելով, դա իմ քաղաքացիական դրսևորումն էր, որն արտահայտում էր իմ տեսակետը»,-ասաց Վահան Արծրունին։

Զավեշտն այն է, որ ժողովրդավարության լոզունգով իշխանության եկած Փաշինյանն ինքն է ստորագրել Ղազախստանի ներքին ժողովրդավարական գործընթացներին միջամտելու համար զորախումբ ուղարկելու որոշման տակ․ կա կարծիք, որ այլ գործոնների հետ միասին՝ սրա հեռահար նպատակը նաև այն է, որ երբ ժողովուրդը դուրս գա Փաշինյանի իշխանության դեմ, նա ևս օգնության կանչի արտաքին ուժերին։

Վահան Արծրունին վստահ է, որ ժողովրդավարությունը ունիվերսալ մեխանիզմ չէ, որովհետև «Հիտլերը նույն ժողովրդավարական ընտրությամբ եկավ իշխանության և մենք գիտենք՝ ինչով դա ավարտվեց»։

Նա նշեց, որ այն ճանապարհը, որով այս կամ այն քաղաքական ուժը գալիս է իշխանության, չի երաշխավորում, որ այդ իշխանությանը պետք է մինչև վերջ մնա։

«Սրա բազմաթիվ պատմական օրինակները կան և մեր երկրի օրինակը այդ անհաջող օրինակների շարքում է։ Այն հանգամանքը, որ մեծամասնությունն է բերել իշխանության Փաշինյանին իրեն թույլ է տալիս հավատալ, որ ինքը ժողովրդավար է։ Ամենահետաքրքիրն այն է, որ բացի նրանից նաև բազմաթիվ մարդիկ կան, որոնք հավատում են դրան»,-ասաց մշակույթի գործիչը։

Միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշի անկման հետ կապված մտորումները պետք է որ բոլորին անհանգստացնեն՝ նշեց նա։

«Ավելի կախյալ վիճակում դժվար է պատկերացնել որևէ մի երկիր․ քաղաքական կամքի լիակատար բացակայություն է և փոփոխվող իրադարձություններ՝ ամեն օր ինչ-որ մի նոր բան է տեղի ունենում։ Եվ երբ քո երկրի ղեկավարը, ԱԺ-ն և կառավարությունը ինքնուրույն որևէ քաղաքական դրսևորում չունեն, բնականաբար, այն պետք է ենթարկվի այդ տարերքներին և մենք արձանագրում ենք ընդամենը այդ պրոցեսը․ երբ դու ի վիճակի չես որպես համակարգող, ղեկավար ապահովել կայուն ընթացք, զարգացման մասին էլ չեմ ասում, դու, բնականաբար, ենթարկվում ես այն ուժին, որն ի զորու է որոշակի ընթացք ապահովել՝ ճնշումներով, ուղղորդումներով, այն, ինչ մենք տեսնում ենք հիմա»,-ասաց Վահան Արծրունին։

Նա համոզված է, որ պետք չէ փնտրել որևէ տրամաբանություն Փաշինյանի գործողությունների մեջ, որպես երկրի ղեկավարի, որովհետև վերջին 3,5 տարին ցույց տվեց, որ որևէ տրամաբանություն այդտեղ պարզապես չկա։

«Փոփոխվող իրադարձությունը ենթադրում է ինչ-որ քայլ իր կողմից։ Եվ բոլոր քայլերը տանում են հիմնականում դեպի ձախողում՝ սկսած առողջապահության խնդիրներից մինչև պաշտպանության։ Կան, իհարկե, էպիզոդներ, որոնք միանշանակ դրական են, օրինակ, ճանապարհների ասֆալտապատումը և այլն, բայց իշխանությունը նրա համար չէ, որ լոկալ խնդիրներ լուծի, իշխանությունը նրա համար է, որ համակարգի կյանքը երկրում, իսկ նման համակարգում տեղի չի ունենում որևէ ոլորտում»,-ասաց Վահան Արծրունին։

Ժամանակին նա ևս ողջունել է իշխանափոխության ծրագիրը, բայց, ասում է, չեղավ այն, ինչի մասին ասվում էր, ժամանակը ցույց տվեց, որ այս խումբը, որ եկել է իշխանության, ոչնչով չի տարբերվում նախորդից։

«Հիմա էլ, եթե գա մի քաղաքական ուժ, որը կձևակերպի արդիական խնդիրները նույն ուղենիշներով՝ սահմանադրական փոփոխություններից մինչև օրենսդրական բոլոր փոփոխությունները, ինչի մասին խոսվում էր, բնականաբար, ես պետք է ընտրեմ այդ ուժը»,-ասաց Վահան Արծրունին։

Ստեղծված իրավիճակից լուծումը նա համարում է հետևյալը․ պետք է գոյանա որոշակի ծրագիր, պետք է լինի քաղաքական ուժ, որը ի զորու կլինի դա կյանքի կոչել, և տեղի ունենա իշխանափոխություն։

Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն դեմ արտահայտվեցին նաև արևմտյան ֆինանսավորմամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ։ Վահան Արծրունին ասաց, որ իր համար միշտ անհասկանալի է եղել այս ՀԿ-ների բնույթը, քանի որ այնտեղ ներգրավված են շատ անհատներ, որոնք միշտ շատ հեռու են հասարակական գործիչ լինելու բնույթից։

«Հարմար տեղ է, կա ֆինանսավորում, ֆոնդեր են աշխատում, մարդիկ տեղավորվում են և ցույց են տալիս որոշակի ակտիվություն։ Այնպես որ, նրանց դիրքորոշումը ինձ համար երբեք էական չի եղել»,-ասաց նա։

Արծրունուն ավելի մտահոգում են այն խնդիրները, որոնք ձևավորվում են մեր հասարակության ներսում։ Իսկ դրանց թվում, օրինակ, ազատ արվեստագետների համայնքի հարցն է․ նա մտահոգ է, որ այդ տիրույթը սկսում է կորցնել ներքին ռեսուրսը, մարդիկ ֆիզիկապես հեռանում են Հայաստանից՝ տանելով նաև այն ունակությունները և տաղանդները, որոնք կան իրենց մեջ։

Վահան Արծրունին իր դիրքորոշումներն արտահայտում է որպես մտավորական՝ հասարակական ակտիվությամբ, բայց չբացառեց, որ առաջիկայում կարող է նաև քաղաքական հարթակ տեղափոխվել․ կոնկրետ ո՞ր ուժի կողքին կլինի՝ առայժմ հստակ չէ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․