Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 14:05
Հասարակություն

Գյումրու սպանդի առաջին հետևանքն արդեն իսկ տեսանելի է. Վահան Արծրունի

Գյումրու սպանդի առաջին հետևանքն արդեն իսկ տեսանելի է. Վահան Արծրունի

Մեզ հասցրել են այն մակարդակին, որ կարող ենք հստակ ռեֆլեքսիաներ ցուցաբերել, երբ դժբախտություն է տեղի ունեցել, կամ երբ իրողությունը հասել է մեր դռան շեմին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին` անդրադառնալով Գյումրու սպանդին:

 

Ըստ նրա` մարդկայնորեն դժվար է համակերպվել այս դեպքի հետ, դժվար է որևէ բացատրություն գտնել, քանի որ պատահածը մարդկային տրամաբանությունից ու երևակայությունից դուրս է:

 

«Այն, որ ժողովուրդը, լրագրողները, իրավաբանները փորձում են գտնել ինչ-որ բացատրություն, լուրջ պատճառ, որ հասկանալի դառնա` ի՞նչ է կատարվել, հասկանալի է: Կարծիքների բևեռացումը, ցասումը, որ կուտակվել է ապատիայի ֆոնին, ինձ համար ազդակ է, որ մենք բոլորս հանձնված ենք որոշակի քաղաքականության, ծրագրի քմահաճույքին, ու իրավիճակն է թելադրում մեր ինքնադրսևորումը: Իսկ սա նշանակում է, որ մենք կարող ենք կորցնել ժամանակի ընթացքի զգացողությունը, ինչը շատ վտանգավոր է, որովհետև նման իրադարձությունները միանգամից անդրադառնում են ամբողջ հանրության վրա»,- ասում է Արծրունին` հավելելով, որ նման դեպքն ի վիճակի է ստեղծել բարոյահոգեբանական մի մթնոլորտ, որը կստեղծի նոր ընթացքներ:

 

Ըստ նրա` Գյումրու դեպքի առաջին հետևանքը, որն արդեն զգացվում է, արտագաղթի այն ալիքն է, որը կրկին բարձրացավ. արդեն գարնանը կարող ենք հստակ թվերով խոսել այդ մասին:

 

Հարցին` արդյո՞ք սա այն դեպքն է, որ ոստիկանությունը պետք է լուռ աշխատի, Արծրունին պատասխանեց` բնականաբար, ոչ:

 

«Նման դեպքերում ոստիկանության աշխատանքը լրիվ թափանցիկ պետք է լինի, և ժողովուրդը պետք է ճիշտ ժամանակին իրազեկվի, քանի որ ժողովուրդը թշնամի չէ, նա մեծ ցավ է տանում, սարսափելի վշտի մեջ է: Այս ամենը պետք է հաշվի առնել: Գիտեմ, որ նախաքննության ընթացքում որոշակի գաղտնիություն պետք է պահպանվի, բայց սա այդ դեպքը չէ: Մաքսիմալ բաց պետք է լինի իրավապահ օրգանների աշխատանքը, որ նախ` նրանք էլ միգուցե իրենց հանդեպ ժողովրդի կորսված վստահությունը ձեռք բերեն, և ի վերջո, այս միջոցով ինքնահաստատվի այն գաղափարը, որ ոստիկանությունն ու քննչական օրգանները, վերջիվերջո, ազգային կառույց են»,- ասաց նա: