կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 09:14
Առանց Կատեգորիա

Այսօր ընդդիմության մեջ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող չկա. «Իրատես»

Այսօր ընդդիմության մեջ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող չկա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմախոսները մշտապես մեղադրում են իշխանությանն օրակարգ չունենալու մեջ, սակայն այսօր ընդդիմությունն էլ օրակարգ չունի, համենայն դեպս, հասարակության համար այն տեսանելի չէ։ Գուցե ներսում շատ բաներ են եփվում, բայց դրա արդյունքը հրապարակային գործունեության մեջ չի երեւում։ Ու, ինչպես ասում են, իշխանությունը փողոցում գցած է, սակայն վերցնող չկա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննադատների պակաս չունի, բայց տպավորություն է, թե բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող այդպես էլ չկա։ Ո՞րն է ընդդիմության իշխանափոխության սցենարը, ի՞նչ ճանապարհով են ընդդիմադիրները փորձում իրավիճակը շտկել, ի՞նչ հարցի շուրջ պիտի լինի համախմբումը։ Գաղափարական համախմբման տեսանկյունից առաջին հայացքից ամեն ինչ հիշեցնում է նախկինում եղած տխուր փորձը։

Բոլոր ընդդիմադիրներին կապում է մեկ բան՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդդիմությունը հրապարակ էր գալիս ոչ գաղափարական միավորումներով, միակ նպատակն օրվա իշխանության ղեկավարին հեռացնելն էր։ Ու կամաց-կամաց, ներսում առկա տարաձայնությունները, հավակնությունները, ականները ընդդիմությանը մաշում էին, ինչից օգտվում ու դրան նպաստում էր նաեւ իշխանությունը։

2018-ին մի փոքր այլ էր ամեն ինչ։ Կրկին հարթակում մեկ հարց էր՝ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Այս անգամ համախմբումը ոչ թե առանձին ուժերի, այլ քաղաքացիների միջոցով տեղի ունեցավ՝ առանց գաղափարական հենքի, եւ պատահական չէ, որ կառավարման ղեկին հայտնվեց առանց հայեցակարգի, առանց «իզմ»-երի, գաղափարազուրկ, տեսլական չունեցող իշխանություն, այսպես ասած, ամբոխի իշխանությունը։ Ու դժվար չէր կանխորոշել, թե ինչ որակի կառավարման հետ ենք գործ ունենալու։

Հիմա նորից Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ թիմ է փոխարինելու նրան, ինչ արժեհամակարգ ու տեսլական ունեցող ուժ։ Օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որպես իրավիճակի լուծում, իմքայլականներին առաջարկել էր այլ վարչապետ ընտրել։

Այսինքն, կրկին ապավինում են իմքայլականների քաղաքական գիտակցությա՞նը, ինչի առնչությամբ բավական մեծ կասկածներ կան։ Սակայն սա Փաշինյանի ընդդիմախոսներից միայն մեկի առաջ քաշած սցենարն է, իսկ ի՞նչ են մտմտում մյուս բոլոր ընդդիմախոսները, որոնք այս տարբերակին համաձայն չեն, բայց սեփականն էլ չեն ներկայացնում հանրությանը։ Ի վերջո, ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին, ու ովքեր են գալու իշխանության, ինչ «փրկիչ» ծրագրերով։

Փաստ է, որ այսօր քաղաքական գործընթացները տեղափոխվել են ընդդիմադիր ու հատկապես արտախորհրդարանական ուժերի դաշտ եւ իրավիճակը ճիշտ հունով տանելու թիվ 1 պատասխանատուն հենց ընդդիմությունն է, իշխանությունն առավելագույնն արել է, որ իրենից այլեւս ոչինչ կախված չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում