կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 09:17
Առանց Կատեգորիա

Լևոն Խեչոյան. Ճառ` արտասանված ՀՀ պետական գրական մրցանակ ստանալու առիթով

Լևոն Խեչոյան.  Ճառ` արտասանված ՀՀ պետական գրական մրցանակ ստանալու առիթով

Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ, Տիկնայք և Պարոնայք...

 

                Երբեք ինքս իմ առաջ, արևածագի դեմ կանգնած, քուրմ չեմ ձևացել, վախեցել եմ Մեծ գրականությունից...

    Հիմա էլ ես գիտակցում եմ, որ պետական այս պարգևը ոչ թե ինձ է տրվում, այլ տարիների իմ տառապագին աշխատանքին, հավատալով, որ հայերենի գրականությանը ծառայելն ավելի շահավետ է, քան նրա զորությամբ արծաթ դիզելը, իսկ արդյունքը ոսկու մաքրությունից էլ ազնիվ է... նաև զգոն գիտակցել եմ, որ դիզած այդ երեսուն արծաթով է գիշերները մեծ առևտուրը կատարվում՝ համբույրով մատնվածին խաչի փայտին գամելու շուրջ, իսկ արդարությամբ հայտնի, ազնվագույն ոսկին էլ քուրայի բոցերի վրա է հալվում...

 

     Եվ խելագարության եզրին ապրած իմ կյանքը, անքուն գիշերների տքնանքը չի եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետև ճշմարիտ է՝ քիչ հեղինակություն ունենալ արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի:


    Երբ զգույշ լինել էր պետք ամեն ինչից ու ամեն մի դարանից, առավել ևս զգուշացել եմ սրտից: Սրտի խաղաղ լռության մեջ է, որ ապրում է կյանքի ծագումը և գութը:


   Նրա իմաստության մեջ ապավինել եմ լույսին և գրականությանը: Ու գրասեղանի առաջ իմ հաճախազարկ տենդի ժամանակ տեսնում և ճանաչում էի նրան, իսկ նա առաջնորդում էր ինձ:

   Այս կողմնորոշումն առողջություն է բերել իմ գրվածքներին և պարարտություն՝ ոճին:

    Գրականության մեջ է, որ աշխարհի փորձը և մարդու ժամանակի տևականությունն է պահպանված, սերունդներին փոխանցվող այդ ժամանակն է մահկանացու մարդուն փոխակերպում է հավերժականի: Ինքն իրեն փրկելու ձգտումից ՆԱ հիշում է Պրոմեթևս անունով մարդու՝ հողագնդի  վրա ապրելու հերոսական փորձը...

 

     Գրողը նորից ու նորից ոտքի է կանգնեցնում երկրաշարժերից, արյունահեղություններից, աղետներից ծնկի ընկած մարդուն' այդ բարուն, համեստին: Լավ է ճանաչում այդ փառամոլին, պատերազմների այդ հրձիգին, ախտերով բռնված հիվանդին, աշխարհի ճշմարտությունը որոնելիս սատանայի կամակատար, Աստծո փեշից բռնած ցնորամտին, բայց դարձյալ գրում է այս ընկած հրեշտակի հազվադեպ գեղեցկության մասին...մահվան նշանը ճակատին, մերկ հողագնդի վրա թափառական այս վտարվածի խիզախության, վեհության,զոհողությունների, նրա հուսահատ սիրո, արժանապատվության և նրա հյուլեի հավերժական վերադարձի մասին:

 

    Ահա տիեզերքի հավերժ խաղաղության մեջ' Բուդդայի փորի նման փքված, կլոր երկրագունդը, նրա պորտը' Անդրկովկասը ցնցվում, թպրտում է, այդ պորտի բաց վերքի վրա է մշտապես ցանվում աղը:

 

    Չոր հողի երեսին առատորեն թրջված' պղպջացող արյունը Անդրկովկասի բնակչի համար դարձել է ոչնչացման սարսափ սփռող անասնական վախ:

 

    Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և ցեղի առաջնորդ իր դուդուկն է փչում, ժողովուրդներ են նետում հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու դակ:

 

    Մարդկային միտքը այսպես մոլոր, կույր, թափառական' դարեր շարունակ հանձնված կարմրածուփ սատանայի մշտապահ խաղի օրենքին, նորից ու նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ ետ է գալիս ու կանգնում իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած նույն պատերազմներն ու նույն խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը...

 

     Աշխարհագրական մեր դիրքի պատճառովհազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում ենք Արևելքի և Արևմուտքի միջև:

 

     Հարևան երկու գերտերությունները' Բյուզանդիան և Պարսկաստանը հնարավորություն չտվեցին' ստեղծելու մեր ընդհանրությունը:

 

      Երբ պետք էր Արևելքի հետ լինել, Արևմուտքի փեշից բռնած' աչքներս Արևելքին էինք հառել, իսկ երբ մնալ էր պետք Արևմուտքի հետ, Արևելքի փեշը բռնած' հայացքներս հառել էինք Արևմուտքին..

 

Տակավին դեռ այդպես է:

 

   Մենք, երբեմն բարձրաձայն, խոսքը շեշտելով ասում ենք, թե. «Մենք ենք մեր սարերը...»:

 

    Այդ լեռները  և ճանապարհներ չունենալն իչքան որ օգնել, նույնքան վնասել են' թույլ չտալով մշակելու ազգային ընդհանրություն' մեկ գաղափարախոսություն, մեկ քաղաքականություն, մեկ սկզբունք...

 

     Աշխարհը հիմա սարսափած է մեզ նայում, թե այդ ինչպե՞ս ենք երկրագունդը մաշել մեր ոտքի տակ, 1700-ամյա քրիստոնյա ենք ու Աստվածաշնչի անգամ հայտնի պատվիրանը չգիտենք. «Մի սպանիր...»: Ազգովի Աստծո խոսքը չիմացող, քրիստոնյա ենք, անհատներով' խուլ ականջ հեթանոս, խորհրդարանում համատարած սև սպանդ եղավ...իմաստությամբ և  առաքինությամբ են ծաղկում ազգերը, իսկ մեղքը անարգանք է դառնում ժողովրդի պատմության մեջ:

 

     2001 թվականը մոտիկ է, մեր 1700-ամյա քրիստոնեության հոբելյանը, որը և աշխարհի չորս ծագերի դեմ վկայում է, թե մեզ ճանապարհներին ընկած քար դառնալու վտանգը չի սպառնում, մանավանդ, որ ջրհեղեղի ավարտից հետո Արարատի գագաթից եկած Նոյի աղավնին մեր աշխարհից կյանքի նշան ձիթենու տերևը տարավ:

 

 

ծանոթություն. ճառը ընթերվել է 2000 թ. ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակատվության ժամանակ