Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mediahub.am-ին մայրը պատմել է, որ որդու հետ խոսել է սեպտեմբերի 18-ին, հաջորդ օրը սկսվել է պատերազմը, ու այդպես կապը կորել է։ Եվ ահա հոկտեմբերի 22-ին, որդուց զանգ է ստացել, որ ողջ է և գտնվում է Ստեփանակերտում։
«Երբ երկար համարով զանգ ստացանք մտածեցինք, որ դատաբժշկական փորձաքննությունից են զանգում և հիմա կասեն, որ ԴՆԹ թեստը հաստատվել է։ Ես պատրաստ չէի այդ լուրը լսել։ Դրա համար մի քանի զանգ բաց թողեցինք։ Հետո քրոջս աղջիկը լացելով զանգեց ու ասաց, Ռաֆոն ողջ է։ Աստված լսեց աղոթքներս, Ռաֆայելը մեր միակ որդին է, եթե զոհվեր ես ու ամուսինս չէինք ապրի, ինքն է մեզ ապրեցնողը։ Աստված խղճաց մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում արցունքները սրբելով պատմում է տիկին Աննան։
«Աստված է պահել»,- այս համոզմունքն ունի նաև Ռաֆայելը, ով մեկ ամիս քնել է անտառներում, կերել՝ անտառային հատապտուղներ, մոշ ու մասուր, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից ոտքով հատել է հարյուրավոր կիլոմետրեր, գյուղից՝ գյուղ, տնից՝ տուն ու հասել Գետավան, չիմանալով, որ պատերազմը վերջացել է, որ Արցախը տեղահանվել է։
«Երբ այլևս չէին կրակում, այդպես իմացա, որ կռիվը վերջացավ։ Դժվար չէր կռահել, որ ես շրջափակման մեջ եմ և ամեն ինչ անում էի փրկվելու համար։ Ամենաշատը ես մտածում էի մամայի ու պապայի մասին, գիտեի, որ չեն դիմանա։ Շարժ չկար, ոչ մի գյուղում մարդ չկար, անգամ չգիտեի, թե որտեղ եմ, մի խոսքով ամեն ինչ շատ անհանգստացնող էր»,-պատմում է Ռաֆայելը, ով չնայած 20 տարեկան է, բայց ուժեղ ու հասուն տղամարդու սիրտ ունի։
Երբ Ռաֆայելից լուր չկար, ծնողներն ամենավատն են մտածել, ԴՆԹ թեստ են հանձնել։ Այդքանով հանդերձ չեն հանձնվել, հոգու խորքում գիտեին՝ որդին ողջ է, անգամ երազում են մի քանի անգամ տեսել։
Մայրն ասում է. «Տեսել եմ տղաս մի բարձունքում, միայնակ․․․»,- հետո չի զսպում արցունքները։ Ռաֆոն շարունակում է, գրեթե նույն, բայց իրական տեսարանը, երբ հրետակոծությունից հետո բացել է աչքերը, տեսել է ինքը սարի վրա է, ու ոչ ոք չկա նրա կողքին։
Շատ դաժան օրեր է տեսել Ռաֆայելը, փրկվել է, սակայն, իր ճարպկության շնորհիվ։ Գետավանի հանգստյան գոտիներից մեկի շինությունում թուրք ոստիկանն է նկատել հայ զինվորին, չի վնասել ու փոխանցել է Կարմիր խաչի առաքելության աշխատակիցներին։ Նրանց օգնությամբ ու ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ Ռաֆայելը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Անգամ տուն է գնացել։ Այստեղ մի քիչ կանգ է առնում․ «Երբ քաղաքն ու տունը դատարկ եմ տեսել, հասկացել եմ՝ Արցախն այլևս հայկական չէ»։
Հրաշքով փրկված տղայի ողջ մնալու լուրը ցնցել է բոլոր հարազատներին։ Ռաֆայելի հայրը՝ Մխիթարը, փրկարար ծառայության աշխատակից է։ Փրկարարների հետ որոնումներին շատ է մասնակցել։ Իր որդուն անգամ զոհվածների մեջ է փնտրել, բարեբախտաբար՝ արդյունք չի տվել։
Հիմա Մխիթարի ցանկությունը մեկն է, որ բոլոր անհետ կորածները իր Ռաֆոյի ճակատագիրն ունենան, բոլորը վերադառնան։
Աղբյուրը՝ Mediahub.am