կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 11:25
Հասարակություն

Հայրենասիրությունը ճառ չէ, գործ է. այսօր Խաժակ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն է

Հայրենասիրությունը ճառ չէ, գործ է. այսօր Խաժակ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրն է

«Հ.Յ. Դաշնակցությունը ծնվեց հայ ժողովրդին բերելու ազատություն, նա ոգի ի բռին պայքարեց ի խնդիր Հայաստանի ու հայության համար մարդկային տարրական իրավունքների նվաճման: Նրա Գոյության իմաստը եղավ պայքարը ազատության համար: «ԱԶՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ»՝ ահա միակ կարգախոսը Դաշնկացության համար անցյալում և այսօր: Եվ այսօր, որպես առաջամարտիկը ժողովրդավարական սկզբունքների, նա շարունակում է և պիտի շարունակի իր անհաշտ ու անկաշկանդ պայքարը հայ ժողովրդի ազատությունները խաթարել փորձող բոլոր կարգի ներքին ու արտաքին ուժերի դեմ, մինչև որ ազատության արծիվը անկաշկանդ թևածի հայոց երկնակամարում»:

Խաժակ Տեր-Գրիգորյան

Խաժակ Տեր-Գրիգորյանը ծնվել է 1941թ.-ի մարտի 21-ին Իրանի Ռաշտ քաղաքում:

1948 թվականին ընտանիքով տեղափոխվել են Թեհրան: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի ազգային «Քուշեշ Դավթյան» դպրոցում: Բարձրագույն ուսումը ստացել է Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնում, ապա՝ Գերմանիայի և Սորբոնի (Ֆրանսիա) համալսարաններում: 1971 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը՝ որպես պատմական գիտությունների թեկնածու: Նույն թվականին հրավիրել է Սպահանի պետական համալսարան՝ իբրև հայագիտական ամբիոնի դասախոս:

1972-1986 թվականներին վարել է նույն Հայագիտական ամբիոնի վարիչի պաշտոնը: 1959 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Երիտասարդ տարիքից աշխույժ և ներգործուն մասնակցություն է ունեցել ազգային-կուսակցական կյանքին: Ուսանողական տարիներին եղել է Թեհրանի «Ալիք» օրաթերթ խմբագրակազմի անդամ:

Եվրոպայում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, ուսանողական տարիներին կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի հայ ուսանողական միության հիմնադրման և հատկապես դաշնակցական ուսանողական միավորների կայացման գործում: Նույն ժամանակ եղել է Հ.Յ.Դ. Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի անդամ: Իրան վերադարձից հետո երկար տարիներ եղել է Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեի անդամ, միաժամանակ որպես վարիչ մասնակցել է պատանեկան և երիտասարդական միության աշխատանքներին: 1981թ.-ի դեկտեմբերին, Հ.Յ.Դ. 22–րդ Ընդհանուր ժողովը (Ֆրանսիա), ընտրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1984-1985 թվականներին գործուղվել է Ֆրանսիա, Հ.Յ.Դ նոր պաշտոնաթերթի՝ «Կամք» -ի հիմնադրումը կազակերպելու և վերահսկելու առաքելությամբ: ՀՅԴ Բյուրոյի անդամ է վերընտրվել 1985 թվականին, Հ.Յ.Դ. 23–րդ Ընդհանուր Ժողովում (Աթենք):

ՀՅԴ Բյուրոյի անդամակցության երկրորդ շրջանը (1985-1988) չի կարողացել ամբողջացնել՝ 1986 թվականին, Նոր Ջուղայի մեջ, քաղաքական պատճառներով ձերբակալվելու և մինչև 1989 թվականին բանտարկված մնալու պատճառով: 1989 թվականի սեպտեմբերին, բանտից ազատ արձակվելուց հետո, որպես կուսակցական գործիչ հրավիրվել է Հունաստան՝ Աթենք, մաս կազմելու Հ.Յ.Դ Բյուրոյի Կենտրոնական գրասենյակի և աջակցելու ՀՅԴ պաշտոնաթերեթ՝ «Դրօշակ»-ին, Հ.Յ.Դ. Մամլո Դիվանի և «Յեղափոխական մատենաշար»ի աշխատանքներին:

1990 թվականի աշնանը, իբրև Հ.Յ.Դ. Բյուրոյի լիազոր ներկայացուցիչ, գործուղվել է Հայաստան՝ ստանձնելու Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայաստանի գրասենյակի վարիչի պաշտոնը: Մինչև 1992 թվականի ավարտը գործել է իբրև այդպիսին՝ իր կարևոր ներդրումը ունենալով Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպության առաջին քայլերի գաղափարական և կազմակերպական հունավորման մեջ: Աջակցել է Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայաստանյան պաշտոնաթերթի ՝ «Ազատամարտ»-ի հիմնադրության աշխատանքներին, ինչպես նաև՝ հիմնական դեր է ունեցել «Մ. Վարանդեան» տպարանի հրատարակչական գործունեությունը ծավալելու մեջ:

1993 թվականի սկզբին, համալրման կարգով, նշանակվել է Հ.Յ.Դ. Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ՝ ստանձնելով մարմնի նախագահի պաշտոնը։ Նույն պաշտոնին է վերընտրվել 1994թ-ի գարնանը գումարված Հ.Յ.Դ. Հայաստանի 4-րդ Շրջանային Ժողովում և շարունակել է մինչև 1994 թվականի դեկտեմբերը, երբ Դաշնակցության Հայաստանի գրասենյակի գործունեությունը արգելվեց Հայաստանի 3-րդ Հանրապետության 1-ին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպությունը ապօրինի հռչակելու և հալածանքի ենթարկելու այդ օրերի կամայական քայլերից մեկը եղավ Խաժակ Տեր-Գրիգորյանի վտարումը Հայաստանից:

1995 թվականի հունվարից մինչև 1998 թվականի իշխանափոխությունն ու Հայաստան վերադարձը, Խաժակ Տեր-Գրիգորյանն իր գործունեությունը շարունակել է Թեհրանում՝ աշխատակցելով «Ալիք» օրաթերթում:

Այդ շրջանում Խաժակ Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը սկսել էր վատթարանալ։ Նա կյանքի վերջին տարիներին ուժերը լարել էր որպեսզի ամբողջացնի հրատարակչական անավարտ մնացած գործերը։ Անկողնուն գամված լինելով նա կարողացավ կյանքի ընկերոջ հետ ավարտել և մամուլին հանձնել դաշնակցական մեծ գործչի, հիմնադիր սերնդի գործչին ՝ Յոնան Դավթյանին նվիրված երկրորդ հատորը: Խաժակ Տեր-Գրիգորյանը մահացել է 2001 թ.ի սեպտեմբերի 25-ին։