կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 19:46
Քաղաքական

Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք. վարչապետ

Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք. վարչապետ

Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 20 հազար դեպք, իսկ հունիսի վերջին մոտ 30 հազար դեպք՝ հարյուրավոր մահերով: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:

«Կարող են նույնիսկ 100-ավոր մարդիկ մահանալ, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու եւ դրա ձեւը մեզնից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց պահպանել այն բոլոր կանոնները, որ սահմանված են պարետատան կողմից. «Անհատական մակարդակում սոցիալական հեռավորություն պահպանել եւ իրար հետ շփվել միայն դիմակ ունենալու պարագայում: Ես այսօր էլ տեսնում եմ փողոցներում մարդիկ, որ իրար քթի մեջ մտած զրուցում են, կարծես ոչ մի բան չի պատահել: Իմ կոչն է նաեւ չախտահանած ձեռքերով դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից չշփվել առանց դիմակի: Առանց դիմակի շփվելիս բավարար հեռավորություն պահպանել եւ օգտվել միայն ախտահանված սպասքից: Մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից: Ընդ որում, այդ պահվածքը կառավարության համար չի, բարեկամի ու հարեւանի համար չի, առաջին հերթին ընտանիքի անդամների համար է, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հիվանդության դեպքում ինչ կարող է լինել»,-ասաց նա

«Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը մեծ դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից եւ դրանից առաջ էլ մենք ձեզնից ոչ մի տեղեկատվություն չենք պահել: Դուք 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է ձեզ: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից:

Նաեւ առանձնահատուկ պետք է հետեւենք, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ: Փակ տարածքներում առանց դիմակի որեւէ մեկն իրավունք չունի մտնել, այդ թվում տրանսպորտ: Այո, տուգանելու ենք, եւ գանձելու ենք այդ տուգանքները, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է: Տուգանվելու են բոլորն անխտիր եւ գանձվելու են գումարները: Չասեք, թե  սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,-ընդգծեց Փաշինյանը: