կարևոր
3847 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 17:23
Քաղաքական

Ամեն օր ՀՀ քաղաքացին տանից դուրս է գալիս մտավախությամբ՝ հո չի՞ տուգանվելու

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն այսօր բազմաթիվ են։ Հայտարարությամբ կանդրադառնամ մի հարցի, որն ուղիղ առնչվում է ձեզ, իշխանությունների անգործության արդյունքում վնաս է հասցվում անմիջապես ձեր գրպանին։ Վերջին ամիսներին, առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի 1 լիտրը վաճառվում է 570 դրամով։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։ Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Մինչդեռ, ոչ միայն չի ուսումնասիրվում գնաճի պատճառը, այլև հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։ Գուցե հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։ ԵԱՏՄ ոչ մի պետությունում՝ ոչ ՌԴ-ում, ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում դիզվառելիքը չի վաճառվում նման բարձր գներով։ Այս պետություններում այն կրկնակի, եռակի էժան է։

Ի դեպ, խնդրահարույց է բենզինի և հեղուկ գազի ոչ միայն գինը, այլև՝ որակը, ինչը վկայում է ոլորտի համատարած բարձիթողի վիճակի մասին։ Կան մտավախություններ, որ առաջիկայում հնարավոր է նաև գազի գնի աճ։ 5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։ Այս իրավիճակը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ իշխանությունների անգործության հետևանքն է։

Ամեն օր ՀՀ քաղաքացին, որին միայն խոսքերով եք հաճոյանում, արթնանում, տանից դուրս է գալիս մտավախությամբ՝ հո չի՞ տուգանվելու որևէ բանի համար, կամ հիմա՞ ինչն է թանկանալու։ Հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր նիկոլ փաշինյանը ԱԺ ամբիոնից գնաճի ցուցակը ձեռքին ծաղրում, թե՝ բենզինի գինը թանկացել է, եկեք բրդենք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք։ Ելույթի վերջում էլ հեգնական տոնով շնորհակալություն հայտնեց նախորդ իշխանությանը՝ անհոգ և երջանիկ իրականության համար։ Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որի օրոք անկում են ապրում բացառապես բոլոր ոլորտները, որի օրոք շարունակական թանկացումներ են, որի օրոք կորցրինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը ու կանգնեցինք անվտանգային նոր մարտահրավերների առաջ։