Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկեղծ ասած՝ ես զարմանում եմ այն մարդկանց հայտարարությունների կապակցությամբ, ովքեր պնդում են, թե՝ եթե Իսրայելի եւ Ռուսաստանի պես մեծ պետությունները չկարողացան խոչընդոտել Լապշինի արտահանձնմանը, Հայաստանն ի՞նչ աներ, մանավանդ` երբ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ: Պարոնա'յք, դուք սա լո՞ւրջ եք ասում, ասենք՝ չգիտե՞ք ու հարցնո՞ւմ եք: Լավ, հնարավոր է Ռուսաստանն ու Իսրայելը թույլ պետություններ են, մենք է՞լ ենք թույլ: Հնարավոր է` Ռուսաստանի եւ Իսրայելի վրա Բելառուսը թքած ունի, մեզ վրա է՞լ ունի: Հնարավոր է` Բելառուսը ցանկանում է Ռուսաստանից եւ Իսրայելից բաներ քաղել, կորզել, մեզնից է՞լ է ուզում: Եվ վերջապես` հնարավոր է` Ռուսաստանն ու Իսրայելը անհրաժեշտ հետեւողականություն չեն ցուցաբերել այս հարցում, մենք է՞լ չենք ցուցաբերել: Փաստորեն, այդպես է ստացվում, իսկ քանի որ այդպես է ստացվում, ուրեմն մեղավորը մենք ենք, ինչի հետ, ի դեպ, դուք համաձայն չեք:
Բայց ես այլ բանից էի ցանկանում խոսել, էլի այս թեմայով, բայց բոլորովին այլ բանից: Բելառուսում ՀՀ դեսպանը որոշ լրատվամիջոցների հարցազրույց է տվել: Խոսել է, օրինակ, հայ-բելառուսական կապերն ամուր պահելու անհրաժեշտության, Հայաստանի եւ Բելառուսի՝ միասին քայլելու հրամայականի, այդ կապերը չխարխլելու կարեւորության մասին, մի խոսքով… Նա նաեւ նշել է, որ ինչ իրենից հասնում էր, ինքն արել է: Օրինա՞կ, օրինակ` գնացել է Բելառուսի ԱԳՆ եւ հանդիպել է Լապշինի թեմայով: Հիմա ինքը ի՞նչ մեղք ունի, որ բելառուսները պարզապես անտեսել են: Ի դեպ, «անտեսել են» բառերը հենց պարոն դեսպանն է օգտագործել: Հարգելի' պարոն Խաչատրյան Արմեն, մենք, իհարկե, չենք կասկածում Ձեր դիվանագիտական հնարավորությունների վրա, ու քանի որ չենք կասկածում, վստահ ենք, որ Դուք հրաշալի հասկանում եք, որ դիվանագիտության մեջ անտեսում են թույլին: Ու ձեր ասածից ստացվում է, որ, Բելառուսի կարծիքով, Հայաստանը շատ թույլ է, քանի որ Հայաստանին/նրա դեսպանին/ կարելի է անտեսել: Ու այստեղ՝ Հայաստանում, մարդկանց, գոնե` նրանց մեծ մասին, որոնք խորապես թքած ունեն Բելառուսի կարծիքների վրա էլ, Ռուսաստանի եւ Իսրայելի հանդեպ Բելառուսի վարած քաղաքականության վրա էլ, հետաքրքրում է մեկ հարց` ինչո՞ւ է, ՀՀ դեսպանի կարծիքով, ՀՀ-ն թույլ երկիր, գոնե` Բելառուսի համար: Լավ չե՞ք աշխատել ու աշխատում, հնարավոր է, այստեղ լավ չենք աշխատել ու աշխատում, դա էլ է հնարավոր, բայց ամենահավանականը գիտե՞ք` որն է, այն, որ շուտով կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն, կամ Պուտինն ու Ալիեւը, եւ Լապշինը ազատ կարձակվի: Առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելելու համար Բաքվից ներողություն խնդրելուց հետո, իհարկե: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանը կարողացավ հետ բերել իր քաղաքացուն, իսկ Հայաստանը չկարողացավ այնպես անել, որ Լապշինը Բաքվից ներողություն չխնդրի: Ամեն ինչ արեց, բայց չկարողացավ, իսկ սա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է… մեր պրոֆեսիոնալ ԱԳՆ-ի պրոֆեսիոնալ դիվանագետներն ու արտակարգ ու լիազոր դեսպանները վստահաբար գիտեն, թե ինչ:
Խնդրում եմ` սրանից հետո Ձեր հարցազրույցներում եւ ելույթներում երկրին բան չասեք: Չմոռանաք:
Հովիկ Աֆյան