կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 17:18
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է. Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ-ն դասակարգվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքը, բայց պարտքի ավելացումն անխուսափելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը որքանով կազդի ՀՀ արտաքին պարտի հնարավոր փոփոխության վրա։

«Հակառակ դեպքում չենք ունենա այն միջոցները, որոնք անհրաժեշտ են՝ հակազդելու սպասվող բացասական զարգացումներին: Միջազգային կառույցների վարկային միջոցներն արտաքին պարտքի մաս են: Այլընտրանք կարող է լինել եվրապարտատոմսերի թողարկումը, բայց հիմա միջազգային ֆինանսական շուկաներում անորոշություն է, փոքր է ակտիվությունը»,-նշեց նա:

Ջանջուղազյանի խոսքով՝ այն երկրների համար, որոնց վարկանիշը դեռեւս չի գնահատվում որպես ներդրումային, բարդ է այդ տարբերակի դիտարկումը: Հետևաբար, միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջնային տարբերակն են:

«Մեր գործընկերների հետ արդեն ունենք քննարկումներ, և, կարծում ենք, մեր խնդիրների հետ մենակ չենք մնա: Արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գնահատականը։

«Սա նշանակում է, որ նաև ՀՆԱ-ի սպասվող մեծությունը, մեր պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ մենք 2019 թվականին ունեինք 50 տոկոս», - ընդգծեց նա։

Արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն՝ նշեց Ատոմ Ջանջուղազյանը։

«Մեր կարանտինը, մեկուսացումը, հիվանդությունների դեպքերը, արտակարգ դրության հետևանքով սահմանափակումները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել։ Բացի այդ, անորոշության որոշակի աստիճան կա, որը կարող է հանգեցնել և իր ազդեցությունն ունենալ կրճատվող ներդրումների տեսքով, գործազրկության հնարավոր ավելացմամբ և ցածր եկամուտների տեսքով: Այս բոլորը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա՝ գործնականում բոլոր ճյուղերում: Ներկայացված է, որ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների հետևանքով կարող է 2-2,4 տոկոս բացասական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից», - ասաց նա:

Սա տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4,9 տոկոս էր նախատեսված:

«Դրա արձագանքման քաղաքականություն պետք է իրականացվի և շատ կարևոր է , որ մենք ունենք մինչ այժմ կուտակած պոտենցիալ, որը կարող է այս իրավիճակի համար օգտագործվել: Խոսքը այն մասին է, որ նախկին հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ունեցել ենք հնարավորություն ապահովել թե՛ հարկաբյուջետային կայունությունը, թե՛ պետական պարտքի կայունությունը: Այլ կերպ ասած՝ դա այն պոտենցիալն է, որը պետք է օգտագործվի և հենց այդ ճանապարհով հակազդման միջոցառումները նախատեսել ենք», - ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ տնտեսական աճի բացասական սպասումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների նախատեսվածից համեստ ցուցանիշի:

Նախարարը նշեց՝ 170 միլիարդ դրամ հարկային եկամուտների պակաս է նախատեսվում և դրա հետևանքով՝ 324 միլիարդ դրամ պակասորդ, որը ՀՆԱ-ի հինգ տոկոսը կկազմի:

Առաջարկվում է, որ 2020 թվականի բյուջեի գործող օրենքով փոփոխություններ իրականացվեն․ «2020 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ և չեք գտնի որևէ պետություն, որ համաճարակի հետ կապված զարգացումներին արձագանքած չլինի: Ակնհայտ է, որ Հայաստանը, լինելով բաց տնտեսություն, չի կարող անհաղորդ մնալ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և, ըստ էության, արտաքին ցնցումներն իրենց դրսևորումը գտնում են երկրներում տնտեսական աճի վրա բացասական ազդեցությամբ, որն իր հերթին Հայաստանի համար առաջացնում է խնդիրներ»։

Մյուս կողմից, ապրանքային շուկայում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չազդել հանքահումքային արդյունաբերության վրա՝ նշեց նա:

«Այդ զարգացումները մեր տնտեսության համար արտահայտվում են արտաքին պահանջարկի թուլացմամբ, զբոսաշրջության ոլորտն ակնհայտ է, որ դադարել է որպես ոլորտ գործունեությունը և դրա վերականգնման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն, մասնավոր տրասնվերտների վրա ևս անդրադարձ կլինի», - ասաց ֆինանսների նախարարը։

Որպես այս ամենի հետևանք, ըստ նրա, առկա են արտահանման կրճատման սպասումներ, դրամական փոխանցումների ներհոսքի նվազում և ծառայությունների հնարավոր կրճատում:

Մանրամասն՝ տեսանյութում․