Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացարձակ թվով կառավարության պարտքը ենթադրվում է, որ կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը կմոտեցնի մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Հարցին՝ հավելյալ վերցրած 750 միլիոն դոլար գումարն ի՞նչ ուղղությամբ է ծախսվելու, նախարարը պատասխանեց. «2021 թվականի բյուջեի մասին օրենքով, որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, արդեն իսկ նախատեսված է, եւ 242 միլիարդ դրամ պետական բյուջեում նախատեսված է որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով։ Այսինքն՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկված, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը՝ օրենքով 2021 թվականի համար դիֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»։
Հարցին՝ բյուջեի մասին օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, նախարարն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները եւ նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»։
Լրագրողի դիտարկմանը, որ տնտեսական խնդիրները շատ ավելի խորն են, Ջանջուղազյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք իրերն ընկալել այնպես, ինչպես իրենք կան։ Այսինքն՝ եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերվել, եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, որը լավ չի, ապա իրեն պետք է ընկալել հենց այդպես։ Առաջարկում եմ՝ ամեն ինչ չփորձել գորշ ակնոցներով դիտել»։
Հարցին՝ ինքը տնտեսությանն ի՞նչ ակնոցներով է նայում, նախարարը պատասխանեց. «Ընդհանուր տնտեսության վերաբերյալ մեր ընկալումն ունենք մեր ներկայացրած նախատեսումներում, որոնք առայժմ վերանայված չեն։ 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսում 2021 թվականին՝ ի՞նչ որակման է արժանի»։
Հարցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված 53 միլիարդ դրամն ինչի՞ վրա է ծախսվել, Ջանջուղազյանը պատասխանեց, որ այդ ծախսերի վերաբերյալ ավելի քան մանրամասն ներկայացվել է. «Ամբողջ գործընթացը ներկայացվել է ոչ միայն բանավոր, այլ նաեւ դա առկա է մեր նախարարության էլեկտրոնային կայքում։ Մենք ունենք շատ լավ կանոնակարգված տարեկան հաշվետվության գործընթաց, որի շրջանակում, կարող եք անհոգ լինել, փուլերով, բոլոր մանրամասներով, որոնք նախկինում մասնակցել են այդ գործընթացին, այն մարմինները, որոնք իրականացրել են ծրագրեր այդ միջոցների հաշվին, կմանրամասնեն՝ ինչ են արել այդ միջոցներով»։
Հարցին ի պատասխան՝ ռիսկային շեմը որքանո՞վ ենք հատել, Ջանջուղազյանը պարզաբանեց. «Յուրաքանչյուր շեմն էլ ունի իր ռիսկերը, այսինքն՝ պետք է ելնել այն դատողությունից, թե որ ռիսկի մասին է խոսքը։ Չկա այդպիսի բան, որովհետեւ եթե վերադառնանք մեր կարգավորումներին, հարկաբյուջետային կանոններ ունենք, որոնց համար առաջին շեմ է համարվում կառավարության պարտք/ՀՆԱ-ի 40 տոկոսը, որովհետեւ դրանից հետո սահմանված է՝ ինչ կանոն պետք է կիրառվի։ Կան երկրներ, որտեղ 90 եւ 100 տոկոսներ կան, բայց, որպես կանոն, զարգացող երկների համար 70-ից բարձր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը այն դեպքում, երբ հստակ չի հետ վերադարձի սցենարը, համարվում է բարձր կամ միջին ռիսկայնություն ունեցող»։