կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 23:27
Տնտեսական

Արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը և արտաքին պարտքի բեռի ավելացումը կմնա օրակարգային

Արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը և արտաքին պարտքի բեռի ավելացումը կմնա օրակարգային

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական պարտքը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 939.5 մլն դոլար. armeniatoday.news-ի հետ զրույց ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Մեկ ամսվա ընթացքում երկրի պետական պարտքն ավելացել է 220.7 մլն դոլարով: 5 մլրդ 576.7 մլն դոլար երկրի արտաքին պարտքն է, որը մեկ ամսում ավելացել է 70.1 մլն դոլարով: 1 մլրդ 884.3 մլն դոլար էլ երկրի ներքին պարտքն է, որն ավելացել է 147.1 մլն դոլարով: Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ ՀՀ պետական պարտքի ավելացումը պայմանավորված է համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով․ հետևանքները շատ ուղիղ տնտեսական ու սոցիալական են, և այդ պայմաններում ՀՀ-ն կարիք ունի արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման։

«Բնականաբար պետությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է ցուցաբերի աջակցություն և արտաքին ֆինանսական աղբյուրներից պետք է միջոցներ ներգրավի, ինչը հասկանալի է և այլընտրանք չունի։ Պետական բյուջեի մուտքերը կրճատվում են, ըստ այդմ նաև ավելանում են ծախսերը, որոնք և՛ սոցիալական, և՛ տնտեսական աջակցության բնույթի են։ Կարևոր է արձանագրել, որ արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման մասին խոսելիս կարևոր է արդյունավետության գնահատումը՝ թե այդ միջոցներն ի՞նչ նպատակի պետք է ծառայեն, ինչպիսի՞ տնտեսական արդյունք և ազդեցություն պետք է ունենան։ Այս մասով հավաքական գնահատումներն այդքան էլ հուսադրող չեն․ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերը իրենց բնույթով համարժեք չեն ստեղծված իրավիճակին և շատ անգամ նաև ուշացած են։

Հետևանքները վերացնելու տրամաբանությամբ միջոցների ներգրավումը շատ դեպքում նաև խնդրահարույց է՝ չնայած այլընտրանք չունենք, որովհետև առանց այդ պետական աջակցության վիճակն ավելի վատ կլինի։ Տնտեսության մեջ պետք է պետական ռեսուրսներ ներգրավվի, բայց արտաքին պարտքն էլ վտանգավոր է երկրի ֆինանսատնտեսական կայունության և հետագա զարգացման համար՝ անվերջ հնարավոր չէ ձեռք մեկնել և ռեսուրսներ ներգրավվել»,- նկատեց Ավետիսյանը։

Տնտեսագետն ընդգծեց, որ առաջարկել են՝ կառավարությունը սկսի ինտենսիվ և արդյունավետ բանակցություններ այն ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց հետ ունեցել ենք ներգրավված պարտքեր․ բանակցությունների առարկան պետք է լիներ եղած պարտքային միջոցների վերակառուցումը՝ պայմանների փոփոխություն, ժամկետի երկարացում։ «Սա կարևոր ուղղություններ էր, որովհետև գնում էին դեպի ճգնաժամ, դեպի ոչ ցանկալի տնտեսական իրավիճակ և կարևոր էր, որ արդեն իսկ գոյություն ունեցող արտաքին պարտքի բեռը որոշակիորեն վերակառուցվեր․ դրա ականատեսը չեղանք և փաստացի կառավարությունը, ի սկզբանե չպատկերացնելով կամ ամբողջապես չգիտակցելով հնարավոր հետևանքները, այդ ուղղությամբ չգնաց։ Իսկ երբ ստիպված էին, արտաքին պարտքի ներգրավման ուղղությամբ առավել անպարենպաստ վիճակում հայտնվեցինք։ Երկրորդ փաստարկը՝ կարևոր է, ոչ միայն պարքի արդյունավետությունը, այլ նաև, թե ինչ պայմաններով ես ներգրավում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն պարտքի ժամկետին, այլ նաև տոկոսադրույքին»,- նշեց նա։

Ավետիսյանն ընդգծեց, որ ի համեմատ Վրաստանի՝ շատ ավելի հարմար ու նպաստավոր պայմաններով են կարողացել և կարողանում ներգրավվել ռեսուրսներ։

«Միշտ կարելի է որպես երկիր պարտքով գումար գտնել, բայց շատ կարևոր են պայմանները՝ ի վերջո այսօր խնդիրը լուծեցիր, բայց պարտքային բեռն ավելանում է և ճնշում տնտեսության հետագա զարգացմանն ու սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը։ Որքան պայմանները ոչ բարենպաստ են, այնքան խնդիրներ ենք ունենալու։ Պարտքին այլընտրանք չկա, և մենք դեռ ականատես ենք լինելու, որ արտաքին պարտքը մեծանալու է, և դա ուղիղ համեմատական է այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակին և զարգացումներին»,- նշեց տնտեսագետը։

Նա նկատեց, որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակը պատկերող թվերը ցույց են տալիս, որ շարունակվում են տնտեսության ճգնաժամային երևույթները և անորոշությունը, քանի որ դեռ չենք հաղթահարել համավարակ։ Թե ինչքան կշարունակվի, և երբ կվերադառնանք տնտեսական բնականոն կյանքին, ըստ Ավետիսյանի ևս կարևոր է՝ անորոշությունները կարևոր են, որովհետև դրա պատճառով հետաձգվում են ներդրումները, տնտեսական ակտիվությունը դրանից թուլանում է։

«Արտաքին աղբյուրներից ռեսուրսների ներգրավվումը շարունակելու է մնալ օրակագային, չունենք այլընտրանք և բնականաբար մինչև տարվա վերջ մենք կավելացնենք արտաքին պարտքը, թե ինչ չափով՝ կապված է մի շարք գործոններից։ Որքան արագ հաղթահարենք, այնքան պարքի բեռը քիչ կմեծանա, որքան արդյունավետ լինի կառավարումը, ինչին ականատես չենք, այնքան ավելի քիչ ռեսուրսների կարիք կունենանք, և բեռը դրանից ավելի քիչ կավելանա։ Ընթացքը ցույց կտա, բայց ուղղությունը՝ արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավվումը և արտաքին պարտքի բեռի ավելացումը, կմնա արդիական»,-եզրափակեց Ավետիսյանը։

Աղբյուրը՝ armeniatoday.news