կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-04 13:58
Տնտեսական

2019թ.-ի համար կանխատեսվում է 4,9 տոկոս իրական աճ. Ատոմ Ջանջուղազյան

2019թ.-ի համար կանխատեսվում է 4,9 տոկոս իրական աճ. Ատոմ Ջանջուղազյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նա նշեց, որ 2019-ի բյուջեն չի կարող կանգնեցնել կյանքը և սկսել նոր գործընթաց, և նախագիծը շարունակելու է իրականացնել պարտավորությունների կատարման գործընթացը: Որպես նորամուծություն` բյուջեի նախագծում`հարկաբյուջետային կանոնների կիրառումն է: Դրա արդյունքում կայունացվելու է պետական պարտքը:

«Գնում ենք այն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք նոր արդյունք ստեղծելու համար, ոչ թե պարտք ենք վերցնում մեր ընթացիկ կարիքները հոգալու համար»,- ասաց Ջանջուղազյանը:

Հաջորդ նորամուծությունը ծրագրային ձևաչափով բյուջետավորում իրականացնելն է, այսուհետ ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդյունքները, այլ ոչ թե գործընթացը և գործողությունները:

«Կարևորվելու է ոչ թե դրամական միավորը, որը ծախսվել է, այլ` թե ինչ արդյունք է ձեռք բերվել այդ ֆինանսական միավորի ծախսման արդյունքում: Դա հնարավորություն կտա չափելի դարձնելու հետագա արդյունքները»,- ասաց նախարարը:

Ըստ Ջանջուղազյանի` մյուս տարվա համար կանխատեսվում է 4,9 տոկոս իրական աճ: Նախարարը անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որ կառավարությունն ավելի վաղ կանխատեսել էր 5,3 տոկոս աճ, իսկ հիմա` 4,9, ինչը նշանակում է, որ վիճակը վատացել է:

«5,3 տոկոսը տրվել էր այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ 2018-ին կունենանք 4,5 տոկոս աճ: Հիմա փոխվել է կանխատեսումը 2018-ի համար` հաշվի առնելով ներքին ու արտաքին տնտեսական գործոնները»,- ասաց Ջանջուղազյանը: