Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԼԻՔ», Ա. Է. — Հայալեզու մամուլի պատմական հարուստ ժառանգութիւնից խօսելիս մեծ բացթողում կը լինի, եթէ չանդրադառնանք դրա ազգային կարեւորագոյն գործօնին՝ հայապահպանմանը: Եւ որպէս այսպիսին, ազգապահպան նշանակութեան մամուլի՝ հարազատ «ԱԼԻՔ»-ի 85-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումները ընդամենը օրեր անց Իրան կը բերեն աշխարհասփիւռ հայալեզու մամուլի յայտնի դէմքերի, որոնք տասնօրեայ ժամանակահատւածում կը կամրջեն Արեւմտեան ու Արեւելեան Ամերիկաների, Եւրոպայի ու Միջին Արեւելքի եւ Հայրենի լրագրողական փաղանգի «հեռաւորութիւնը»:
Եւ այսպէս՝ Յարութ Սասունեանը՝ «Կալիֆորնիա կուրիէր»-ից, Աբօ Պօղիկեանը՝ «Ասպարէզ»-ից, Զաւէն Թորիկեանը՝ «Հայրենիք»-ից, Շահան Գանտահարեանը՝ «Ազդակ»-ից, Զարմիկ Պօղիկեանը՝ «Գանձասար»-ից, Յակոբ Ասատրեանը՝ «Օրեր»-ից, Ժիրայր Չոլաքեանը՝ «Նոր Յառաջ»-ից, Արտաշէս Շահբազեանը՝ ՀՅԴ Մամլոյ դիւանից, ՀՀ Սփիւռքի նախարարութեան լրատւական ներկայացուցչութիւնից՝ Վաղինակ Վարդանեանը եւ Էւելինա Բաղդասարեանը, Աբրահամ Գասպարեանը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնից (Հ1), Լուսինէ Ղարիբեանը՝ «Երկիր Մեդիա»-ից, Նայիրի Հոխիկեանը՝ «Կենտրոն»-ից եւ էլի ուրիշներ:
Ու այդ կամրջման իրանական խաչմերուկում նրանք կը լինեն նաեւ մեր հինաւուրց Ատրպատականի եւ Նոր Ջուղայի հայոց թեմերում:
Եւ աւելի ուշ ականատեսի հայեացքով նրանց մասնագիտական անդրադարձները կարտացոլեն Իրանի եւ յատկապէս այստեղ ապրող դարաւոր համայնքի իրականութիւնը:
Ինչեւիցէ, հաճելի է, երբ հանդիպում ես քո հին ու նոր հարազատ գործընկերներին, կիսւում մամուլի պատմական անցեալով, ու միախառնւում տարբեր երկրների տեղեկատւական մշակոյթի խառնարանում:
«ԱԼԻՔ»-ը այն հնոցն է ազգապահպանման, որը լրագրութեան պատմութեան մէջ ունի իր դէմքն ու տեղը, ահա այդ 85-ամեայ նկարագիրն է համախմբել աշխարհասփիւռ մամուլի կարկառուն դէմքերին, այստեղ մեզ մօտ՝ «ԱԼԻՔ»-ում…
«Ալիք»-ի 85-ամեակի առթիւ նախատեսւած ձեռնարկների շարանում ամենապատեհ առիթը, անշուշտ, դա Հայրենի եւ արտերկրի հայկական մամուլի ներկայացուցիչների միաժամանակեայ մասնակցութիւնն է: Այսպիսի քանակական եւ որակական միատեղութիւնն, ինչ խօսք, «ԱԼԻՔ»-ի երկարամեայ պատմութեան հոլովոյթում, կարելի է բնութագրել որպէս աննախադէպ պատեհութիւն: Յատկանշելի է, որ նման ներկայացւածութիւնը ինչքան «ԱԼԻՔ»-ի սեփական, այնքան էլ, ու դեռ աւելին, իրանական պետական համապատասխան շրջանակների նախանձախնդրութեան արդիւնքն է եղել: Իսկ դրա վկայութիւնն է՝ նոյնինքն հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչների համար նախատեսւած շփում-հանդիպումը՝ թէ՛ իրանական ծանրակշիռ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, եւ թէ՛ Իրանի մշակոյթի նախարարի գլխաւորութեամբ կազմակերպւած խորհրդաժողով-հանդիպման մասնակցելը:
Իրանահայ հինաւուրց համայնքի պատմական թէ հոգե-մտաւոր բարձրարժէք ժառանգութեանը առնչւելու կրկնակի պատեհ առիթը կունենան մեր թանկագին հիւրերը՝ Ատրպատականի ու Սպահանի նահանգներ այցելութեան ընդմիջից: Ս. Թադէ եւ Ս. Ամենափրկիչ վանքերն ու միւս յուշարձանների հոգեպարար աւիւնով են լիցքաւորւելու Հայրենի եւ Սփիւռքեան մեր գործընկերները, որոնք անմիջական ու ականատեսի հայեացքով նաեւ մեծ երախտագիտութեամբ պէտք է վկայեն այդ մեծարժէք հայկական ժառանգութեանց պահպանման ու ծաղկեցման սիրոյն իրանական պետական բարեացակամ վերաբերմունքի մասին:
Հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչները նաեւ ու մանաւանդ հաճելի առիթը կունենան նոյնպէս առնչւել-ծանօթանալու իրանահայ համայնքի աւանդապահ, հայրենասէր ու մշակութասէր անդամներին՝ թէ՛ թեհրանահայ համահայկական բացառիկ խաղերի եւ թէ՛ հինաւուրց թեմեր այցելելու ընդմիջից:
Մէկ խօսքով՝ հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչների համատեղումը Իրանում իր ձեւաչափով թէեւ մասնակի, բայց վառ ցուցանիշն է հանդիսանալու Հայոց Եռամիասնութեան՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք գաղափարի, որի դրսեւորման ու ջատագովելու պատիւը տւեալ դէպքում ընձեռւել է իրանահայ համայնքին ու նրա հարազատ որդու՝ 85-ամեայ «ԱԼԻՔ»-ին …
Դ. Մ.
11-09-2016
«ԱԼԻՔ» – «Խաղաղ երկինք, համերաշխ կեանք, հզօր հայրենիք» կարգախօսով, սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկող 48-րդ շրջանի Համահայկական խաղերը այս տարի նւիրւած են լինելու «Ալիք»-ի 85-ամեակին:
Համահայկական խաղերի հետ կապւած վերջին նորութիւնների մասին համայնքին իրազեկելու նպատակով զրուցել ենք խաղերի պատասխանատու Գառնի Խեչումեանի հետ:
Խաղերի մասնակիցների թւային պատկերի մասին նա ասաց. «Վերջնական թիւն է 767 մարզիկ-մարզուհիներ Իրանից, իսկ 100-ը՝ Հայաստանից, Արցախից եւ Վրաստանից, ընդհանուր թիւը՝ 867 հոգի: Խաղերի ընթացքում մարզիկները մրցելու են՝ Ֆուտբոլ, բասկետբոլ, լող, թենիս, պինգ-պոնգ, շախմատ եւ թեթեւ ատլետ մարզաձեւերում»:
Նշենք նաեւ, որ այս տարի նախատեսւել է նաեւ բազկամարտի ցուցադրական մրցոյթ:
Իսկ մարզիկ-մարզուհիների համար նախատեսւել են՝ Հ. Մ. «Սիփան» միութիւնը, «Արարատ» մարզաւանը եւ «Օլիմպիկ» հիւրանոցը: