Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կայացման, Արցախյան առաջին գոյապայքարում հաղթանակի կերտման երախտավոր Սերգեյ Վանցյանի հետ իմ առաջին «հանդիպումները» եղել են 1990-ական թվականներին: Ես այդ ժամանակ դպրոցական էի, և մանկությանս քաղցր հիշողություններում անթեղված պատկերներից չեն ջնջվել հայրենի գյուղիս՝ իմ երազ աշխարհի երկնքում հայտնվող ուղղաթիռները: Առաջին դասարանից՝ 1990 թ., մինչ 2000-ական թվականների սկզբները՝ մինչ ուսանելու համար Երևան գալս, Ջավախքի՝ Թռեղքի լեռների հարավային փեշերին, քիչ բարձրադիր դիրքում գտնվող իմ հայրենի Ղադո գյուղի երկնքով պարբերաբար անցնում էին ուղղաթիռներ և վայրէջք կատարում Ղադոյից մի քանի կմ արևմուտք գտնվող Բեժանո գյուղում: Այն ժամանակ, բնականաբար, ուղղաթիռները, զարմանք, հետաքրքրություն (նրանք այնքան մոտ էին թռչում, որ անգամ տեսանելի էին դիմացի խցում նստած օդաչուները) պատճառելուց բացի, մեզ այլ բան չէին ասում:
Տարիներ էին պետք՝ հասկանալու, գիտակցելու, թե այդ ուղղաթիռներով Ջավախքի իր հայրենի գյուղ պարբերաբար այցի եկող Սերգեյ Վանցյանն այդ փոթորկուն տարիներին ինչու էր գալիս Ջավախք, և, ընդհանրապես, ո՞վ էր մեզ ուրախություն պատճառող «ուղղաթիռային հերոսը»:
Լեգենդար հայրենակցիս հետ երկրորդ հանդիպումը, որն արդեն տեղի ունեցավ առանց չակերտների, տարիներ անց էր՝ 2013 թ., երբ ակտիվ քննարկումներ էինք իրականացնում՝ ստեղծելու աշխարհասփյուռ ջավախքցիների ներուժը համակարգող և դեպի հայրենի Ջավախք ուղղորդող կազմակերպություն (2014 թվականից իր գործունեությունը ծավալող այդ կազմակերպությունը կոչվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ, որի հիմնադիրներից և հոգաբարձուների խորհրդի անդամներից ու բարերարներից է նաև Սերգեյ Վանցյանը):
Սերգեյ Վանցյանի հետ ծանոթացանք հենց Ջավախք մեկնելու ճամփին՝ ավտոմեքենայի մեջ: Իհարկե, մինչ այդ, թե՛ որպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի սան, թե՛ որպես Ջավախքի հիմնահարցերով զբաղվող ուսանող, ասպիրանտ, այնուհետև՝ փորձագետ, արդեն որոշակիորեն ծանոթ էի այդ լեգենդար մարդու գործունեության որոշ դրվագների, ուստի մեծ հպարտություն ապրեցի, երբ նրա հետ կենդանի շփման առիթ ստեղծվեց:
Դրանից հետո արդեն, թե՛ իմ նոր աշխատանքի բերումով (հիմնադրման օրվանից՝ 2014 թ. Հունվարից, մինչ 2016 թ. հոկտեմբերը հանդիսացել եմ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը), թե՛ որպես հայրենակիցներ, հաճախակի դարձան իմ հանդիպումները Սերգեյ Վանցյանի հետ: Եվ անցած ութ տարիների՝ արդեն մտերմության վերածված մեր շփման ընթացքում ես յուրաքանչյուր անգամ «հայտնաբերում եմ» մի նոր Սերգեյ Վանցյանի՝ հրամանատարի, զինվորականի, օդաչուի, ավիացիայի ոլորտի փայլուն գիտակի, Արցախյան գոյապայքարի կնճռոտ հարցերի լուսաբանման խնդրում կենդանի վկայի, Ջավախքի հետխորհրդային անցքերի լավագույն «սկզբնաղբյուրի», հայրենի եզերքի հանդեպ անսահման նվիրում ունեցող պատվախնդիր ջավախքցու, բարերարի, վերջապես՝ ազգային, բարոյական ու մարդկային բարձր նկարագիր ունեցող մարդու: Սերգեյ Վանցյանը հայկական արիստոկրատիայի մարմնացումն է:
Հայրենի գերդաստանների, Ջավախքի նշանավոր մարդկանց կյանքի ու գործի մասին մեր զրույցներից մեկում մի օր խոսք բացեցի Վանցյանների գերդաստանի նշանավոր ներկայացուցիչ, մեծանուն հայագետ, լեզվաբան ու մանկավարժ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի դասընկեր ու մտերիմ Գրիգոր Վանցյանի մասին՝ Սերգեյ Վանցյանին ցույց տալով մի գրավաճառից բավականին թանկ գնով ձեռք բերած՝ նրա արժեքավոր գրքերից մեկը («Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» (Թիֆլիս, 1906)): Բնականաբար, մեծ էր և՛ հպարտությունս, և՛ պատասխանատվությանս զգացումը, երբ Ս. Վանցյանը հրամանատարի իր լակոնիկ ձևակերպմամբ ու ազդու ձայնով նվաստիս հանձնարարեց գրել իր այդ նշանավոր նախապապի գիտական կենսագրականը, ինչպես նաև հավաքել և հրատարակության պատրաստել նրա գիտական, գրական, հրապարակախոսական ու թարգմանական ողջ ժառանգությունը:
Բարեբախտաբար, մասնագիտական մանրակրկիտ պրպտումներիս, պետական մի շարք պահոցներում երկարատև տքնաջան աշխատանքիս արդյունքում կարողացա արդարացնել Ս. Վանցյանի սպասելիքները, և հենց նրա նյութական խնայողությունների միջոցով 2015-2020 թթ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ, հրապարակի վրա դրվեց 4 գիրք՝ Գրիգոր Վանցյանի երկերի երկհատոր ժողովածուն, «Գրիգոր Վանցյան. ուսումնասիրություններ և հրապարակումներ» առանձին հատորը, մեծանուն հայագետի 150-ամյակին նվիրված հոբելյանական «Հատընտիրը»: Նույն ժամանակահատվածում նվաստիս հեղինակությամբ տպագրվեցին մի քանի գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, ստեղծվեցին հեռուստառադիոհաղորդումներ և այլն: Չնայած վրացական իշխանությունների հարուցած արգելքներին, այդուհանդերձ, մեծ հայագետի մեծարժեք գործերը գրքերի և էլեկտրոնային ձևաչափով հասան նաև հայրենի Ջավախք, և ջավախահայ նորօրյա սերունդը դրանով հաղորդակից դարձավ իր լեռնաշխարհի զավակներից մեկի կյանքի կարճատև, սակայն փառավոր ուղուն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին մտերմացած Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի ջերմ հարաբերությունների արգասիք են ուսանողական կացարանում ձևավորված «հնգյակի»՝ հռչակավոր «Վերնատան» նախահիմքը հանդիսացող գրական-գեղարվեստական խմբակը, Թումանյանի առաջին բանաստեղծություններն ու դրանց մասին ընկերական քննարկումները, Գ. Վանցյանի՝ Թումանյանի հետագա գործերը բնութագրող և ժամանակի շունչը ներկայացնող մտերմիկ նամակները (այդ նամակներից 14-ը վերնշյալ գործերում հրատարակել ենք առաջին անգամ. ցավոք, Հովհ. Թումանյանի՝ Գր. Վանցյանին ուղղված ոչ մի նամակ չի պահպանվել, կամ դրանց գտնվելու վայրերը մեզ հայտնի չեն), Թումանյանի առաջին գրքի (Հ. Թումանյանց, Բանաստեղծություններ, Մոսկվա, 1890) հրատարակման բաժանորդագրության կազմակերպումը, Թումանյանի «Փարվանա» բալլադի ստեղծումը (Ջավախքում Փարվանա լճի և կրակի մեջ այրվող թիթեռների մասին տարածված զրույցները Հովհ. Թումանյանն առաջին անգամ լսել է Գ. Վանցյանից) և այլ հոգևոր արժեքներ:
Զինվորականին հատուկ բնավորությունը, ցավոք, երբեմն պատճառ է եղել, որ Սերգեյ Վանցյանը բոլոր կողմերով ու խորությամբ չբացահայտի հատկապես Արցախյան գոյապայքարի տարիներին տեղի ունեցած շատ դեպքեր ու դեմքերի: Այդուհանդերձ, հրամանատարի՝ անգամ լակոնիկ ոճով նետված մի քանի բառերից կամ նախադասություններից երբեմն կարողացել ենք մի ամբողջ իրադարձության կամ պատերազմական օպերացիայի մասին որոշակի պատկերացումներ կազմել: Ցավոք, իրերի բերմամբ, մերօրյա սերունդը շատ քիչ բան գիտի ավիացիայի՝ Արցախյան գոյապայքարի տարիներին ունեցած ճակատագրական դերակատարության մասին: Եվ շատ դեպքերում հրապարակված թվերից կարելի է դատել, թե ինչ ոլորտի և դրա գլուխ կանգնած ինչ լեգենդար մարդկանց հետ գործ ունենք:
Այսպես՝ 1989-1994 թվականների ընթացքում Սերգեյ Վանցյանի գլխավորած «Հատուկ ավիաուղիներ» ավիաընկերության (նրա անմիջական ենթակայությամբ էր գործում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ուղղաթիռային ավիացիան) օդաչուները կատարել են մոտ 33 հազար թռիչք, որից 27 հազարը՝ մարտական։ Նրանք փոխադրել են 75 հազար տոննա բեռ և 600 հազար մարդ: Այստեղ ավելորդ է անգամ խոսելը, թե մինչ 1992-1993 թվականները, երբ դեռևս ազատագրված չէին ներկայիս Արցախի Հանրապետության Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները, ինչպիսի վտանգավոր թռիչքների մասին է խոսքը, ինչպիսի կենսական անհրաժեշտություն էր յուրաքանչյուր թռիչքով Արցախ տարվող բեռն ու մարդուժը, և որքան կյանքեր են փրկվել ուղղաթիռների՝ Սերգեյ Վանցյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բարեհաջող վայրէջք կատարելու շնորհիվ, ուղղաթիռներ, որոնց մեջ գտնվում էին Արցախում վիրավորված ազատամարտիկներն ու խաղաղ բնակիչները: Իսկ Ս. Վանցյանի՝ դեպի Արցախ թռչող և հետ վերադարձող օդաչուների սխրանքների առջև խոնարհվել են անգամ համաշխարհային ճանաչում ունեցող և գերփորձառու մասնագետները:
Մի առիթով ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, հոտնկայս խմելով կենդանի լեգենդի՝ Սերգեյ Վանցյանի կենացը, նշեց. «Հիրավի, դժվար է պատկերացնել այն լարված ժամերը, անգամ՝ րոպեներն ու վայրկյանները, որոնք ապրել է Սերգեյ Վանցյանը՝ մինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ցամաքային հատվածների ազատագրումը: «Թշնամին կխոցի՞ ուղղաթիռը, թե՞ այն արդեն անցավ վտանգավոր գոտուց». ահա հարցերի հարցը և դար թվացող վայրկյանները, որոնք ապրել է նա պատերազմի առաջին փուլի ողջ ընթացքում: Կարող ենք վստահաբար նշել՝ նա ամեն բարեհաջող թռիչքի ժամանակ վերածնվել է՝ կյանք տալով նաև վիրավոր մարդկանց և մեզ համար այդքան բաղձալի հաղթանակներին»:
Արցախյան հաղթանակները նաև Սերգեյ Վանցյանի՝ արցախյան երկնակամարը հերոսաբար «նվաճելու» և անհրաժեշտ վառելանյութն ու զինամթերքը գերլարված ճիգերով մատակարարելու շնորհիվ են կերտվել: Եվ այդ ամենից հետո լեգենդար հրամանատարի հետ խոսել 2020 թ. տեղի ունեցած պատերազմի, անփառունակ պարտության, ազատագրված 7 շրջանները, հայոց հինավուրց Շուշին, Հադրութն ու քաղաքակրթական արժեքները դավադրաբար հանձնելու մասին՝ պարզապես անհնար է: Անգամ չեմ էլ փորձել զանգահարել կամ հանդիպել նրա հետ: Սիրտ չկա: Հեռվից հեռու զգում եմ նրա ապրումներն ու մտորումները: Ցավում եմ խորապես, որ լեգենդար հրամանատարի 70-ամյակին ընդառաջ հայ նորօրյա սերունդը նրան «պարգևեց» ոչ թե հաղթանակներ, այլ նվաստացուցիչ կորուստների դառը զգացումներ:
Վանցյան տեսակի նվաճումները պիտի՛ վերականգնվեն:
Շնորհավո՛ր 70-ամյակդ, փառապա՛նծ հրամանատար:
Փա՛ռք մեր հաղթանակների երախտավորներին:
Փա՛ռք մեր ընկած և ապրող հերոսներին:
Վահե Սարգսյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող
2-ը մայիսի, 2021 թ.