կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 11:37
Հասարակություն

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                   1000

Մետաղը/հարգը                արծաթ 925

Քաշը                               33,6

Տրամագիծը                      40,0

Քանակը                           500

Դրամաշուրթը                             ատամնավոր

Որակը                             պրուֆ

Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթևի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի հոգևոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ:

Դասավանդել է նաև Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի հոգևոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը: 

1390 թ. նա հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:    Տաթևացու օրոք Տաթևի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին և դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն:

Տաթևացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» և «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաև «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած և ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը

Դիմերես՝ Տաթևի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը                   1000

Մետաղը/հարգը                արծաթ 925

Քաշը                               33,6

Տրամագիծը                      40,0

Քանակը                           500

Դրամաշուրթը                             ատամնավոր

Որակը                             պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: