կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 17:11
Իրավական

Վեհափառի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լուսի ներքո, այն պարզապես լսում են. Ա. Վարդևանյան

Վեհափառի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լուսի ներքո, այն պարզապես լսում են. Ա. Վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան և սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել վերլուծելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը կամ որևէ կերպ մեկնաբանելու այն: Իմ համեստ կարծիքով, Հոգևոր Առաջնորդի խոսքը պարզապես՝ լսում են: Վեհափառ Հայրապետի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լույսի ներքո, առավելևս, երբ քրեադատավարական իմաստով արդեն իսկ խոսվել է Եվրոպայի խորհրդի երկու բարձրագույն մարմինների կողմից՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից: Ի դեպ՝ հենց այդ երկու մարմինների հրապարակային դիրքորոշումները ոչ միայն պարզապես վերաբերելի են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, այլ հենց հստակ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը: Ես, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հպարտ եմ մեր պատմությունով և տեղին է պարզապես նշել մեր Սահմանադրության 18-րդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Որպես սահմանադրագետ՝ գտնում եմ, որ այս նորմը պետք է լինի Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ հոդվածների շարքում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 15-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առնչությամբ։ Նա նշել էր.

«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ 
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։