կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 15:44
Արցախ

Ջիվան Աբրահամյանի սպառնալիքներին արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը պատկանում է ՀՀ-ին. ԼՂՀ դատախազություն

Ջիվան Աբրահամյանի սպառնալիքներին արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը պատկանում է ՀՀ-ին. ԼՂՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Երևանի Ազատության հրապարակում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի հայտարարության առնչությամբ, որում ասվում է.

«Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ.  տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն`  Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, և դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Երևանում երեկ անցկացված հանրահավաքում հնչեցված սպառնալիքների կապակցությամբ:

«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցելով համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։  Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,-նշել էր նա: