կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 16:33
Քաղաքական

Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, որ ասի՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է, թե՝ ոչ. գլխավոր դատախազ

Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, որ ասի՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է, թե՝ ոչ. գլխավոր դատախազ
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված գործընթացը դեռ ավարտված չէ, երբ տեղեկություններն ամբողջանան, գլխավոր դատախազությունը պարզաբանում կտա Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքների և պատճառների մասին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
 
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործը համարում է բացահայտված, արդյո՞ք իրապես այն կարելի է համարել բացահայտված, գլխավոր դատախազը պատասխանեց. «Քրեական գործի մասին դուք տեղեկություններ ունեք, որ նախաքննության ավարտ է հայտարարված  որոշ մեղադրյալների մասով: Նրանք հիմա ծանոթանում են գործի նյութերին»: 
 
Ըստ նրա` գործի բացահայտված-չբացահայտված լինելու մասին վկայում է այն, որ գործի հանգամանքները բացահայտված են, արարքին տրված է իրավական գնահատական, կոնկրետ անձին մեղսագրված է այդ արարքի կատարումը: 
 
Հարցին՝ եթե ապացուցվի, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, դա բավարա՞ր է, որ գործը բացահայտված համարվի, Դավթյանն արձագանքեց. «Իհարկե՝ ոչ»:
 
«Փաստորեն, Փաշինյանը շտապե՞լ է՝ ասելով, որ գործն ամբողջապես բացահայտված է» հարցին գլխավոր դատախազն արձագանքեց՝  պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ: «Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել և կապել քրեական գործի ընթացքի հետ ճիշտ չէ»,- ասաց նա:
 
Արձագանքելով Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, որ քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ չի հատկացվել, Դավթյանն ասաց, որ, 50 օրացուցային օր տրամադրելով, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը: «Այստեղ իրավական առումով գերխնդիրն է` ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի արդյունավետ պաշտպանությունը», - նշեց նա՝ վստահեցնելով, որ շտապելու ոչինչ չի եղել:
 
Հարցին՝  հնարավո՞ր է, որ Դուք ներկա լինեք Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյաների դատավարությանը, գլխավոր դատախազն արձագանքեց. «Ամեն բան հնարավոր է»:
 
Հարցին՝ ըստ Ձեզ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի հիմքերն ամո՞ւր են,  շատերը պնդում են, որ «քրեական գործը ջուր է», նա պատասխանեց. «Պարզ է, չէ՞, որ պաշտպանը չպետք է ասի՝ ինչ հիմնավոր մեղադրանք է: Մեղադրանքի կողմն էլ գտնում է, որ իր փաստարկները շատ ուժեղ են: Դրա համար էլ ստեղծվել է մեխանիզմ, որ վաղը երկուսով գնան դատարան, և այնտեղ մենք մեր փաստարկներն են ներկայացնելու,  նրանք էլ՝ իրենցը»:
 
Հակադարձմանը՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատները Ձեզ համար մտահոգիչ չե՞ն, երբ հետագայում ՀՀ-ի դեմ կարող են որոշումներ կայացվել, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Մենք կարծում ենք, որ լիարժեք հիմնավոր և իրավաչափ ենք գործել, բայց այդ իրավիճակում ճիշտ չէ որակել «մտահոգություն», հարցը ճիշտ չի ձևակերպված»: