կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 13:09
Տնտեսական

ՀՕՄ-ը բժշկական սարքավորումներ ու ապրանքներ է առաքել Արցախ՝ համավարակի դիմագրավման համար

Հայ Օգնության Միությունն աջակցում է Արցախում համավարակի դեմ պայքարի աշխատանքներին։

Կանանց հայկական խոշորագույն բարեսիրական կազմակերպությունը, ՀՅ Դաշնակցության աջակցությամբ, արձագանքելով Արցախի  առողջապահության նախարարության օժանդակության կոչին, առողջապահական պարագաներ, այդ թվում մեծ քանակությամբ էլեկտրոնային ջերմաչափեր է ուղարկել Արցախ։

Բժշկակական ապրանքների խմբաքանակներից մեկը ուղարկվել է Կանադայից։ Առանձին եւս մեկ բաժին Արցախ է հասնելու արդեն Չինաստանից։

Հայ Օգնության Միությունը բժշկական պարագաների առաքման համար պայմանավորվածություններ էր ձեռք բերել ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ դեռևս մարտի սկզբին, երբ, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման և կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, օժանդակություն (դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն) ուղարկեցին ՀՀ և Արցախ։

«Մինչ այժմ Արցախում կորոնավիրուսի  դեպքեր չեն արձանագրվել, սակայն  այս օժանդակությունը նախազգուշական քայլ է՝ Արցախում վարակի տարածումը կասեցնելու համար։ Հակառակ բոլոր խոչնդոտներին, Սփյուռքի միասնական ուժերով մեր հայրենիքում պետք է պայքարենք համավարակի դեմ»,- ասված է Հայ Օգնության միության հաղորդագրությունում։

Հիշեցնենք,  որ մարտի 21-ին ՀՅ Դաշնակցության Բյուրոն կոչ էր արել կուսակցական կառույցներին եւ ուղեկից միություններին՝ բոլոր ջանքերը գործադրել համավարակի դեմ պայքարի համար։