Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ի՞նչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանը նշեց, որ 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը արվի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացմանը:
Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:
Ընդ որում` հաշվի են առնվել նաև գնաճային կանխատեսումները:
«Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ` նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն' շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձ, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք ունենք 292 հազար անձ` բարձրացումից հետո»,- ասաց նախարարը' նշելով, թե թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
Վարչապետն այս առումով նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների չափերի բարձրացումը դեռևս շոշափելի չէ: «Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներ ուղղվելու են այդ ծախսերին, բայց, այնուամենայնիվ, դրանք շոշափելի փոփոխություններ են, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք' այն դիտարկելով, որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»,- նշեց Տիգրան Սարգսյանը: