Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ կառավարությունն ԱԺ հավանությանն էր ներկայացրել իր ծրագիրը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց վարչապետին. «Պարո'ն վարչապետ, կառավարությունն իր հսկայական պատասխանատվությամբ, եթե հաջողի, Դուք գիտեք` մենք ուրախ կլինենք, բայց մեր գնահատականը արդյունքներով է պայմանավորված լինելու:
Առաջին հարցը վերաբերում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին: Ծրագրում այդ մասին դրույթներ կան, բայց պետության սուղ միջոցներով մենք մինչև այսօր չենք կարողացել այդ հարցը լուծել` և' սոցիալական, և' բարոյահոգեբանական տեսանկյունից: Նոր կառավարությունն արդյո՞ք մտադիր չէ իրական հաշվառում կատարել, թե ովքեր են մասնակցել ազատամարտին: Շուշիի ազատագրմանը մասնակցել է մոտ հազար մարդ, բայց չորս հազար մարդ մեդալ է ստացել Շուշիի ազատագրման համար: Եթե արվի իրական հաշվառում, եթե, իհարկե, շատ ուշ չէ, ապա այդ սուղ միջոցները հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել:
Երկրորդ հարցը` նոր կառավարության համար կենսաթոշակային բարեփոխման նպատակը ո՞րն է, սա սոցիալակա՞ն ոլորտի բարեփոխում է, թե՞ ֆինանսական: Ինչու եմ դա հարցնում` կառավարության ծրագրի սոցիալական պաշտպանության բաժնում բարեփոխման մասին գրված չէ, սակայն ֆինանսական միջնորդության բաժնում գրված է. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստում է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժակետ ֆինանսական ռեսուրսների ստեղծմանը և ներդումների հարցում երկրի ֆինանսնական համակարգի դերի մեծացմանը»: Այսինքն` սա զուտ ֆինանսական խնդրի նպատակ է, թոշակների մասին այստեղ որևէ հարց չկա:
Եվ երրորդ հարցը` արդեն թևավոր խոսքի է վերածվել Ձեր այն արտահայտությունը` պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչո՞ւ այդ արտահայտությունը չեք դրել այս նույն կետում: Բացատրեք խնդրում ենք, այս խոսքի տրամաբանությունը, իմաստը, բովանդակությունը:
Եվ չորրորդ հարցը` մեր խնդիրների մեծ մասը նրանից է, որ մենք մի բան ասում ենք, մի բան հայտարարում ենք, բայց այլ բան անում ենք: Ինձ հետաքրքիր է ձեր անձնական վերաբերմունքը, երեկ Ձեր ներկայությամբ եղավ մի քվեարկություն՝ իրավունք- պարտավորություն բառերի վրա խաղալով: Մենք քվեարկեցինք ու անցավ: Եթե մենք այսպես ենք շարունակելու, վստահության խնդիրը դառնալու է ամենամեծ խնդիրը»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցերին, նախ նշեց, որ ԱԺ քվեարկությունների հետ ինքն այլեւս կապ չունի, եւ որ պատգամավորների խնդիրն է իրենց կամքն ազատ արտահայտելը: «Ինչ վերաբերում է Արցախի ազատամարտի մասնակիցներին, հաշվառման մասով Ձեր հետ համաձայն եմ, պետք է ունենանք հստակ հաշվառում: Հաշվի կառնենք Ձեր առաջարկը: Կուտակային բարեփոխման հետ կապված` դա սոցիալական բարեփոխում է, այլ ոչ ֆինանսական: Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված, դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիների մոտ սոցիալական լուրջ խնդիր չառաջանա: Ձեր հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի խորհրդարան: Մեր բոլորի նպատակն է ունենալ այնպիսի օրենք, որը կբխի բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկները: Դա շատ կարևոր բարեփոխում է, թե ինչ ձևով անցկացվի; մի քիչ համբերենք, հունիս ամսին կբերենք այն ԱԺ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: