կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 17:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է խթանել գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը․ Փաշինյան

Պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի ու նախատեսվող միջոցառումների մասին խորհրդակցության ընթացքում։

Նա նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը:

«Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով: Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել:

Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում: 

«Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար: Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, և հիմա էլ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան: Այս ուղղությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց այստեղ կառավարությունից և պետական մարմիններից ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձևավորենք հստակ չափանիշներ: Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, և որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել և այդպես շարունակ»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռևս քննարկվման փուլում են գտնվում:

Այնուհետև ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով: Դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հետևողական և գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով:

Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կոնորավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր: Նա հավելել էր՝ ՀՀ կառավարության գործունեությունը պետք է երկու տրամաբանության բաժանված լինի. առաջինը պետք է լինի պարետատան գործունեությունը, երկրորդ մասը պետք է լինի  հակաճգնաժամային, միաժամանակ ռազմավարական քայլերի մշակումը եւ տրամաբանությունը, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել:

Մանրամասն՝ տեսանյութում․