կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 16:32
Տնտեսական

Կառավարությունը ցանկանում է խթանել խաղողի օղու արտադրությունը

Կառավարությունը ցանկանում է խթանել խաղողի օղու արտադրությունը

Կառավարության վաղվա նիստի հավանությանը կներկայացվի  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը, որպեսզի այն սահմանված կարգով ներկայացվի Ազգային ժողով:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը  պայմանավորված է խաղողի օղիների արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: ՀՀ գործող օրենսդրությամբ) խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից` գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25%) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով:

ՀՀ օրենքով ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհո­լային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհո­լային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:

Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝

      1) կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը,

      2) կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով,

      3) գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաև վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները,

      4) կապահովվի գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով ԵՄ և ՌԴ օրենսդրության պահանջները և գինու նշված տեսակներին ցորենի օղու փոխարեն կավելացվի բացառապես խաղողի օղի: 

     5) կսկսվի նոր արտադրատեսակի՝խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ,

     6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: