կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 17:50
Տնտեսական

Նոր են փորձում զսպել գնաճը եւ խթանել տնտեսական աճը

Նոր են փորձում զսպել գնաճը եւ խթանել տնտեսական աճը

ԿԲ-ն երեկ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով, ինչը պետք է զսպի գնաճը, դա էլ պետք է դրական անդրադառնա ՀՀ բոլոր քաղաքացիների դրամապանակների վրա:

 

Վերջին շրջանում  ձկնամթերքի ու բանջարեղենի առեւտրով զբաղվող Արման Գալստյանը մոտ երկու ամիս նույնիսկ ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը, քանի որ բողոքում էր, թե ապրանքները թանկացել են, մարդիկ արդեն քիչ են ապրանք գնում իր փոքրիկ կրպակից, ինքն էլ փող չի ունենում, որ մթերքի ավելի մեծ տեսականի բերի-վաճառի ավելի մատչելի գներով, բանկերի տրամադրած վարկերն էլ իր համար թանկ են:

 

Երկրի տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներից մեկը գնաճն է, երբ փողն արժեզրկվում է: Այսպիսով' Կենտրոնական բանկն իր երեկվա նիստի ժամանակ արձանագրել է, որ հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2 տոկոս գնաճի փոխարեն, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ հոկտեմբերի վերջին կազմել է 7.1 տոկոս: Այսինքն` փողը 12 ամսվա ընթացքում «արժեզրկվել» է 7.1 տոկոսով:

 

Գնաճի կառավարումը կատարվում է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման միջոցով:

 

Բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի թե' ժամկետները, թե' տոկոսադրույքները կախված են տնտեսության մեջ փողի պահանջից. որքան մեծ է պահանջը, այնքան կարճ են վարկերի ժամկետներն ու այնքան բարձր են դրանց տոկոսադրույքները, եւ հակառակը: Եվ որպեսզի բանկը կարողանա ավելի շատ վարկեր տալ, ընդ որում` այդ վարկերը տրամադրի ցածր տոկոսներով, պետք է շատ գումար ունենա: Կենտրոնական բանկը պարբերաբար լրացուցիչ միջոցներ է հատկացնում բանկերին, որոնք նույնպես վարկեր են, ու դրանց համար սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույք: Այսինքն' որքան ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանում ԿԲ-ն, այնքան ավելի լավ պայմաններով են բանկերը կարողանում հայթայթել միջոցներ ու դրանք ավելի լավ պայմաններով տրամադրել հաճախորդներին` դրա բոլոր հետեւանքներով...

 

Երեկ ԿԲ խորհրդի նույն նիստի ժամանակ որոշում կայացվեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0 տոկոս` նախկին 8.5 տոկոսի փոխարեն:  Սա պետք է ազդի նաեւ գնաճի վրա` զսպի գնաճը, դա արդեն պետք է անդրադառնա ՀՀ բոլոր քաղաքացիների վրա:

 

Բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պարզվում է, ՀՀ Կենտրոնական բանկը կարող էր իջեցնել դեռեւս մայիս-հուլիս ժամանակահատվածում: Այսօր, ինչպես տեղեկացնում է Banks.am-ը, նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 

«Կարելի էր փոփոխությունը կատարել այն ժամանակ, եւ դա կնպաստեր, որ տնտեսության աճի տեմպերը այսքան չնվազեին: Մի քիչ ուշացրեցին, բայց պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկը կատարում է կարգավորողի դեր, եւ որոշումը կայացվել է' հաշվի առնելով առկա հանգամանքները»,- նշել է Ջրբաշյանը' հավելելով, որ տվյալ դեպքում հանդես է գալիս որպես տնտեսագետ, այլ ոչ թե բանկի ներկայացուցիչ:

 

Հարց է առաջանում' եթե կարող էր իջեցնել դեռեւս մայիս-հուլիսին, ապա ինչո՞ւ է սպասել մինչ երեկ: Մնում է սպասել եւ հուսալ, որ Նոր տարվա նախաշեմին գնաճը մի քիչ ավելի մեղմ կլինի...

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ