կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 11:53
Առանց Կատեգորիա

Պատճառը Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռանկյունու մեջ է. քաղաքագետը՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օժանդակության սառեցման մասին

Պատճառը Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռանկյունու մեջ է. քաղաքագետը՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օժանդակության սառեցման մասին

«Չեմ հետևել գործընթացին, տեղյակ չեմ` կոնգրեսականներից ով ինչ տեսակետ է հայտնել,  բայց  հակված եմ կարծելու, որ խնդիրն առավելապես  ադրբեջանաթուրքական լոբբինգի ազդեցության արդյունք է»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի` Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցների դադարեցմանը, ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի կարծիքով` այսպիսի գործընթացներ միշտ էլ լինում են, և այն, ինչ տեղի է ունեցել,  լոբբինգների մրցակցության արդյունք է:

«Այս պահին շահերն այդպես են դասավորվել, այսինքն` որոշումն ընդունողների մոտ այս պահին ԱՄՆ-ի շահերի մասին պատկերացումներն այդպես են դասավորվել, միգուցե մյուս տարի իրավիճակը  փոխվի: Շատ բան նաև պայմանավորված է հենց պետության արտաքին քաղաքական շահերով: Հնարավոր է` ԱՄՆ-ը, եթե նպատակ ունենա ինչ-որ կերպ  ավելի մեծացնել իր ազդեցությունը ռեգիոնում, և մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, հետագայում մեծացնի աջակցությունը»,- իրադարձությունը մեկնաբանում է քաղաքագետը: 

Շարունակելով միտքը, Նարեկ Գալստյանը կարծում է, որ, հնարավոր է` այս պահին ԱՄՆ-ը կոնկրետ այդպիսի մտադրություն չունի, որից էլ օգտվել են ադրբեջանաթուրքական լոբբիստները և հասել արդյունքի: Նա միաժամանակ չի բացառում, որ այս ամենը կարող է կապված լինել նաև ներքին պայմանավորվածություններով` առանձին պաշտոնյաների հետ: 

«Դա նաև կարող է պայմանավորված լինլ առանձին, թիրախային կետերով, այսինքն` առանձին պատգամավորների վրա աշխտելով: Գործոնները, թե ինչու է այդպես եղելՙ շատ կարող են լինել, քանի որ սա կուլիսային պրոցես է, միանշանակ պնդել, որ հենց սա է  պատճառը, ճիշտ չէ, հիմնավոր չէ: Դա այնքանով է լոբբիզմ, որքանով որ այն տեսանելի չէ», - ասաց բանախոսը:

Քաղաքագետը բացառում է, որ այս որոշումը կարող է ԱՄՆ-ի կողմից սիրաշահման ժեստ լինել` թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները թուլացնելու նպատակով. «Այդ որոշումն ուղղակիորեն առնչություն չունի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ, սա առավելապես կապված է մեկ եռանկյունու` Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ փոխհարաբերությունների հետ: Միգուցե, ինչ-որ տեղ, որպես երկրորդային նշանակություն, կարող է կապված լինել ԱՄՆ-Ռուսաստան փոխարաբերությունների հետ, բաց տվյալ պահին չեմ կարծում, որ այդ երկու պետությունների հարաբերություններում ինչ-որ բանի փոխությունն է հանգեցրել նման  որոշման»: 

«Այսինքն` այս հարցի պատճառները կարելի է փնտրել այդ եռանկյունու մեջ: Թուրք-ամերիկյան հարաբերություններն այդքան էլ կապված չեն սրա հետ, ԱՄՆ-ն մեծ տերություն է և այդպիսի մանր քայլեր չէր անի, մանավանդ իրեն ձեռնտու էլ չէ Թուրքիայի անմիջական ազդեցությունը գործընթացում, հակառակը` նրանց ձեռնտու կլիներ փակել Թուրքիայի մուտքը՝ Արցախյան հարցում ազդեցություն ունենալու նպատակով, որովհետև Թուրքիան  այս պահին ԱՄՆ-ին հակադրվող տերություն է: Նա այդ որոշմամբ Թուրքիային ոչ պատժում է, ոչ էլ սիրաշահում»,- զրույցը եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը օրերս դադարեցրել է Արցախին տրվող ամենամյա ֆինասավորումը, որը մեծամասամբ ուղղվում էր ականապատ տարածքների ականազերծմանը:

Գևորգ Գյուլումյան