Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի միջազգայնագետ Սերգեյ Կարագանովը Limes ամսագրի գլխավոր խմբագրի խնդրանքով կանխատեսումներ է արել ու գնահատական տվել մեծ տերությունների` Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի եռանկյունում հարաբերությունների զարգացմանը` ռուսաստանյան տեսանկյունից. տեղեկացնում է yerkir.am-ը:
Ըստ նրա` հակասական հիմնախնդիրների ու միտումների բազմությանն ավելացել է «սև կարապը»` կորոնավիրուսի համաճարակը, ու թեև այն դժվար խնդիր է շատ երկրների համար, պատմական տեսանկյունից համեմատաբար սովորական համաճարակ է: Եթե այն լրջորեն ազդի համաշխարհային զարգացման վրա, ապա երկու գործոնի պատճառով: Ըստ երևույթին, շատ երկրների իշխող վերնախավեր դրանից օգտվում են իրենց նախկին տապալումները կոծկելու կամ մարտահրավերներին դիմակայելու անընդունակությունն արդարացնելու համար: Այդ մարտահրավերներից են` շրջակա միջավայրի աղտոտումը և կլիմայի փոփոխությունը, միջին խավի արագ աղքատացումը և սոցիալական անհավասարության աճը, վերջապես`սպառման անվերջանալի խթանման վրա հիմնված կապիտալիզմի ներկայիս մոդելի սպառվածությունը: Թաքցնելու ու արդարացնելու ձգտումը կորոնավիրուսի հիմնախնդիրը քառակուսի աստիճան է բարձրացնում, իսկ ժամանակակից մեդիամիջավայրը` խորանարդ: Այդ պատճառով համաճարակը կարող է իսկապես պատմական հետևանքներ ունենալ, սակայն ոչ ոք չի կարող ասել` ինչպիսի:
Կարագանովը նշում է, որ կանխատեսում անելիս ելնելու է իր տեսակետից ամենահավանական սցենարից: Ըստ նրա` վերջին տարիների հիմնական միտումները` տնտեսական ապագլոբալացում, համաշխարհային քաղաքականության ու տնտեսության ապաազգայնացում, Չինաստանի հետ ԱՄՆ-ի մրցակցության սրում, ԵՄ-ի, ընդհանուր առմամբ, բազմակողմ ինստիտուտների թուլացում, ավելի կխորանան սկիզբ առած համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի հետևանքով: Այս կանխատեսման միակ լուսավոր կետը, միջազգայնագետի համոզմամբ, ժամանակակից հասարակությունների և տնտեսության վրա մակաբուծող գոյացությունների` իրական տնտեսության ու կյանքին ավելի ու ավելի փոխարինող ֆինանսական ու տեղեկատվական-թվային պղպջակների մասնակի վերացումն է: Ըստ երևույթին, կյանքում իրենց կենտրոնական տեղը կվերադարձնեն ընտանիքը, Հավատը, երկիրը, մարդու` ինքն իրեն իրագործումը` նախևառաջ հանրությանը ծառայելու միջոցով: Իսկ մասնագետներից կրկին կարևորագույններ կդառնան ինժեները, բժիշկը, ոստիկանը, իրապես ինչ-որ բան ստեղծողները: Թեև զարգացող աշխարհում այդ արժեքները, Կարագանովի կարծիքով, չէին էլ կորել:
Միջազգայնագետը նշում է, որ առաջատար երկրների եռանկյունին գոյություն ունի միայն վիրտուալ` ԱՄՆ-ի` իր ավարտվող հեգեմոնիան պաշտպանելու «վերջին մարտում» որևէ մեկի հետ համագործակցել չցանկանալու պատճառով: Եռանկյունին երեք զույգ հարաբերությունների է տրոհվում:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները, ըստ միջազգայնագետի,1950-ականներից ի վեր երբեք այսքան թշնամական չեն եղել: ԱՄՆ-ում նյարդայնացած են, որ Ռուսաստանը հրաժարվել է գնալ ամերիկյան առաջնորդության հետևից, բացի դրանից, վերականգնելով իր ռազմավարական հզորությունը, Ռուսաստանը ԱՄՆ-ին և, ընդհանուր առմամբ, Արևմուտքին վերջնականապես զրկել է ռազմական գերազանցությունից` քաղաքականության, տնտեսության, մշակույթի մեջ 500-ամյա իշխանության հիմքից, որը հնարավորություն էր տալիս համաշխարհային ՀՆԱ-ն սեփական օգտին ծառայեցնել: Ռուսաստանը, ինչպես նախկինում ԽՍՀՄ-ը, ձգտում էր նախևառաջ ապահովել իր անվտանգությունը, սակայն միաժամանակ, նույնիսկ դրան չձգտելով, դարձավ այդ պատմական փոխակերպության պատճառը:
ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ճակատ սկսեց ձևավորել 2010-ականների սկզբից, իսկ երբ 2014-ին Ռուսաստանը կանգնեցրեց արևմտյան միությունների էքսպանսիան, վերադարձրեց Ղրիմը և աջակցեց ապստամբած Դոնբասին, առճակատումը դարձավ բացեիբաց: Բարաք Օբաման երազում էր տապալել Ռուսաստանը, «նրա տնտեսությունը կտոր-կտոր անել»: Դոնալդ Թրամփի մարդիկ ակնկալում էին Ռուսաստանի վրա կոշտ ճնշմամբ պոկել նրան Չինաստանից: Երկու ռազմավարությունների արդյունքներն էլ հակառակը եղան: Թեև պատժամիջոցները փոքր-ինչ դանդաղեցրին տնտեսական զարգացումը, Ռուսաստանը չընկրկեց, ներսում համախմբվեց և խորացրեց համագործակցությունը Չինաստանի հետ: Սակայն հընթացս ամերիկյան վերնախավն ինքն իրեն համոզեց սեփական` արդեն ակնհայտ է, որ սուտ քարոզչության մեջ, թե Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին և աջակցել Թրամփին: Այդ քարոզչությունը կարևոր գործոն դարձավ ամերիկյան ներքաղաքական պայքարում:
Այդ իրավիճակում արագորեն նորմալացում ակնկալել անհնար է, թեև Մոսկվան փորձում է առողջացնել իրավիճակը. թշնամության ներկայիս մակարդակը նրան հարկավոր չէ, նույնիսկ վտանգավոր է. վատթարացած իրավիճակին զուգահեռ` ի հայտ են գալիս ապակայունացնող սպառազինություններ, քայքայվում են սպառազինությունների սահմանափակման` դեռևս մնացած ռեժիմները, դեգրադացվում են մի շարք երկրների վերնախավերի մտավոր մակարդակը և պատասխանատվությունը, և այդ թշնամանքը մեծացնում է չկանխամտածված պատերազմի առաջացման հավանականությունը ու դրա վերաճումը համաշխարհային միջուկային աղետի: Մոսկվայի քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ դեռևս հենվում է «երեք կետի» վրա` առճակատումը նվազեցնելու փորձեր, կոշտ, նույնիսկ կանխող ռազմական զսպում, այդ թվում` սպառազինությունների համակարգերի ստեղծման միջոցով, որոնք ռազմավարական ոլորտում գերազանցությունը վերադարձնելու հույսերն անթույլատրելիորեն թանկ են դարձնում, և ոչ արևմտյան աշխարհի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի ակտիվացում` բազմաբևեռության զարգացմանը հետագա օժանդակության նպատակով: Համարյա ոչ ոք Մոսկվայում այլևս հույս չունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մոտակա տարիներին կնորմալանան, ԱՄՆ-ը, հատկապես հաշվի առնելով ներքին պառակտումը, գերանհուսալի գործընկեր է:
Ըստ Կարագանովի`Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ հարաբերությունը հարաբերականորեն նորմալացնելու գիծը, ի դեպ, այստեղ էլ լուրջ թերահավատություն կա. չափազանց անարդյունավետ է Եվրամիությունը, որը գնալով ընկղմվում է դանդաղ ապաինտեգրման սեփական խնդիրների մեջ: Ուժեղ է նաև եվրոպացիների կախվածությունը, թեև արդեն նույնիսկ ոչ շահավետ, ԱՄՆ-ից: Միջազգայնագետը նշում է, որ արևմտյան ժամանակակից ժողովրդավարությունները չեն կարող գոյություն ունենալ առանց թշնամու: Դրանք էին կոմունիզմն ու ԽՍՀՄ-ը, իսկ երբ դրանք վերացան, արևմտյան վերնախավերը, տոնելով հաղթանակը և տեսնելով, որ հանրությունը վերահսկողության տակից դուրս է գալիս, իսկ սովորական դարձած հարաբերությունները փլուզվում են, նոր թշնամի հորինեցին: Այդ դերը տրվեց Ռուսաստանին, որն իբր «տակից քանդում է ժողովրդավարությունը», իմա` փլուզում է սովորական դարձած կարգերը: Բայց Մոսկվային դրանք պետք չեն, դրանք փլուզվում են ներքին տարաձայնությունների պատճառով:
Ըստ Կարագանովի` հատուկ զարմանք է առաջացնում ռազմական սպառնալիքի մեջ մեղադրանքը: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանը կտրուկ կրճատել է իր զինված ուժերի քանակը, մի քանի անգամ քիչ է ծախսում պաշտպանության վրա, քան նույնիսկ ՆԱՏՕ-ի` միայն եվրոպական երկրները:
Արևմուտքի կողմից առճակատման ուժեղացումը Ռուսաստանին մղել է դեպի Արևելք: Դա սկսվել է 2000-ականների կեսից հիմնականում որպես տնտեսական նախագիծ` Ասիայի շուկաների կիրառման համար, որպես հեռացում արևմտյան շուկաներից չափազանց մեծ կախվածությունից, որպես արևելյան տարածքների զարգացում, որտեղ վտանգավոր վակուում էր ստեղծվել` ոտքի կանգնող Չինաստանի կողքին: Սակայն արևմտյան ճնշման ուժեղացմանը զուգընթաց, Կարագանովի ներկայացմամբ, «դեպի Արևելք շրջադարձը» սկսեց աշխարհաքաղաքական ուրվագծեր ստանալ: Շրջադարձը, թեև` չավարտված, հանգեցրել է որակական փոփոխությունների: Եվրոպայի հետ առևտրի մասնաբաժինը, որը նախկինում ամենամեծն էր, հավասարվել է ասիականին:
Ռուսաստանը նոր որակական հարաբերություններ է ստեղծել Չինաստանի` ապագահի առաջին հավանական գերտերության հետ: Դրանք բարեկամական էին, հիմա դարձել են կիսադաշնակցային, երբ հարկավոր է` «ինքնուրույն, բայց ոչ երբեք միմյանց դեմ»: Չինաստանում Ռուսաստանը ստացել է կապիտալների, տեխնոլոգիաների, իր արտադրանքի սպառման շուկաների մեծացող արտաքին աղբյուր, և ամենակարևորը` անվտանգ արևելյան սահմաններ: Բանը հասել է Չինաստանի հետ հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացնող համակարգերի ստեղծմանը, որոնք ամրապնդում են երկու կողմի անվտանգությունը և ուժեղացնում ԱՄՆ-ի ռազմավարական զսպումը: Չինաստանը ստացել է Ռուսաստանի ռազմավարական հզորության վրա հենվելու հնարավորություն, Ռուսաստանը` չինական տնտեսական հզորության: Երկրները պայմանավորվել են չմրցակացել միմյանց հետ Կենտրոնական Ասիայում, սակայն մրցակցության տարրեր պահպանվում են: Ռուսաստանում, չնայած Պեկինի բավականին կոռեկտ քաղաքականությանը, երկյուղում են Չինաստանի չափից ավելի մեծ հզորությունից: Սակայն մոտակա տարիներին մերձեցումը, միջազգայնագետի կարծիքով, շահավետ է լինելու երկու կողմի համար էլ: Դեպի արևելք շրջադարձով և Չինաստանի հետ համագործակցությամբ Ռուսաստանը որակապես փոխել է ուժերի հավասարակշռությունը Արևմուտքի հետ հարաբերություններում հօգուտ իրեն: Ըստ Կարագանովի` մշակութային առումով զգալիորեն լինելով եվրոպական, քաղաքականապես ու սոցիալապես Ռուսաստանը հիմնականում ասիական պետություն է: Առանց գերկենտրացման և ուժեղ ավտորիտար իշխանության և առանց անտակ հարստություններով Սիբիրի երկիրը չէր դառնա այն, ինչ է և ինչը սահմանում է մեծ տերության` նրա գենետիկական կոդը:
Եվրոպայի` Արևմուտքի անցած 500 տարիների առաջնորդության ընթացքում ասիականությունը համարվում էր հետամնացության նշան, սակայն ներկայումս դարձել է մրցակցային առավելություն` և՛ կոշտ մրցակցության համար պաշարների կենտրոնացման ունակության տեսանկյունից, և՛ նոր մարտահրավերների, մասնավորապես` կորոնավիրուսի դեմ պայքարի: Տեխնոլոգիական առումով էլ Ասիան կտրուկ առաջ է անցել:
Իսկ ամերիկա-չինական մրցակցությունը շարունակում է խորանալ, և ամերիկյան վերնախավը, հակառակ իր վերջին ռազմավարական մտածողներ Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկու հանձնարարականներին, ընտրել է Չինաստանին համապարփակ հակազդելու ուղեգիծը, ըստ էության` նոր «սառը պատերազմի»: Հույսը, Կարագանովի կարծիքով, նախկին տնտեսական համակարգի` դեռևս պահպանված դիրքերի կիրառումն է «վերջին մարտի» համար: Սակայն արդեն ուշ է: Ուժերի հարաբերակցությունն աշխարհում արմատապես փոխվել է, դարձել ավելի ազատ, այդ թվում` այն բանի պատճառով, որ Ռուսաստանը զրկել է Արևմուտքին ուժով իր պայմանները թելադրելու հնարավորությունից: Եվ ԱՄՆ-ի քաղաքականության հետևից արդեն ավելի քիչ երկրներ կգնան:
Ամերիկա-չինական մրցակցության հետագա ուժեղացման դեպքում Ռուսաստանը, միջազգայնագետի կարծիքով, Չինաստանին «չի հանձնի», սակայն կփնտրի մանրևելու ավելի լայն հնարավորություններ` ձգտելով լավացնել հարաբերությունները եվրոպական և ասիական կարևոր երկրների` Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Թուրքիայի, Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՍԵԱՆ-ի պետությունների հետ:
Միջազգայնագետը չի կարծում, որ Ռուսաստանը կարող է ռազմավարական կախվածության մեջ ընկնել Չինաստանից. Ռուսաստանի համար ցանկացած արտաքին կենտրոնից կախվածություն անընդունելի է, նա չի կարող «փոքր եղբայր» լինել: Ռազմական և քաղաքական առումներով Ռուսաստանն ինքնաբավ է, սակայն տնտեսական, տեխնոլոգիական, թվային ոլորտներում արտաքին շուկաների ու գործընկերների կարիք ունի, և փնտրելու ու գտնելու է նրանց:
Կարագանովի կարծիքով` ստեղծվելու են երկու փափուկ գերկենտրոններ: Մեկը` ԱՄՆ-ը, անգլոսաքսերը, եվրոպացիների մի մասը: ԱՄՆ-ը տատանումներով ու տառապանքներով հեռանալու է գերտերության դերից:
Ըստ Կարագանովի` չինական «կենտրոնի» ապագան ակնհայտ չէ: Եթե Չինաստանը, հետևելով հազարամյա ավանդույթներին, գործընկերներից փորձի վասալներ սարքել, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ճապոնիան կամ այլ երկրներ, չեն ենթարկվի, և Չինաստանը կմնա պարզապես հզոր տերություն` Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում կախյալ պետությւնների ցանցով:
Այլ տարբերակ է առաջարկում Մոսկվան`Պեկինի պաշտոնական աջակցությունը վայելող` Մեծ Եվրասիայի գործընկերության ձևավորում` տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական կապերի, ինտեգրման խմբավորումների իրավահավասար համակարգ, որտեղ Չինաստանը կլինի առաջինը հավասարների մեջ: Այդպիսի գործընկերությունն այս կամ այն կերպ կներառի Եվրասիայի արևմտյան մասը` Եվրոպան: Արդեն իսկ ակնհայտ է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Եվրոպայի հյուսիսային և արևմտյան մասերը կձգտեն դեպի ամերիկյան կենտրոնը, իսկ հարավն ու կենտրոնը` դեպի եվրասիական նախագիծը:
Եվ ցանկացած տարբերակում, միջազգայնագետի կարծիքով, Ռուսաստանը կարող է շահավետ դեր կատարել` կա՛մ լինել երկու պոտենցիալ հեգեմոններին հավասարակշռողը, կա՛մ նոր գործընկերության ակտիվ ստեղծողներից` դառնալով ոչ թե Եվրոպայի և Ասիայի ծայրամաս, այլ Հյուսիսային Եվրասիա` դրա կարևոր կենտրոններից մեկը: