կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 14:17
Տնտեսական

Չի բացառվում, որ մենք ունենանք նաև առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների դեֆիցիտ. տնտեսագետ

Չի բացառվում, որ մենք ունենանք նաև առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների դեֆիցիտ. տնտեսագետ

LiveNews.am-ը զրուցել է ՀՅԴ  ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին ՀՀ-ում հնարավոր առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների դեֆիցիտի թեմայով:

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. 

— Պարոն Ավետիսյան, օրեցօր համաշխարհային պանդեմիայի պատճառ դարձած կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ավելի ու ավելի են զգացնել տալիս և ակնհայտ է, որ այն կարող է համաշխարհային տնտեսական հերթական ճգնաժամի պատճառ դառնալ: Այդ մասին պարբերաբար ահազանգում են մասնագետները և փորձում ճգնաժամը մեղմելու ելքեր գտնել: Ամեն դեպքում ճգնաժամն անխուսափելի կլինի: Ճգնաժամի դրսևորման ինչպիսի՞ կանխատեսումներ կան:

— Կորոնավիրուսն արդեն ցնցում է համաշխարհային տնտեսությունը: Մտահոգողն այն է, որ հիվանդության հետևանքներն էապես բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության պահանջարկի վրա տարբեր շուկաներում, իսկ հիմնական շուկաներում պահանջարկի նվազումը կապված է նաև պանդեմիայի հետևանքով աշխարհի առաջատար երկրների կողմից իրականացված սահմանափակումների հետ: Դրանք շարունակաբար մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվում են նաև համաշխարհային շուկայի անդամ մյուս երկրների վրա:

Սահմանափակումներն առաջնահերթ վերաբերում են մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին, ինչի հետևանքով ուղղակիորեն տուժում է զբոսաշրջությունը: Սանիտարահիգիենիկ սահմանափակումներն ազդում են ապրանքատեսակների, այդ թվում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրման վրա: Հետաձգվում, չեղարկվում են հանրային միջոցառումները, այդ թվում մարզական, իսկ այս սահմանափակումներն ազդում են սպասարկման ոլորտի վրա՝ այդտեղ կրճատելով ապրանքների և ծառայությունների պահանջարկը: Նման պայմաններում որևէ տնտեսություն չի կարող դիմակայել, այդ թվում Հայաստանի տնտեսությունը, որը միջազգային գնահատմամբ բաց է համարվում: Այսինքն՝ միջազգային առևտրում ներգրավված երկիր ենք: Միանշանակ  է, որ գլոբալ պահանջարկի կրճատումն ու թվարկված սահմանափակումները կվերաբերեն նաև տեղական արտահանողներին: Չմոռանանք, որ ամիսներ հետո գյուղատնտեսական մթերքների արտահանման սեզոն է և նշած սահմանափակումները շատ առարկայական տեսանելի խոչընդոտներ են ստեղծելու նաև այդ ոլորտում: Ինչ չափով հնարավոր կլինի հաղթահարել սպասվելիք վիճակը, այս պահին անորոշ է:

Խոսեցինք զբոսաշրջության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին: Նախորդ տարի այդ ոլորտում աճ էինք գրանցել, ցուցանիշները դրական էին, սակայն առաջիկայում այդ թվերն էականորեն կկրճատվեն՝ դրանից բխող տնտեսական այլ հետևանքներով:

Որքան էլ մեզ համար կարևոր են ներդրումները, համաճարակի հետևանքով այդպիսի նախագծերը նույնպես հնարավոր է կասեցվեն ու հետաձգվեն։ Իսկ դա տնտեսության կայուն զարգացման համար տխուր հետևանքներ կունենա:

Հաջորդ հնարավոր ազդեցությունը բնակչության բացասական սպասումներն են, որոնք էլ ներքին պահանջարկի վրա կանդրադառնան. մարդիկ իրենց նախատեսած գնումները, ծախսերն ակնհայտորեն կվերանայեն, ինչը նաև ներքին պահանջարկի կրճատմամբ կարտացոլվի:

Կորոնավիրուսի վարակման վերջին դեպքերից մեկը հայտնաբերվել է արտադրական ձեռնարկությունում՝ աշխատողների շրջանում, ինչը մտածելու տեղիք տվեց, որ միջին և խոշոր կոլեկտիվներում հատկապես այլընտրանքային աշխատանքի միջոցներ կազմակերպելու խնդիրներ են առաջանում, լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն, առանձին դեպքերում հնարավոր է աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն, ռեժիմները փոխվեն: Իսկ այդ բոլոր լրացուցիչ միջոցառումները ծախսեր և որոշակի ռիսկեր են ենթադրում տնտեսվարող սուբյեկտների համար՝ ռիսկեր շահույթների կրճատման առումով նաև:

— Այսօր բնակչության շրջանում որոշակի պասիվ խուճապ է նկատվում առանձին անհրաժեշտության ապրանքների շուկայում դեֆիցիտի գոյացման առումով: Աշխարհի որոշ երկրներում այդ խուճապը մարդկանց ստիպում է աննախադեպ մեծ քանակությամբ գնումներ անել, Հայաստանում ևս որոշ ապրանքներ մեծ պահանջարկ ունեն՝ պայմանավորված հենց այդ խուճապով: Հնարավոր համարո՞ւմ եք դեֆիցիտի վտանգը:

— Իմ օրինակով կարող եմ փաստել, որ այսօր հատկապես առողջապահական ոլորտի առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների, դեղամիջոցների դեֆիցիտ է նկատվում: Օրինակ, ինքս Երևանի բազմաթիվ դեղատների ցանցերում չկարողացա առաջին անհրաժեշտության դեղամիջոց համարվող պարացետամոլ գնել: Տևական ժամանակ է՝ այդ դեղամիջոցները չկան: Չեմ խոսում դիմակների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի մասին: Նման պայմաններում չի կարելի շուկան թողնել շուկայական մեխանիզմների հույսին և հարկավոր է ոլորտը համակարգել: Եվ եթե նման ձևով շարունակվի, չի բացառվում, որ մենք ունենանք նաև առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների դեֆիցիտ: Այսօր արդեն խանութներում հատկապես սննդամթերքի առևտրի աշխուժություն է զգացվում, մարդիկ մեծ չափաբաժիններով մթերք են գնում: Դա բնական է, քանի որ հատկապես պետական մարմինների կողմից երևույթներին ճիշտ գնահատականներ չեն տրվում և նպատակային քայլեր չեն իրականացվում: Այդ առումով մենք վաղուց հապաղում ենք: Պետությունը երկրում, աշխարհում ստեղծված իրավիճակին համարժեք քայլեր չի իրականացրել, և պետք է արձանագրենք, որ դրա հետևանքով մենք բավականին մեծ ներուժ ենք կորցրել՝ կանխարգելման ներուժ: Ամեն անցնող ժամ, օր այսպիսի դանդաղկոտ քայլերի պայմաններում ավելի են մեծացնում այն ներուժի կորուստը, որը պետք է ծառայեր ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը: Իսկ մենք այդպիսի ներուժ ունենք, և դրա արդյունավետ կիրառումը պահանջոմ է բազմակողմանի մոտեցումներ, ոչ ստանդարտ լուծումներ: Այդպիսիք պետք է առաջարկեն պետական պատկան մարմինները՝ սկսած բնակչությանը սոցիալական և առողջապահական ծառայություններ մատուցող կառույցներից, վերջացրած տնտեսական կարգավորումներ ապահովողներից:

— Իսկ պետությունը ինչպիսի՞ հակաճգնաժամային քայլերով կարող է հակազդել նման հնարավոր ազդեցություններին:

— Ես վաղուց Կառավարության ուշադրությունը հրավիրել էի մի քանի կարևոր անհրաժեշտությունների վրա՝ նշելով, որ հարկային ֆեշինգի փոփոխություն պետք է դիտարկվի՝ ըստ ճյուղերի: Պատրաստի լուծում, մոդել չկա, որ վերցնեն ու կիրառեն, և պետք է դիտարկումներ արվեն: Օրինակ որոշ ճյուղեր այս ընթացքում ընդհանրապես պետք է ազատվեն հարկումից: Այդպիսին է զբոսաշրջության  ոլորտը: Պետք է հարկային արձակուրդներ տրամադրվեն: Որոշ ոլորտներում պետք է ժամանակավոր կարգավորումներով էապես նվազեցվի հարկային բեռը, դրույքաչափերը՝ սկսած շահութահարկից, վերջացրած եկամտային հարկով:

Այս պահին ցանկացած երկիր պարտադրված է իր իրավիճակից բխող լուծումներ իրականացնել, և այդ լուծումները չեն կարող ստանդարտ լինել, քանի որ իրավիճակն է շեղված ստանդարտից: Մեզանում մտահոգությամբ արձանագրում ենք դանդաղկոտություն և իրավիճակին ոչ համարժեք մոտեցումների կիրառում: Այսինքն՝ երևույթները տեղի են ունենում նոր սկսում են պաշտոնապես մտածել դրանց վերացման համար մեխանիզմներ մշակելու մասին: Այնինչ՝ հակառակը պետք է լինի. Միչև երևույթի ի հայտ գալը մենք պետք է կանխարգելիչ հստակ գործողություններ ունենան և կանխենք հետևանքները: Պետությունը պետք է իր հնարավոր ինստիտուտներով և գործիքներով՝ սկսած դիվանագիտական խողովակներից, վերջացրած պետական մարմիններով, պետք է հստակ ուսումնասիրեն առաջնային այն շուկաները, որտեղ արտահանվում է մեր տեղական արտադրանքը, գյուղմթերքը, տեսնեն ինչպիսի սահմանափակումներ կան այսպիսի պայմաններում և պատրաստեն արտահանողներին ու անհրաժեշտության դեպքում նեցուկ լինեն նրանց ոչ միայն տեղեկատվություն տրամադրելով, այլև բանակցելով  տվյալ երկրների պետական մարմինների հետ: Հակառակ դեպքում գյուղմթերք արտահանողները առաջիկայում տխուր փաստի առաջ կկանգնեն:

— Վերջին օրերին նաև մասնագիտական կարծիք է հնչում, թե նման իրավիճակի հնարավոր ազդեցությունը կարող է նաև որոշ պարենային մթերքների շուկայում և ոչ միայն պարենային, գնաճի հանգեցնել: Որքանո՞վ են այս կանխատեսումներն իրատեսական:

— Նման ռիսկ կա, այս պահին առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը մեծացել է, դա ակնհայտ է, և այդ ապրանքատեսակների մասով հնարավոր է մենք գնաճային ճնշումներ ունենանք: Չմոռանանք, որ այդ ապրանքների հիմնական մասը ներկրվող են և ներկրման սահմանափակումներ ու դժվարություններ կան այսօր: Բայց դա կարելի է զսպել համապատասխան միջոցառումներով: Օրինակ՝ պետությունը կարող է որոշակի սահմանափակումներ կիրառել իրացման վրա, նաև պետական աջակցություն ցուցաբերել ներկրումների կազմակերպման հարցում՝ ներկրող կազմակերպությունների վնասների որոշակի փոխհատուցումներով, սուբսիդավորումներով: Պետությունը պետք  է պատասխանատվություն և պարտավորություն ստանձնի և հանրությանը, տնտեսվարող սուբյեկտներին նախապես ներկայացնի այն սցենարները, որոնց պատրաստ է: Տնտեսվարողները պետք է տեղյակ լինեն դրանցից, որպեսզի հասկանան պետության աջակցությունը և ըստ այդմ իրենց հետագա քայլերն իրականացնեն:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը