կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 21:26
Տնտեսական

Չի բացառվում, որ վերադառնանք բենզինի նախկին գնին՝ 400-410 դրամ. տնտեսագետ

Չի բացառվում, որ վերադառնանք բենզինի նախկին գնին՝ 400-410 դրամ. տնտեսագետ

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։ Բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, նախկին՝ 300-ի և 320-ի փոխարեն։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ArmDaily.am-ի այն հարցին, թե հնարավոր է կրկին վերադառնանք մինչկորոնավիրուսային գներին՝ 400-410 դրամ, նշեց, որ հնարավոր է.«Չի բացառվում, որ վերադառնանք։ Բենզինի գնի բարձրացման վրա ազդում է երկու գործոն։ Նախ միջազգային շուկայում բենզինի և դիզվառելիքի գները բարձրանում են, ինչն էլ հետևանք է Հայաստանում թանկացման։ Եվ երկրորդ՝ բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսի համաճարակը բերել էր բենզինի և դիզվառելիքի պահանջարկի նվազման, քանի որ խիստ տնտեսական սահմանափակումներ էին գործում, իսկ այժմ այդ սահմանափակումները դուրս են գալիս, պահանջակը կրկին ավելանում է, ինչն էլ բերում է բենզինի գնի բարձրացման»։

Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանը չունի վառելիքաէներգետիկ ռեսուրսներ և հիմնականում ներկրում է միջազգային շուկաներից.«Ինչի հետևանքով չի բացառվում, որ էլի կլինեն թանկացումներ։ Ներկայումս դիզվառելիքի և բենզինի թանկացման միտում է նկատվում և թե ինչ չափով դրանք կաճեն, կախված է համաշխարհային շուկայից։ Եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը, որի հետևանքով տնտեսության մի շարք ճյուղեր դադարեցրել էին իրենց աշխատանքները, տրանսպորտային ցանցը չէր աշխատում, հնարավոր է հիմա բենզինի և դիզվառելիքի ավելի բարձր գների ականատես լինեինք»։

Տնտեսագետը նշում է՝ Հայաստանում բենզինի գների բարձրացման միտումը ավելի արագ է նկատվում, քան՝ նվազումը.«Որպես կանոն գները ավելի արագ աճում են, քան՝ նվազում, և դա կապված է նաև մեր շուկայի մոնոպոլ շուկայի հետ, քանի որ մեզ մոտ փոքր շուկա է, և կան քիչ թվով ներմուծողներ»։