կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 19:48
Քաղաքական

Թե ինչո՞ւ մենք չունենք արդիական զենքեր, չեմ ուզում մեկնաբանել, բայց գտնում եմ, որ պետք է ունենանք. Արթուր Աղաբեկյան

Թե ինչո՞ւ մենք չունենք արդիական զենքեր, չեմ ուզում մեկնաբանել, բայց գտնում եմ, որ պետք է ունենանք. Արթուր Աղաբեկյան

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հասարակական շրջանակներում տարածված այն քննադատական կարծիքներին, որոնք առավել ակտիվացան Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե հայ զինվորը կռվում է 80-ականների զենքով:

Արթուր Աղաբեկյանը, որպես Արցախյան առաջին պատերազմով անցած նախկին հրամանատար, առաջարկեց դիտարկել 80-ականների մի զենք` Կալաշնիկովի ինքնաձիգը մնում է Կալաշնիկովի ինքնաձիգ` անկախ նրանից, թե որ թվի արտադրության է: Կամ` Տ-72 տանկն իր խոցելիության աստիճանով և կարողություններով ոչնչով չի զիջում Տ-90 տանկին:

ԼՂՀ փոխվարչապետի խոսքով՝ Խորհրդային միությունը Տ-72 տանկերն արտադրելուց հետո ստեղծեց Տ-80 տանկը, որը, սակայն, չկարողացան կիրառել մարտի դաշտում, այն դուրս եկավ կիրառությունից: Հետո ստեղծեցին Տ-90 տանկը, որն առանձնապես չի տարբերվում նախորդներից: Ըստ Արթուր Աղաբեկյանի` Տ-90 տանկի միակ առավելությունը այն է, որ ունի հակատանկային միջոցների դեմ պայքարելու սեփական կարողություն:

«Մեր հակատանկային միջոցները հեշտությամբ խոցեցին հակառակորդի Տ-90 տանկերը: Հիմա թե մարտի դաշտում Տ-72 տանկն է, թե Տ-90 տանկը, առանձնապես էական տարբերություն չկա: Ի դեպ, հակառակորդի տեխնիկայի մեծ մասն էլ է 80-ական թվականների, պարզապես հակառակորդը կիրառեց նաև արդիական տոխնոլոգիաներ, որոնք մենք չունեինք: Թե ինչո՞ւ մենք չունենք արդիական զենքեր, չեմ ուզում մեկնաբանել, բայց գտնում եմ, որ պետք է ունենանք: Երբ այսօր ԼՂՀ կառավարությունը փորձում է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ՝ ՊԲ-ին հնարավորություն տալով ձեռք բերել արդիական զենքեր, ժողովրդի շրջանում` մի մասի մոտ, առկա է ոգևորություն, մի մասի մոտ էլ առկա է քննադատություն, թե` «բա ո՞ւր էին, բա ինչո՞ւ մինչ այս պատերազմը ոչինչ չէին արել»: Է, չենք արել մինչ այս պատերազմը, հիմա թողնենք, որ բոլորիս կոտորե՞ն: Գուցե չենք իմացել կամ գուցե կարողություն չենք ունեցել, կամ այսպիսի համախմբում տեսանելի չի եղել: Հիմա ենք ուզում անել, հիմա ենք ուզում հաջորդ մարտին ավելի պատրաստված լինել, չպատրաստվե՞նք, չփորձե՞նք:

Հայ ժողովուրդն իր մարդկային ռեսուրսներով ավելին է, քան մեր հակառակորդը, և մեր կարողությունները մեջտեղ բերելով՝ մարդկային, նյութական ու ֆինանսական, մենք կարող ենք արդիականացնել մեր ստորաբաժանումները, մեր անձնակազմը: Մենք պարտավոր ենք անել ամեն քայլ, որպեսզի առաջնագծում քիչ խոցելի լինեն մեր շարքային ու սպայական անձնակազմերը»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ մինչ այս պատերազմը, երբ զինադադար էր, քաղաքացիական կյանքով ապրող շատ գործարարներ, օլիգարխներ գուցե չէին էլ գիտակցում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները երբևէ կսկսվեն, բայց պաշտպանության բնագավառի մասնագետները միշտ էլ գիտեին, որ սա սովորական զինադադար չէ կամ միջազգային պարտավորություններին խիստ հետևող հակառակորդ չէ: Արդեն մեկուկես տարի է՝ տեսանելի են հակառակորդի գործողությունները, և նրան ընդամենը առիթ էր պետք` այդ լայնամասշտաբ գործողությունները սկսելու համար: