կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 14:40
Տարածաշրջան

Գարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին՝ երկրաշարժի հետևանքով վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Գարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին՝ երկրաշարժի հետևանքով վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին՝ փետրվարի 24-ին թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասված հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցու ճակատագրի վերաբերյալ:

«Յարգելի մամլոյ ներկայացուցիչ,

24 փետրուար 2020-ին, Իրանի Խոյ քաղաքին մօտ պատահած էր 5.9 ուժգնութեամբ երկրաշարժ մը, որու հետեւանքով Վանի Պաշքալէ արուարձանի բնակիչ 9 քաղաքացի մահացած եւ 50 քաղաքացի ալ ստացած էր տարբեր վնասուածքներ։ Պաշքալէի գիւղերուն մէջ ալ պատահած էին լուրջ աւերածութիւններ։

Երկրաշարժը լուրջ վնասներ հասցուցած է նաեւ Պաշքալէի մշակութային յուշարձաններուն, որոնցմէ մէկն է Է. դարուն կառուցուած Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին, որ պատմական ու ճարտարապետական առումով կարեւոր կառոյց մը ըլլալով հանդերձ ձգուած է իր ճակատագրին։ Եկեղեցին երկրաշարժին հետեւանքով ա՛լ աւելի վնասուած է եւ փլած է անոր աջակողմեան որմնախորշը։ Պատահած փլուզումը կարելի է տեսնել նաեւ կցեալ լուսանկարներուն վրայ։

Նիւթին շուրջ հետեւեալ հարցումները ուղղած ենք մշակոյթի եւ զսօբաշրջութեան նախարար Մեհմետ Նուրի Էրսօյին.

1. Ճշդուա՞ծ են այն վնասները, որ երկրաշարժը պատճառած է Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցւոյ։

2. Պատմական ու ճարտարապետական առումով անզուգական նկատուող եկեղեցւոյ վնասները նորոգելու համար գումար պիտի տրամադրուի՞ եւ ժամ առաջ բարեզարդման աշխատանքներու պիտի ձեռնարկուի՞։

3. Երկրաշարժէ տուժած Վանի այլ յուշարձաններու վնասները ճշդելու համար աշխատանք կատարուա՞ծ է։

4. Վանի մշակութային յուշարձաններու գոյքագրումը կատարուա՞ծ է։

5. Ո՞րն է նախարարութեանդ գործողութիւններու ծրագիրը՝ Վանի մշակութային յուշարձաններու պահպանման, նորոգութեան ու որպէս մշակութային յուշարձան յաջորդ սերունդներուն փոխանցման ուղղութեամբ». այս մասին Yerkir.am-ին հայտնում է Գարո Փայլանի մամլո ծառայությունը: