կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 17:58
Տնտեսական

Պետք է վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը. Արման Աբովյան

Պետք է վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնի նվազման՝ համաշխարհային տնտեսության կայունության վրա ունեցած և ունենալիք ազդեցությանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Վերադառնա՛նք մեր դարդերին։

Ժողովո՛ւրդ ջան, հիշո՞ւմ եք, որ մեր վերջին ԱԺ նիստերի ժամանակ ես հարց բարձրաձայնեցի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի համաճարակը համաշխարհային տնտեսական կայունության վրա, և արդյո՞ք պատրաստ ենք մենք (Հայաստանի տնտեսությունը) դիմակայել բացասական տնտեսական զարգացումներին։
Իմ այս հարցին կառավարությունը, կարծես թե, լուրջ չվերաբերեց և պատասխանեց, որ «ամեն ինչ լավ է, ոչ մի բան մեզ չի սպառնում և ընդհանրապես եկեք լինենք լավատես» ։
 
Լավատեսությունը լավ բան է, իհարկե, բայց միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն ռեզերվներ և հստակ տեսլական՝ ինչ ենք անելու, եթե հանկարծ միջազգային տնտեսական կայունությունը հանկարծակի պայթի։
 
Հիմա տեսե՛ք, թե ինչ է կատարվում։Կորոնավիրուսի պատճառով նվազել է նաֆթի պահանջարկը միջազգային շուկայում (սկսեց ամեն ինչ Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու պատճառով): Սաուդյան Արաբիան որոշել է կտրուկ ավելացնել նաֆթի արտահանումը միջազգային շուկա, ռուսները նույնպես չեն պատրաստվում կրճատել նաֆթի արտահանումը, ամերիկացիները նունիսկ ստիպված են իջեցնել ֆինանսական տոկոսային դրույքները, եվրոպացիները շատ ակտիվ պատրաստվում են ֆինանսական փոթորկին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում միջազգային տնտեսությունը կորցրել է 6 տրիլլիոն դոլլար, ամբողջ աշխարհով նկատվում է հնարավոր տնտեսական ճգնաժամի բացահայտ ազդակներ։
 
Թարգմանելով հասկանալի լեզվով՝ պետությունները շատ ակտիվ պատրաստվում են լրջագույն տնտեսական ճգնաժամի՝ կոնսոլիդացնելով ռեզերվները և, փաստացի, հավաքելով մի բռունքի մեջ իրենց տնտեսական ներուժը։ Իսկ մենք այս ամենի մեջ, կարծես թե, ապրում ենք աշխարհից լրիվ կտրված իրավիճակում, վատնելով թե՛ ռեսուրսները, թե՛ ժամանակը ինչ-որ ներքին արիշ-վերիշներով։
 
Ա՛յ ձեր ցավը տանեմ, հարգելի՛ իշխանավորներ, ախր մենք հո մենա՞կ չենք աշխարհում։ Պետք չէ լինել հանճար, որ հասկանալ, եթե միջազգային ճգնաժամ պայթեց, իսկ այդ վատագույն սցենարը օրեցօր ավելի իրատեսական է դառնում, մենք անխուսափելի ընկնելու ենք ընդհանուր «կատոկի» տակ և այդ պարագայում կարող ենք հայտնվել ծանրագույն տնտեսական իրավիճակում, որից դուրս գալ կլինի ահռելի դժվար։
 
Մի խոսքով, կարծում եմ՝ պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը և լրջագույնս պատրաստվել հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Այլեւս ուշ կլինի
 
Հ.Գ.
Միջազգային բորսաներում նաֆտի գինը այսօր կտրուկ իջավ»:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 42.6%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31.74 դոլարի:

Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ «ՕՊԵԿ+»-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման թեմայի շուրջ: