Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան: Նրա ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է երկարատև պայքարի փուլ։
«Սկսում ենք պայքար, պայքարը երկարատև է լինելու, իսկ հաղթական վերջակետն այն է լինելու, որ հարգվեն ՀՀ Սահմանադրությունը և դրանից բխող օրենքներն ու միջազգային օրենքները։ Մարդու պատվին ու արժանապատվությանը հասցվող վնասը պետք է տեղ չունենա Հայաստանում։ Նշանակել են է մեղավոր և հայտարարել, թե այդ մեղավորները նշանակված են ԶԼՄ-ի կողմից՝ չհիշելով, որ մեղավոր ճանաչելու մեկ իրավասու մարմին կա՝ դատարան, ավելի ճիշտ` կար, քանի որ չկա այլևս դատարան: Եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի, նշանակում է` դատարան գոյություն չունի»,- հայտարարեց նա:
Ըստ Մինասյանի՝ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին գործել է իր լիազորությունների շրջանակում:
Հանրապետության հրապարակում ներածական խոսքից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն:
«Վերջ տվեք այս քաղաքականությանը, դուք չեք կարող հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից»,- դատախազության շենքի առջև հայտարարեց Արմեն Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: