կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 15:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է կիրառել բոլոր մեխանիզմները՝ կանգնեցնելու ադրբեջանական և թուրքական լկտիությունը. Արման Աբովյան

Պետք է համաձայնենք, որ երկրում արտակարգ իրավիճակ է, որն էլ ենթադրում է արտակարգ միջոցառումներ։ Սակայն այս օրինագիծը հում է, վատն է և այն նպատակները, որոնք հնչեցվել են, օրինագծով չեն իրականանա. այս մասին Yerkir.am-ի  հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում արդեն տապալված Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի աղմկահարույց փաթեթին։

Ըստ Արման Աբովյանի՝ միգուցե նմանատիպ մի օրինագիծ աշխատեր, երբ համաճարակը դեռևս տարածում չէր գտել։ «Մենք բազմաթիվ անգամ ընգծել ենք, որ պետք էր ի սկզբանե շատ կոշտ քայլերի գնալ, ընդհուպ մինչև անցակետերում որոշակի գործողությունների կատարում, այլ ոչ թե մարդկանց ջերմությունը չափել, թողնել, գնալ տուն», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս նախագիծը և մեխանիզմը չէր աշխատի այն ծավալով, որը նախատեսված էր, իսկ դրա համար ռեսուրս էր ծախսվել և խնդիր կլիներ տվյալների գաղտնիության հետ։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ թե՛ օրինագիծը ներկայացնող մեծամասնությունը, թե՛, ցավոք, Արդարադատության նախարարը համոզիչ չեն և չեն կարողանում մեխանիզմների կիրառման օգտակար գործողության չափանիշը ներկայացնել հանրությանը։

Նախագծի համատեղ քննարկման առաջարկ, ըստ Աբովյանի, չի եղել. «Քանզի այդ օրինագծի փիլիսոփայությունը մեզ համար անընդունելի էր, այդտեղ քննարկելու բան էլ չկար և մենք այս պարագայում չենք  մասնակցել շատ պարզ պատճառով՝ մեզ համար անընդունելի է այդ փիլիսոփայությունը։ Այո՛ պետք է փրկվեն կյանքեր, այո՛ պետք է կոշտ քայլերի գնալ, որպեսզի կարողանանք իրավիճակը վերահսկել, սակայն այդ քայլերի կոշտությունը պետք է համապատասխանի այդ քայլերի օգտակար գործակցին»։

Անդրադառնալով երեկ Տավուշի Բաղանիս գյուղի գնդակոծությանը, որի արդյունքում երկու զինծառայող և մեկ երեխա վիրավորում էին ստացել, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը նշեց, որ պետք է բոլոր մեխանիզմները կիրառել, որ կանգնեցվի ադրբեջանական և թուրքական լկտիությունը։

«Խախտելով բոլոր համամարդկային օրենքները՝ նաև չգրված, այսօր Ադրբեջանի իշխանությունները կիրառում են ամենալկտի, վատ և անմարդկային մեխանիզմ, որով փորձում են իրենց երկրի ներսում սոցիալական դժգոհությունը շեղել այս մեթոդներով։ Պետք է լինի հայկական կողմի պատասխանը բոլոր առումներով՝ դիվանագիտական, ռազմական և բացարձակապես կոշտ և ինչու ոչ անհամաչափ։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտենք՝ թուրքն ու ադրբեջանցին հասկանում են միայն բռունցքի ուժը. մինչև մռութին չստանան, չեն հասկանա», - ասաց Արման Աբովյանը։

Ինչ վերաբերում է Արցախում այսօր՝ մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրություններին, Աբովյանը նշեց, որ ադրբեջանական գործողությունները նույնպես կապված են այդ իրադարձության հետ։

«Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ ընտրությունները անցնեն ժողովրդավարական նորմերին համապատասխան։ Շատ կարևոր է միջազգային հանրության արձագանքը, բայց Արցախի ժողովուրդն ընտրությունն անում է առաջին հերթին իր համար այլ ոչ թե միջազգային հանրության արձագանքի», - եզրափակեց Ա. Աբովյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում