կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 20:32
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող ոչ ոքի չթվա, թե նոր իշխանությունն արմատապես տարբերվում է նախորդից. Հրանտ Բագրատյան

Հայաստանում հիմնական խնդիրը ներդրումների զրոյական տեսակարար կշիռն է տնտեսության մեջ, սպառվում է ՀՆԱ-ի 99 տոկոսը, և այս պարագայում սոցիալական վիճակն  անհնարին է բարելավել մոտ ապագայում. ըստ Yerkir.am-ի՝ ՀՅԴ-ի նախաձեռնած՝  ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովում նշեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիմա մի քանի թիվ ներկայացնեմ՝ աշխարհի միջինը 74.5 տոկոսն է՝ անհատական սպառումը ՀՆԱ-ի մեջ, զարգացած երկրները տատանվում են այս թվի շրջանում: Ծայրահեղ աղքատ երկրներում՝ 28 երկիր, ընդհանրապես զրո է: Հայաստանն այս երկրներին է հարում: Իսկ միջին զարգացած երկրները բաժանվում են 3 մասի: Առաջին երկրները, այդ թվում ՝ Չինաստանը, ավելի լավ վիճակում են, քան հարուստ երկրները. Չինաստանն ինչ արտադրում է, կեսը սպառում է, կեսը կուտակում: Դա ԱՄՆ-ի նախանձն է առաջացնում: Դա է՝ պիտի ներդնես, որ աճես: Երկրորդը՝ երկրների մի խումբ կա, որտեղ ՀՆԱ-ի սպառումը 80-85 տոկոս է, դրանցից են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը: Եվ կա երրորդ խումբը, մենք այնտեղ ենք. եղել է տարի, որ մեր սպառումը եղել 107 տոկոս: Մենք զգուշացրել ենք նախկին իշխանությանը, այս իշխանությունը շարունակում է»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝  շատ կարևոր խնդիր է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, որը հիմա ցածր է՝ 37 տոկոս: Տնտեսագետն առաջարկում է կառավարությանը՝ նվազագույն աշխատավարձը պահել միջին աշխատավարձի 48 տոկոսի չափով՝ 85-90 հազար՝ փորձելով թույլ չտալ մեծ բևեռացում:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Բագրատյանն առաջարկեց նախ՝ բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ դարձնել 68, երկրորդ պարտադիր կուտակայինը սահմանել 10 տարով, որից հետո մարդն, ըստ ցանկության, կարող է դուրս գալ համակարգից:

«Թող ոչ ոքի չթվա, թե նոր իշխանությունը հեղափոխություն արեց և արմատապես տարբերվում է նախորդից, այդպիսի բան չկա»,- նշեց նաև Բագրատյանը՝ հավելելով, որ  Հայաստանի նման պետությունում տնտեսական հարցերով հեղափոխական փոփոխություններ հնարավոր չեն, և այնպես էլ չէ,  որ նախորդ իշխանությունները պետության թշնամին էին. ամեն ժամանակաշրջանում պետությունը կառուցվել է ինչ-որ ձևով:

 Ի դեպ, նա նաև հանգստացրեց՝  իրավիճակը «կատաղած վատ» չէ, քիչ թե շատ մոտ ենք Վրաստանին, Ադրբեջանից հետ ենք մնում, բայց Հայաստանը երբեք այնպես չի ապրել, ինչպես հիմա,  երբ ամեն ինչ կարող է քանդվել, հատկապես՝ արտաքին ճակատում:

Տնտեսագետն առաջարկեց միմյանց նկատմամբ չթշնամանալ, այլ  կենտրոնանալ կոնկրետ խնդիրների պրոֆեսիոնալ լուծում տալու վրա:

 Տնտեսության մոդելի արմատական փոփոխության, ներկայիս իշխանության՝  բյուջեի դեֆիցիտի կրճատման, պահուստների և այլ հարցերում կոպտագույն սխալների մասին Հրանտ Բագրատյանի կարծիքը՝  yerkir.am-ի տեսանյութում: