կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 17:36
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի թիմը «կանգնում է նույն փոցխին, որին կանգնել է». Հրանտ Բագրատյան

2020 թ. բյուջեով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը նշանակում է, որ, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչև 2050 թիվը կաճի 15 անգամ, ու երբ իրեն հարցրին՝ ո՞նց, իրենց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոս, իշխանության երկրորդ տարին է, բայց տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակում`ավելի ցածր, քան նույնիսկ Կարեն Կարապետյանի օրոք. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա բացատրեց՝ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը 20 տարի է՝ ընթանում է սպառման ընդլայնման հաշվին. «Դա մոդել է, որը գալիս է 1990-ականների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պատկերացումներից՝ ցածր գնաճ, ցածր սղաճ: Սեփական մոդելը չունենալովՙ այն որդեգրել էին Տիգրան Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Ներսես Երիցյանը, Արթուր Ջավադյանը, Վարդան Արամյանը, Վահրամ Ավանիսյանը, որը ոչ մի բանի չի բերելու»:

Մոդելի էությունն այն է, որ եթե բարձրացնենք աշխատավարձերը, ցածր գնաճի պայմաններում սպառումը կընդլայնվի: Սա կարող է հիմք հանդիսանալ արտադրության աճի համար:

Հրանտ Բագրատյանն այս մոդելը սխալ է համարում, քանի որ զարգացած երկրներին միացող երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց ներդրումների հնարավոր չէ, իսկ այդ մոդելը ներդրումների հնարավորություն չի տալիս. «Ներդրումները պետք է լինեն ոնց որ, ասենք՝ տնտեսությունը աշխատում է, արտադրում է արտադրանք, այդպես էլ տնտեսությունը պետք է ներդրում արտադրի»:

Հրանտ Բագրատյանի առաջարկը ներդրումային մոդելին անցում կատարելն է, որտեղ բոլորովին այլ չափորոշիչներ են. «Այն ենթադրում է բոլոր ինստիտուտների փոփոխություն, հատկապես՝ ֆինանսական բլոկի, հատկապես՝ կապված արժեթղթերի շուկայի հետ, հատկապես՝ կապված Կենտրոնական բանկի հետ: ԿԲ-ն պիտի անընդհատ արժեզրկի դրամը, ստերիլիզացնի տրանսֆերտների մի մասը, ստեղծի հսկայական միլիարդանոց ֆոնդեր, և այդ ֆոնդերով երկիրը պիտի սկսի կառուցվել: Երկիրը, որպես կանոն, չի կառուցվում»:

Նոր իշխանությունները ներդրումային մոդելին անցում չեն կատարում քանի որ, Բագրատյանի համոզմամբ, վարչապետը չի հասկանում և թիմ չունի. «Եթե թիմ էլ ունեն, այդ թիմի մեջ գաղափար չկա, բավականաչափ ինտելեկտ չկա, որպեսզի ասեն՝ ա՛յ սա է պետք անել: Իրենք կանգնում են նույն փոցխին, որին կանգնել են»:

Խնդիրը Փաշինյանի  գլխի մեջ է՝ արձանագրում է Հրանտ Բագրատյանը. «Որովհետև, ասենք, դուք ունեք 500 դոլար, ո՞նց եք ներդնելու: Ինքը ասում է, էլի, առանց մտածելու՝ բորսա կա՞, որ գնաք մի հատ բաժնետոմս առնեք: Չկա, փակ են ընկերությունները»:  

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում: