կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 13:28
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 տոկոսը տաս ինձ՝ մնացածը քեզ․ Սերգեյ Բագրատյանը մեխանիզմ է նշում՝ ինչպես է արտադրողը գերի ընկնում գնումների մրցույթը հաղթած միջնորդի ձեռքը

Գնումների գործընթացում գործող օրենսդրությունը չի բավարարում տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումներին։

Նա ներկայացրեց գնումները մենաշնորհելու մեխանիզմը․ «Երբ որոշում են, որ Պողոսը պիտի բերի այս բաժակը, ասում են՝ գնա Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվիր այս բաժակը բերելու համար։ Սա գնում՝ պայմանավորվում է, հետո մրցույթի չափորոշիչների մեջ գրում են, որ 10 սմ բարձրություն ունենա, տրամագիծը այսքան լինի, մակերեսը, թափանցիկության աստիճանը, հլա մի հատ էլ ասում են՝ անուն-ազգանունն էլ վրան գրիր, որ հայտարարենք մրցույթ հենց այդպիսի։ Այսինքն, սա էսկլյուզիվ պայմանագիր էր կնքում, որ ՀՀ ներկրելու իրավունք ունի միայն X կազմակերպությունը»։

Մրցույթի բոլոր պայմանները դրվում են տվյալ բաժակին ամբողջովին համահունչ, որից հետո մրցույթ է հայտարարվում։ Բնականաբար, եթե որևէ մեկը ցանկանում է պայմանագիր կնքել, ասում են՝ այս կազմակերպությունը էքսկլյուզիվ պայմանագիր ունի, բնականաբար հաղթում է նա, ում նախատեսել են։

«Այս ընթացակարգերով մրցույթները մեր տնտեսությունը բերեցին այս վիճակին, մոնոպոլիզացվեցին բոլոր ապրանքային շուկաները, 20 հազար ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։

Նա մի օրենսդրական ծուղակ մատնանշեց, որով «հարցերը լուծվում են»․ Գնումների մասին օրենսգրքի հոդված 25-ի 2-րդ կետում նշված է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով՝ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է։

«Ծիծաղելի ձևակերպում․ ցանկացած գնում սրա տակ կարելի է անցկացնել։ Եթե ես ուզում եմ Պողոսը գնի կամ Պետրոսը գնի, ես մի մրցույթ եմ հայտարարում, որում բնականաբար հաղթող ճանաչված չի լինում, հետո ասում եմ՝ ժամկետ չունեմ, անհետաձգելի պահանջ ունեմ, միայն կարող եմ այս ընկերությունից գնել։ Եվ օրենքի ոչ մի խախտում չկա։ Մեր ներկա գործընթացում սա շատ լավ կիրառվում է, որովհետև շատերին դուր է եղել»,-ասաց պատգամավորը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ չի տեսել տեղական արտադրողի մասնակցության խրախուսում որևէ մրցույթում որևէ կարգի․ «Արտադրողի համար խթան է, երբ իր ապրանքը երաշխավորված գնվելու է»։

Մրցույթի հաղթողը կեղծ է՝ հայտարարեց Սերգեյ Բագրատյանը․ «Բոլորս գիտենք, որ մրցույթում հաղթում է մի կազմակերպություն, հետո այդ կազմակերպությունը գնում է, իսկական կազմակերպության հետ պայմանագիր է կնքում, ասում է ընկեր՝ կգա՞ս էս գործը անես։ Էս մարդը, որ այդ ապրանք արտադրողն է, ստիպված գերի է դառնում այդ միջնորդ կազմակերպությանը, որը ոչ մի բան չունի, միայն մի հատ անձնագիր ունի և մի ընկեր՝ գնումնեիրի գործակալությունում։ Այս մրցույթում հաղթել է և սկսում է բանակցել արտադրողի հետ՝ 10 տոկոս կտաս ինձ, մնացածը տամ քեզ, 30 տոկոս կտաս․․․ արտադրող մարդ է, մտածում է՝ մի ձևի ապրանքը վաճառի, նույնիսկ վնասով պատրաստ է որոշակի վաճառք անել»։

Չի կարելի հաղթող ճանաչել ցածր գին դնողին, դա ծիծաղելի բան է՝ ասաց նա։ Սերգեյ Բագրատյանի դիրքորոշումն է, որ երբ հաշվում ես՝ անհնար 5 դոլարից ներքև կոնկրետ ապրանքը կամ ծառայությունը գնել, ուրեմն 1 դոլար առաջարկողը ավանտյուրիստ է։ Նա համոզված է, որ եթե մի կազմակերպություն դրել է 1 դոլար, մյուսը՝ 10 դոլար, ճիշտ կլինի, որ միջին գնին մոտ դնողը հաղթի՝ 4 կամ 6 դրամ։

Պատգամավորը կարևոր համարեց ստարտափերի խարխուսումը․ «Կան փոքր գնումներ, որոնք հետաքրքիր չեն մեծ խաղացողներին։ Բայց երբևէ մտածե՞լ ենք ստարտափերին խրախուսել, տրամադրել հնարավորություն, քանի որ փոքր շահույթը նրանց ձեռնտու կլինի։ Ստարտափերի մեխանիզմը համակարգերի հետ պետք է կապենք»։

Բողոքարկման անիմաստությունն էլ նա համարեց հաջորդ առանցքային բացը։

«Ո՞ւմ ես բողոքում․ ում բողոքում ես, վաղուց բողոքել ես արդեն։ Ես չգիտեմ մի դատարան, որը, ասենք, Պաշտպանության նախարարության դեմ կհանդգնի որոշում կայացնել՝ մինչև այսօր։ Մինչև հիմա էլ որևէ քաղաքացի կամ ընկերություն ի վիճակի չէ հզոր պետական կառույցին դատի տալ ու հաղթել։ Բայցի այն, որ ընդհատել են քեզ հետ համագործակցությունը, մի հատ էլ ստիպված հսկայական տուգանք կվճարես»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․