կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-22 16:01
Իրավական

Շիրակի մարզպետը ապօրինի ազատել է դպրոցի տնօրենի մրցույթը հաղթած դաշնակցականին

Շիրակի մարզպետը ապօրինի ազատել է դպրոցի տնօրենի մրցույթը հաղթած դաշնակցականին

Այս տարվա ապրիլի 13-ին Գյումրու համար 41 հիմնական դպրոցում կայացել է տնօրենի թափուր տեղի մրցույթ, հաղթել է դպրոցի 24 տարվա ուսուցչուհի Արմինե Գեւորգյանը։ Նա հավաքել է 5, մրցակիցը՝ 3 միավոր։ 

«Այդ գործընթացից հետո մարզպետը 15-օրյա ժամկետում ինձ հետ պետք է կնքեր աշխատանքային պայմանագիր։ Ձգձգվելու պատճառով գրավոր դիմեցի մարզպետին, որ խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ հիմունքներով ինձ հետ չի կնքվում աշխատանքային պայմանագիր։ Չպատասխանեց ոչինչ, նույնիսկ չարձագանքեց գրությանը։ Դրանից երեւի 10 օր հետո կառավարման խորհրդի նախագահը գրություն ուղարկեց։ Նրան եւս ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չեն պատասխանել։ Այցելեցինք մարզպետարան, ուզեցինք հանդիպել մարզպետի հետ, ընդունելություն չեղավ, մեզ պատասխանեցին, որ մարզպետը կորոնավիրուսի պայմաններում ընդունելություն չունի, գնացեք փոխմարզպետի մոտ։ Իրիկունը կայքերից եւ հեռուստատեսությունից իմացա, որ մարզպետը երեկոյան ընդունել է էկոնոմիկայի նախարարին, իսկ երեկոյան զբոսնում էր հրապարակում՝ առանց դիմակի՝ կորոնավիրուսային պայմաններում, մարդաշատ վայրում»,-Yerkir.am-ին ասաց Արմինե Գեւորգյանը։

Նա նշեց, որ մարզպետարանից իմացել են՝ իբր եղել է ընթացակարգային խախտում, բայց թե ինչ խախտում է եղել, տնօրեն Գեւորգյանին ոչ ոք ոչինչ չի ասել։ Որոշ ժամանակ հետո, այնուամենայնիվ, Արմինե Գեւորգյանը դպրոցի տնօրենի՝ տնտեսական գծով տեղակալի եւ կառավարման խորհրդի նախագահի հետ գնացել է մարզպետարանի կրթության վարչություն՝ նորից պատասխան ստանալու ակնկալիքով։

«Մեզ ասացին, որ, այո, կա ընթակարգային խախտում, բայց երեւի այն երեւելի ազդեցություն չի ունենա, Դուք հաղթող կողմն եք, հանգիստ նստեք, Ձեր հրամանը կգա, կնշանակվեք։ Մայիսի 17-ին եկավ իմ որոշումը, եւ ես նշանակվեցի տնօրեն։ Էդ ընթացքում տեսչական ստուգումներ եղան, բարեփոխումներ կատարեցինք դպրոցում։ Ուսումնական պրոցեսն ավարտվելուց հետո՝ հուլիսի 10-ին, ուսուցիչներն ու փոխտնօրենները գնացին հանգստի։ Մտածեցի, որ իրենց վերադարձից հետո ես 7 օրով կգնամ արձակուրդ։ Գրությունն ուղարկեցի մարզպետին, ինձ պատասխանեցին՝ Դուք չեք կարող գնալ արձակուրդ, քանի որ խնդիր ունեք։ Ասացին իրավասու չենք, չենք կարող ասել, հետո կասեն՝ ինչ խնդիր է»,-Yerkir.am-ին ասաց Արմինե Գեւորգյանը։

Զանգից մի քանի ժամ հետո նորընտիր տնօրենին նորից են զանգել, հայտնել՝ կա որոշում, որով նա ազատված է աշխատանքից։ Նրան ասել են, որ եղել է կարգի խախտում եւ հրավիրել՝ որոշումը վերցնելու։ Հետո նորից զանգել զգուշացրել են, որ որոշումն իրենք կբերեն դպրոց։ Նախօրոք ծանուցում չի եղել։

«Դպրոցում դիմավորեցի լիազոր մարմնի 4 ներկայացուցչի։ Եկան, թեժ խոսակցություններ, արդեն ուսուցիչների մի մասն իմացել էր։ Իհարկե ես որոշումը չստորագրեցի, շատ կապիտ էր լիազոր մարմնի ներկայացուցիչը, կարծեմ մարզպետի խորհրդական Լեւոն Անանյանը, հեգնանքով, ծիծաղով, ծաղրանքով, կնիքը տվեք, հրամանագիրքը տվեք, ասեցի ես իրավասու չեմ ձեզ տալու, երբ որ պաշտոնակատար կնշանակվի, ընդունման-հանձնման ակտով ես դա կտամ։ Ասացին մենք կարձանագրենք, ասեցի արձանագրեք ինչ կուզեք։ Հրամանագրքի վերջին 3 էջերը իրենք պատճենեցին, որ ես հրաման չտամ, թեժացավ խոսակցությունը, մենք ասացինք եթե կար ընթացակարգային խախտում, «ապրիլին եք իմացել, էդ պահին կանգնեցնեիք մրցույթը։ Լեւոն Անանյանը դուրս եկավ պատշգամբ, կապվեց, երեւի թե, ծանոթ-բարեկամական շրջանակների հետ, թե էստեղ բոյկոտում են։ Էդ ընթացքում մենք հետեւում ենք մարզպետարանի կայքին, ու մի 10-15 րոպե հետո կախվում է որոշում՝ մայիսի 14-ի որոշումը կախվում է հուլիսի 19-ին, այսինքն՝ հետին թվով, որ, ԿԳՄՍ նախարարի եզրակացությամբ, ապրիլի 13-ի մրցույթը համարել չեղյալ։ Անգործությամբ զբաղված, ոլորտին չտիրապետող մարզպետը չի տիրապետում իր իրավասություններին, օրենքներին եւ կարգին։ Մայիսի 6-ին դիմում է ԿԳՄՍ նախարարին, որ պահանջում է հանձնաժողով՝ քննելու մրցույթի կարգը, հանձնաժողովի իրավասության մեջ մտնում է, որ դպրոցից պետք է ներկայացուցիչ լինի այդ հանձնաժողովում, թեպետ դպրոցից ներկայացուցիչ չկար, իրենք իրենց շրջանակով դնում քննում-որոշում են, որ կա ընթացակարգային խախտում։ Կառավարման խորհրդի թիվ 36 արձանագրության եւ ԿԳՄՍ  նախարարության դրական որոշման շնորհիվ եմ ճանաչվել հաղթող»,-հայտնեց Արմինե Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ մարզպետարանը շրջանցել է այդ կարեւոր փաստաթղթերը․ նախարարի որոշումը իրենք փոխում են, համարում չեղյալ։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշումով, առանց ծանուցվելու, Գեւորգյանը հուլիսի 19-ին ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից։ 

«Փաստորեն այսօրվա իշխանությունը կարող է ցանկացած պահի բացել դուռն ու ասել ազատված եք աշխատանքից։ Չամ բացառում, որ սրա հետեւում քաղաքական պատճառներ են․ ես ՀՅԴ անդամ եմ 16 տարի է, դպրոցում չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, դպրոցը չեմ քաղաքականացնում։ Այստեղ, որտեղ աշխատում եմ 24 տարի, գործընկերներիցս, ընկերներիցս շատերը չգիտեին, որ ես կուսակցական եմ։ Ես էս ամեն ինչի դեմ օրենքի դաշտում պայքարելու եմ։  Ուսուցիչները իմանալով, որ էսպիսի բան է եղել, գնացել են մարզպետի հետ հանդիպման, խոստացել է ընդունել, բայց հետո կրթության վարչության պետի հետ են հանդիպել, նա ասել էր՝ «բողոք կա՞»։ Եթե բողոք կա, բողոքարկման հիմքում կա՛մ մրցույթը չեղյալ է համարվում, կա՛մ դադարեցվում է, որ դրդապատճառն ուսումնասիրվի, ստեղծվում է բողոքարկման հանձնաժողով, եւ ինձ հետաքրքիր է՝ այդ հանձնաժողովում ովքեր են ներառված եղել։ Կառավարման խորհրդի ներկայացուցիչներից ոչինչ չեն հարցրել՝ ի՞նչ է եղել, ո՞վ է բողոքել։ Մրցույթի ժամանակ ավելի շատ ինձ են հարցախույզ արել, քան մրցակցիս։ Հետեւելով մարզպետերանի կայքին՝ մենք նկատեցինք, որ մարզի ոչ մի դպրոցում կառավարման խորհուրդները չեն ձեւավորվել, բացառությամբ՝ մեր դպրոցի։ Հետեւաբար կա միտում, որ մարզպետարանը պատրաստվում է նոր մրցույթ հայտարարել»,-Yerkir.am-ին ասաց Արմինե Գեւորգյանը։

Նա հայտնեց նաեւ, որ խախտվել է Հանրակրթության մասին օրենքը․ ռազմական դրության եւ արձակուրդի շրջանում տնօրենին պաշտոնից ազատելն արգելվում է։