կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 16:38
Քաղաքական

Վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. Գեղամ Նազարյան

Վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. Գեղամ Նազարյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը և Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանն անդադար, թե՛  ռազմական սադրանքների, թե՛ տեղային մարտերի, թե՛ դիվանագիտական ու  հոգեբանական ճնշումների միջոցով, շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թույլ իշխանությունների վրա՝ փորձելով համաձայնագրով հասնել նրան, ինչին ուզում են: Իսկ նրանք, Գ. Նազարյանի խոսքով, ոչ թե ճանապարհ են ուզում, այլ տարածք, որը կանցնի իրենց ամբողջական վերահսկողության ներքո, որից հետո Սյունիքն ամբողջովին կկտրվի ՀՀ մյուս հատվածներից:

«Նրանք գտել են թույլ տեղը, այն մարմինը, որին պետք է ճնշել, այսինքն՝ Հայաստանի գործող ղեկավարներին, որովհետև հաճախ եմ ասել, երբ որ գործ ունենք պարտության դեմքի հետ։ Այդ ճնշումները, պարտությունը շարունակական է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Գ. Նազարյանի՝ այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սյունիքը հայտնվի  թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, բայց պետք է հաշվի առնել, որ գործ ունենք երկու նենգ, ցինիկ թշնամիների հետ, գործ ունենք Հայաստանում մի իշխանության հետ,  որը վախկոտ է:

«Մեր խմբակցությունը երեկվանից անդադար աշխատանքների մեջ է, հանդիպումներ է ունենում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ղեկավարության հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել։ Խմբակցության անդամներից ոմանք գտնվում են նաև Սյունիքում»,- հայտնեց Նազարյանը:

Ըստ նրա՝ վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. «Ես այդ տղաներին չեմ մեղադրում, քանի որ տեղյակ չենք, թե ինչ հրամաններ են տալիս»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ Հայաստանը դեռ պատերազմի ու պարտության մեջ է, և դրա թիվ մեկ  պատասխանատուն իշխանությունն է, որը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տալու համարձակություն չունեցավ, այսօր էլ չունի այդ համարձակությունը, որովհետև առաջնորդվում է  ոչ թե պետության, ազգի, ժողովրդի շահով, այլ միայն իր անձնական անվտանգությունից ելնելով է որոշումներ կայացնում, այսինքն՝ մտածում է՝ եթե հրաժարական տա, բա ինչ է լինելու իր հետ: