կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 18:07
Աշխարհ

Խոշոր խաղ է պետք խաղալ, ինչպես Էրդողանը, այլապես կպարտվենք. Բաղդասարովն առաջարկում է համագործակցել քրդերի հետ

Խոշոր խաղ է պետք խաղալ, ինչպես Էրդողանը, այլապես կպարտվենք. Բաղդասարովն առաջարկում է համագործակցել քրդերի հետ

Երեկ՝ փետրվարի 19-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական գործողությունն Իդլիբում անխուսափելի է, որ ինքը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանափակել Թուրքիայի ներկայությունը սահմանային գոտում՝ Իդլիբից հյուսիս մինչև 16 կմ:

«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, Իդլիբում չանեն այն, ինչ պետք է, ապա մենք ինքներս դա կանենք: Քանի դեռ մենք չենք ստացել բանակցությունների արդյունքները, որոնք կբավարարեն մեզ, մենք ամբողջապես պատրաստ ենք սեփական ռազմական օպերացիա սկսել Իդլիբում»,- ասել է նա:

Էրդողանի հայտարարությունից մեկ ժամ անց Ռուսաստանի ղեկավարությունն առաջարկել է շարունակել բանակցություններն Անկարայի հետ, որպեսզի Իդլիբում իրավիճակը չվատթարանա, քանի որ «թուրքական ռազմական գործողության իրականացումը վատագույն սցենարն է»:

Իդլիբում արդեն տեղակայված է թուրքական բանակի 7 հազար զինծառայող և 2 հազարից ավելի միավոր զրահատեխնիկա. ըստ yerkir.am-ի՝ pravda.ru-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

«Էրդողանը պատրաստ է սկսել: Պատրա՞ստ ենք մենք, արդյոք. սա ամենահետաքրքիր հարցն է: Կարծում եմ՝ Թուրքիայի հետ «կոկետություն» անելը սխալ էր: Համարում եմ, որ թուրքական ուղղությամբ զբաղված բոլոր մարդիկ պետք է հեռացվեն պաշտոններից: Դա լիակատար ձախողում է»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ որպեսզի Ռուսաստանը չխրվի այդ ամենի մեջ, հարկավոր է հնարավորություն տալ Սիրիայի ղեկավարությանը՝ շատ արագ համաձայնության գալ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճյուղ՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որի զինված թևը (YPG) մարտնչում է Սիրիայում, և առանձին կորպուս ձևավորել: «Դա կտրուկ կմեծացնի սիրիական բանակի մարտունակությունը: Իսկ մենք պետք է օգնենք տեխնիկայով»,- ասել է Բաղդասարովը:

Ըստ նրա՝ եթե Էրդողանը բացեիբաց միջամտում է ներսիրիական պայքարին, Սիրիան նույնպես կարող է միջամտել ներթուրքական օրակարգին՝ աջակցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, տարատեսակ մարքսիստ-լենինյան խմբավորումներին, նաև հայտնել, որ հավակնություններ ունի 1939-ին իրենց խլված Ալեքսանդրետի սանջակի նկատմամբ:

 «Խոշոր խաղ է պետք խաղալ, ինչպես Էրդողանը, այլապես կպարտվենք»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը: