կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 13:21
Քաղաքական

Պետք է համագործակցել քրդերի հետ

Պետք է համագործակցել քրդերի հետ

Միջին Արեւելքի համար սկսվում է նոր ժամանակաշրջան, եւ հայ-թուրքական հարաբերությունները հարկավոր է դիտարկել այդ համատեքստում. լրագրողներին այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա հիշեցրեց անցած դարի 90-ականները, երբ որակական փոփոխություներ եղան` նոր երկրներ ստեղծվեցին, երկրներ վերացան եւ այլն:

 

«Այն, ինչ այսօր կատարվում է Մերձավոր ու Միջին Արեւելքում, մասնավորապես` Թուրքիայում, այն փոքր փոփոխություններն են, որ բերելու են մեծ փոփոխությունների»,- նշեց Արա Պապյանը:

 

Նրա հավաստմամբ` ներկայումս պետականազուրկ շատ ժողովուրդներ պետք է էական ազդեցություն ունենան այդ փոփոխությունների վրա: Մասնավորապես` Միջին Արեւելքում էական կդառնա քրդական գործոնը: Պապյանը համոզված է, որ քրդական հարցի հետ սերտորեն կապված է նաեւ հայկական հարցը: Քրդական հարցը, ըստ նրա, պետք է լուծվի, քանի որ հնարավոր չէ այդ բազմամիլիոնանոց ժողովրդի հարցերն անտեսել: Իսկ քրդական հարցի լուծման միակ միջազգային փաստաթուղթը Սեւրի պայմանագիրն է, որի մասին Պապյանը շատ է խոսել:

 

«Ինչպես 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարասկզբին էր հայկական հարցը միջազգայնացել` անկախ մեզանից, նույնն էլ հիմա է: Հայ-թուրքական հարաբերությունները, իրենց դրսեւորմամբ լինելով երկկողմ հարաբերություններ, իրենց էությամբ երկկողմ հարաբերություններ չեն, այստեղ աշխարհի հզոր ժողովուրդների հարաբերություններն էլ են շաղկապված»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դա մեծապես կապված է այն փաստի հետ, որ Թուրքիան օրեցօր հզորանում է եւ փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել:

 

Սակայն ոչ ոքի ձեռնտու չէ, որ Թուրքիան ինքնուրույն խաղացող դառնա, ուստի գերտերությունների համար գլխավոր նպատակ է դառնում Թուրքիային կառավարելի դարձնելը: Այդ դեպքում պարզապես հնարավոր չէ անտեսել քրդական եւ հայկական հարցերի կարեւորությունը, որը կախված չէ մեր ցանկությունից:

Արա Պապյանը հղում կատարեց ամերիկյան մի կազմակերպության հրապարակման, որը ԱՄՆ պետական պատվերներ է կատարում եւ լուրջ կապեր ունի ԿՀՎ-ի հետ, նա նշեց, որ այդ կազմակերպությունը վերջերս հրապարակեց համաշխարհային միտումները 2030 թվականին, որում նշվում է, թե առաջիկա քսանամյակում քրդական պետություն կստեղծվի, եւ հնարավոր է` Թուրքիան կորցնի ամբողջականությունը:

 

«ՔԲԿ նկրտումները ենթադրում են մեծ Քրդստան, որը ներառում է նաեւ Արեւմտյան Հայաստանի մի զգալի հատվածը: Սրա համար մենք պետք է թեկուզ ոչ պետական` հանրային մակարդակով քրդերի հետ ավելի սերտ համագործակցենք եւ հստակորեն մեր իրավունքները բարձրաձայնենք ու հասկացնենք, որ այդ տարածքները մեզ համար կենսական նշանակություն ունեն»,- նշեց Արա Պապյանը:

 

Նրա համոզմամբ` եթե մենք քրդերին առաջարկենք, որ պետք է թողնեն այս տարածքներն ու գնան, ապա նրանք չեն համաձայնի, իսկ եթե մենք առաջարկենք, որ այս տարածքները կարող ենք միասին կառավարել եւ օգտագործել, այսինքն` առաջարկենք այդ տարածքում ստեղծել մի կտոր Եվրամիություն, ապա ծրագիրը կարող է նաեւ իրագործվել: Որովհետեւ քրդերը լավ են հասկանում, որ հայերի հետ փոխկապակցված շահերն ավելի կարեւոր են: